HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մկնիկի մեկ հարվածով հայկական հեքիաթները հասանելի են դառնում համացանցում

Հայկական հեքիաթները մեկ հավաքածուով արդեն հասանելի են համացանցում: 2 օր առաջ այս նախաձեռնությունն է ներկայացրել Հայկական գիտական համագործակցությունը (ArmScoop): «Հետքի» հարցերին պատասխանում է այդ նախաձեռնության հեղինակներից, Սանկտ Պետերբուրգի համալսարանի ասպիրանտ, արևելագետ Վարուժան Գեղամյանը:

-Ո՞ւմ գաղափարն էր նախաձեռնությունն էր հայկական հեքիաթները համացանցում հասանելի դարձնելը:

-Գաղափարը ծնվել է դեռ երեք տարի առաջ, երբ ես փորձեցի զարմիկիս համար հայկական հեքիաթներ գտնել, որպեսզի ծնողները նրան պատմեն դրանք։ Արդյունքում համացանցում զանազան տեղերում տեղադրված փոքրաթիվ հայկական և արտասահմանյան հեքիաթների հղումների բավական մեծ հավաքածու ստացվեց, որը տեղադրեցի անձնական բլոգումս՝ բոլորին հասանելի դարձնելու ակնկալիքով։ Այս տարի դա ավելի հարստացրեցինք և խմբագրեցինք Հայկական գիտական համագործակցության մեր թիմով, ու ստացվեց բավական ամբողջական հավաքածու։

Քանի որ մինչ հիմա հեքիաթները տեղադրված էին ամենազանազան կայքերում ու էջերում, շատ դժվար էր սովորական օգտատիրոջը գտնել դրանք։ Օրինակ՝ երեխային քնեցնել պատրաստվող մայրը դժվար թե ունենար այնքան ժամանակ, որ կարողանար ցանցում երկար փնտրել ու գտնել, ասենք, ՀՀ ԳԱԱ հրատարակած «Հայ ժողովրդական հեքիաթներ» կոթողային աշխատությունը (15 հատոր) ու դա ընթերցել իր երեխային։ Ուստի անհրաժեշտություն կար բազմաթիվ ու իրար հետ չկապակցված հնարավոր աղբյուրներից հավաքել ու մեկ տեղում տեղադրել էլեկտրոնային ձևաչափով եղած հեքիաթները։ Դատելով երկու օրերի մի քանի տասնյակ արձագանքներից ու հազարավոր այցելություններից՝ հեքիաթները պահանջված են։ Միևնույն ժամանակ նշեմ, որ այս պահին աշխատանքներ ենք տանում Հայկական գիտական համագործակցության կայքում այս ու այլ գիտական հրատարակությունները մեկ ընդհանրական ձևաչափով տեղադրելու համար:

-Ի՞նչ սկզբունքով եք հեքիաթների ընտրությունը կատարել:

-Մենք հավաքել են ցանցում էլեկտրոնային ձևաչափով տեղադրված բոլոր հնարավոր հայակական հեքիաթները։ Որպես այդպիսին ընտրության հարց կանգնած չի եղել, քանի որ փորձել ենք առավելագույն քանակությամբ հավաքել հայկական հեքիաթներ և դրանք էլ ներկայացնում ենք համապատասխան հղումներով ու մեկնաբանություններով։

-Վարուժան, հատկանշական է, որ տոնական օրերին հայտնեցիք հեքիաթների` համացանցում հասանելիության մասին: Պատահակա՞ն էր դա, թե՞ կանխավ մտածված էր:

-Տարածել ենք ըստ մեր թիմի աշխատանքային ծրագրերի առաջնահերթության, փաստորեն համընկավ տոների հետ։ Մյուս կողմից էլ, կարծում եմ, որ դա այդքան էլ կարևոր չէ ընթերցողի համար։ Առավել կարևոր է, որ մարդիկ կարդան, շատ կարդան։ Կարդան ոչ թե հիմարություններ, այլ, օրինակ, ժողովրդական հեքիաթներ, որոնց մեջ կա դաստիարակչական կարևոր բաղադրիչ։ Անշուշտ, հեքիաթները միայն երեխաների համար չեն արդիական ու անհրաժեշտ։ Դրանցից շատերը պարզապես մեր ազգի պատմության, բանահյուսության ու ազգագրության մասին անգին աղբյուրներ են, որոնց քաջատեղյակ լինելը անչափ օգտակար կլինի նաև մեծահասակներին։ Պատկերացրեք, որ մարդիկ օրվա ընթացքում իրենց դիտած մեծամասամբ ցածրորակ սերիալներների ու ֆիլմերի փոխարեն քսան րոպե ընթերցեին որևէ գիրք։ Որչափ այլ պատկեր կունենայինք այսօր։

-Իսկ ինչպիսի՞ն է այսօր պատկերը, հաճախ ենք լսում այնպիսի կարծիքներ, որ գիրք կարդալու մշակույթ չկա մեր երկրում: Համամի՞տ եք նման ձևակերպմանը:

-Մասամբ։ Պահպանվել են այդ մշակույթի փշրանքները, բայց որոնք անգին են, ու դրանց հիման վրա կարելի է կառուցել նորը։ Իսկ դրա համար հաճախ նվազագույն ջանքերն ու ցանկությունն է պետք։ Դիցուք՝ հեքիաթների դեպքում. զարմիկիս ծնողները կենցաղային հարցերով ծանրաբեռնվածության պատճառով ժամանակ չունեն գնալ գրադարան ու երեխաների համար հեքիաթների գրքեր վերցնել։ Արդյունքում զարմիկս գրքի արժեքին գրեթե ծանոթ չէ, չի տեսնում գիրք իր ծնողների ձեռքին ու ոչ մի կերպ չի կապվում գրքի հետ։ Մեր աննշան ու մեծ ջանք չպահանջող հավաքածուն այժմ մկնիկի մեկ հարվածով հասանելի է դարձնում հեքիաթների մի ամբողջ պաշար, ու զարմիկս հիմա մեծ հաճույքով լսում է հայկական հեքիաթներ կամ կարդում դրանք։

Ասել կուզեմ, որ այդ մշակույթը պետք է փոքրուց սերմանել մարդու մեջ՝ ցույց տալով, որ գիրքը կարևոր է, դա միայն դասագիրք չէ, որ պետք է ձանձրանալով որևէ բան սերտել, այլ շատ և շատ աշխարհների բանալի։ Էլ չասեմ, որ գիրքը հրաշալի միջոց է ժամանակ անց կացնելու, որի մասին, սակայն, շատերը նույնիսկ գլխի չեն ընկնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter