HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նոր Տարին դիմավորեցի երկու ոտքով, փառք Աստծո»

Անցած հոկտեմբերին «Հետքը» գրել էր բանակում 45 օր ծառայած ու առողջական բարդ խնդիրների պատճառով զինծառայությունից վաղաժամ ազատված 19-ամյա Մայիս Գեղամյանի մասին: «Զինվորի ոտքը կտրել են. նա դիմում է մարդկանց» հրապարակում-տեսանյութին արձագանքեցին պետական համապատասխան կառույցները, կազմակերպություններ, քաղաքացիներ՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Մայիսին:

«Հետքն» այս ընթացքում հետևել է Մայիս Գեղամյանի բուժմանը, հետազոտությունների արդյունքներին:

«Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիոթերապիայի բաժանմունքի վարիչ, քիմիոթերապևտ-օնկոլոգ Լևոն Բադալյանը, ով նաև Մայիսի բժիշկն է, մեզ հետ զրույցում ուրախալի լուր ասաց. «Մայիս Գեղամյանի մոտ շատ բարդ հիվանդություն է՝ մետաստազներով սարկոմա: Նա ստացել է քիմիոթերապիայի 5 կուրս և ԿՏ հետազոտություն անցել 2 անգամ: Գրանցվել է դրական դինամիկա. թոքերում գտնվող մետաստազների մի մասը վերացել է, մյուս մասը՝ զգալի փոքրացել: Շուտով հուսով ենք, որ մետաստազները լիովին կվերանան: Սակայն բուժման կուրսը պետք է շարունակենք, քիմիոթերապիայի բազմակի կուրսեր դեռ պետք է անցնենք անգամ մետաստազները վերանալուց հետո»,- ասաց Լևոն Բադալյանը՝ նշելով, որ արտերկրում բուժումը շարունակելու անհրաժեշտություն դեռ չի տեսնում՝ հաշվի առնելով տեղում կատարված բուժման արդյունքները, դրական դինամիկան:

Մենք զրուցեցինք նաև Մայիս Գեղամյանի հետ, ով ուրախությամբ պատմեց, որ Ամանորը երկու ոտքով է դիմավորել: «Երևանի գերմանական պրոթեզարանում Մկրտիչ Գինոսյանն ինձ համար պրոթեզ պատրաստեց: Այնպես, որ Նոր Տարին դիմավորեցի երկու ոտքով, փառք Աստծո: Այս ընթացքում այնքան բարի մարդիկ են արձագանքել, որ բոլորին անուն առ անուն չեմ կարող թվել: Նաև նոր ընկերներ եմ ձեռքբերել: Մանկական լեզվով ասած՝ ամպի չափ շնորհակալ եմ մարդկանց, ովքեր անտարբեր չանցան: Չեմ մոռացել նաև իմ նպատակի մասին: Երբ լավանամ, ընդունվելու եմ ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Մայիս Գեղամյանը:  

Մայիս Գեղամյանի մայրը՝ տիկին Գայանեն, մեզ փոխանցեց, որ այս ընթացքում որդուն աջակցել են մեծ թվով մարդիկ, նաև «Նվիրիր կյանք» հիմնադրամը՝ պատրաստակամություն հայտնելով արտերկրում բուժումը շարունակելու անհրաժեշտության դեպքում ևս օգնել:

«Հետքը» զրուցեց նաև Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով փոխանցեց, որ ինչպես և ամիսներ առաջ արձագանքել էին, նախարարությունը Մայիս Գեղամյանի ընտանիքին օգնելու է քիմիոթերապիայի կուրսերի ընթացքում:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, Մայիս Գեղամյանը զորակոչվել է զինծառայության 2013թ. հուլիսի 15-ին, սակայն, ինչպես ինքն է ասում, հասցրել է ծառայել ընդամենը 45 օր: Ֆիզիկապես առողջ երիտասարդի համար, ով ծառայության էր անցնել ԼՂՀ Մարտունի 2-ում, ծառայության 4-րդ օրը դարձել է ճակատագրական. 100 մետրանոց թռիչք-վազքի ժամանակ ընկել է ու շատ ուժեղ վնասել աջ ոտքի ծունկը: Վերքը լավացել է, բայց շաբաթներ անց ծնկի շրջանում ցավերը գնալով ուժեղացել են, սակայն որևէ  հետազոտություն չի անցել: Մուրացանի հոսպիտալում չեն հասկացել, թե խնդիրը որն է, չեն հասկացել նաև Կանազի զինվորական հոսպիտալում: Մայիսին ուղեգրել են Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն (Ռենտգեն ինստիտուտ), որտեղ կատարվել է բիոպսիա ու պարզվել, որ ծնկի նախկին վնասվածքի տեղում առաջացել է չարորակ ուռուցք (օստեոգեն սարկոմա): Գտնվելով ծայրահեղ վիճակում (ընդհուպ թոքերում մետաստազների առկայություն)` տղայի աջ ոտքը Ռենտգեն ինստիտուտում ամպուտացվել է:

Հ. Գ. Զինվորին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել Մայիս Գեղամյանի հոր` Պետրոս Գեղամյանի անունով «ՎՏԲ-Հայաստան» բանկում բացված հաշվեհամարին

AMD-16004103765804
USD- 16004103765805
EUR- 16004103765806
RUR- 16004103765807 

Մեկնաբանություններ (4)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վերջապես մի լավ լուր: ՀԳ. Լավ է,որ «Հետքը» անդրադառնում է նախորդ հոդվածների/դեպքերի արդյունքին:
Հովսեփ
Հարգելի Լուսինե, պաշտոնյաները հատուկ կաստա են: Դրանք ոչ սիրտ ու ոչ հոգի ունեն: Համենայն դեպս, դրանց մեծամասնությունը:
Լուսինե
Հետքի պես սրտացավ էլի մի երկու լրատվամիջոց լիներ ․․․աշխարհը շուռ կտայինք, պաշտոնյանի սրտի սառույցն էլ կկոտրեինք
Մարտիկ
Մենք տեսնում ենք, որ լավ լրագրողի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ կարելի է գործնական օգնություն ցույց տալ մարդուն։ Թող այս երիտասարդը լիովին ապաքինվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter