HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքագետ. «Ֆրանսիան ինքն իրեն խեղդել է լիբերալության ծովում»

Հունվարի 7-ին Փարիզի «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրակազմի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով 12 մարդ զոհվեց, մի քանիսը վիրավորվեցին: Կատարվածի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանում է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

-Պարոն Մարտիրոսյան, Ձեր կարծիքով` կատարվածն ահաբեկչակա՞ն ակտ էր: Հաշվի առնելով 2006 և 2011 թթ. նախադեպերը`արդյո՞ք տեղի ունեցածը սպասելի պետք է համարել:

-Այլ բան, քան ահաբեկչական ակտ, փարիզյան դեպքերը դժվար է կոչել: Ուրիշ ի՞նչ բնորոշում կա, որ կարելի է կիրառել: Իմ խորին համոզմամբ` ոչ մի: Հիմա հարցի երկրորդ մասին անդրադառնանք: Նախադեպերը չեն սկսվում 2006, 2011 կամ անգամ 2001 թվականներով: Դրանք շատ ավելի վաղ և խոր արմատներ ունեն: Փաստացի նախադեպերի ծննդյան շրջան կարելի է համարել յոթանասունականները, երբ պաղեստինցիները սկսեցին ահաբեկչությունը որպես պայքարի միջոց դիտարկել: Ինչ վերաբերում է իսկական ակունքներին, ապա դրանք տանում են դեպի առաջին համաշխարհային պատերազմի տարիներ, երբ Լոուրենս Արաբացին, որին Հոլիվուդն ու Փիթր Օ’Թուլը ռոմանտիկ հերոս դարձրեցին, Բրիտանիայի անունից սկսեց ոչ միայն կազմաքանդել Օսմանյան կայսրությունը, որ խիստ դրական երևույթ էր, այլև նոր ձևավորումներ ստեղծել Հիջազի տարածքում և ընդհանրապես ողջ Միջին Արևելքում, որը հանգեցրեց Սաուդի տան իշխանության գալուն և այդ ուղտապանների թագավորության հիմնադրմանը: Այդտեղից էլ պետք է հաշվել այն շրջանը, երբ մարդկությունն իր պատմության մեջ առաջին անգամ բախվեց աննախադեպ կրոնական ֆանատիզմին, որը վահաբիզմի տեսքով դավանում էր Սաուդի ցեղախումբը: Քաթարի և Քուվեյթի ստեղծումը ավելի ուժեղացրին այդ գործոնը, և երբ տարածաշրջանում նավթ հայտնաբերվեց, այդ պահից սկսած իսլամական ֆանատիզմը սկսեց արտահանվել ավելի մեծ ծավալներով, քան նավթը: Եվ երբ աշխարհը խելահեղորեն սիրախաղեր է վարում սուննի ծայրահեղականություն արտահանող սուվերենների հետ, այլ բան ակնկալել, քան այն, ինչ կատարվում է այսօր Հալեպում, Ռաքքայում, Փարիզում և Լոնդոնում, չի կարելի:

Հռոմեական կայսրությունն ընկավ բարբարոսների և սեփական ստրուկների հարվածների արդյունքում: Արևմուտքի գաղութների արևելքցի բնակիչները գրավել են մետրոպոլիաները, և երբ աննախադեպ ֆանատիզմի վառոդը լցվում է այդ բնակիչների գլուխը, պայթունն առավել քան տրամաբանական է: Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Իսպանիան, Ավստրալիան, Հոլանդիան, Շվեդիան և անգամ Նորվեգիան իրենց ապիկար իմիգրացիոն քաղաքականության պտուղներն են վայելում, և արդեն շատ ուշ է սխալն ուղղել, մանավանդ, որ այդ սխալի գիտակցումն անգամ լայն շրջանակներում և իշխող վերնախավում չկա: Հետևաբար, եվրոպական քաղաքակրթությունն այն տեսքով, ինչպես մենք գիտենք այն, մոտ է իր ավարտին:

-Լրագրողական աշխարհում երկու տեսակետ է շրջանառվում կրոնին ուղղված երգիծանքի (սատիրա, սարկազմ) վերաբերյալ. մի կողմից՝ նշվում է, որ այն համարվում է սրբության մաս, առնչվում է մարդկանց զգացումներին, և պետք է լինել ծայրահեղ զգույշ, իսկ մյուս կողմից` նշվում է, որ կրոնը ևս իդեալոգիա է, որը ցանկացած այլ գաղափարախոսության պես ենթակա է քննադատության: Ըստ էության, ամերիկյան մամուլն առաջինի, իսկ ֆրանսիականը երկրորդի կողմնակիցն է: Սովորելով Փարիզում, այժմ էլ ապրելով ԱՄՆ-ում` զգո՞ւմ եք այդ տարբերությունը, ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը:

-Այդ երկուսն իրար չեն հակասում, և երկուսը պետք է դիտարկել մեկ համատեքստում: Թե´ Ֆրանսիայում և թե´ ԱՄՆ-ում այդպիսի տարբերություն ընդհանրապես չկա: Մոտեցումը մեկն է: Ամերիկայում այդ առումով միակ տարբերությունը Ֆրանսիայից այն է, որ այստեղ քաղաքական կոռեկտությունն այն աստիճան ծայրահեղության է հասել, որ նման ծաղրանկարներ որևէ մեկն այս երկրում չէր հանդգնի հրապարակել: Իսկ նրանք, որոնք անհարմար և սուր մտքեր են արտահայտում, ինչպես, ասենք, Բիլ Մարը, հիմնական մամուլի կողմից չափազանց վտանգավոր են համարվում, իսկ հասարակության ուլտրաազատական մի զգալի հատված նրանց ընդհանրապես տարօրինակ նեղմիտի պիտակ է փակցնում:

Իրականում նրանք, ովքեր արդարացումներ են փնտրում Փարիզում կատարվածին, իրենց քաղաքակրթական ցենզով քսաներորդ դարասկզբից այս կողմ չեն անցել: Այո´, «Շառլի Էբդոն» վիրավորական, շատ հաճախ անթույլատրելի, անգամ զազրելի «ծաղրանկարներ» էր հրապարակում և նպատակ ուներ առաջացրած շոկով վաճառք և հեղինակներին փառք ապահովել: «Շառլի»-ում ես տեսել եմ քրիստոնեության հիմնական սրբությունների ծաղրանկարներ, որոնք ինձ` որպես քրիստոնյայի, խորապես վիրավորել են, նողկալի թվացել, համարվել անընդունելի: Սակայն ես երբեք չեմ մտածել, որ դրա պատիժը գնդակն ու նռնակներն են: Դրա պատիժը թերթը չգնելն է, բոյկոտելը, հեղինակին արհամարհելը, քննադատելը, խմբագրության առջև պաստառներով բողոքի ցույց անելը, սակայն ոչ գնդակահարելը: Նրանք, ովքեր համարում են, որ թերթը թույլատրելիի սահմանն անցել էր, հետևաբար` նման ռեակցիա առաջացրել, առաջինը` ոչնչով չեն տարբերվում մարդասպան ահաբեկիչներից, և երկրորդը` նույնքան անհանդուրժող ու խավարամիտ են, որքան նույն ահաբեկիչները:

-Կարծիքներ են հնչում, որ այս իրադարձությունները կարող էին և ձեռնտու լինել որոշ այլ շրջանակների կամ ուժերի, քան ահաբեկչական հայտնի խմբավորումները:

-Այդպիսի կարծիքներ ես էլ եմ տեսել: Լսել և զարմացել եմ, որ կարող են գտնվել խոսափողին արժանի մարդիկ, որոնք նման տեսություններ մտածելու են ընդունակ: Այդպիսի նմանատիպ մի հարց հնչեցրեց «Հ1»-ի հաղորդավարներից Նվեր Մնացականյանը Հակոբ Ավետիքյանի հետ այդ թեմայով հարցազրույցում: Տխմարություն է: Բացարձակ տխմարություն: Այդ տեսակետն արտահայտում են հիմնականում մի շարք մարգինալ ռուսական «փորձագետներ», որոնք Ֆրանսիայի մասին պրիմիտիվ պատկերացումներ ունեն և չեն պատկերացնում եվրոպական դեմոգրաֆիան և քաղաքական համակարգերը: Միաժամանակ այդ մարդիկ աշխարհում տեղի ունեցող բոլոր զարգացումներում հակառուսական կամ պրոարևմտյան մատնահետքեր են փնտրում: Բացի այդ` կիսագրագետների այն դասին են պատկանում, որն ամեն ինչում կամ «հրեամասոնական» կամ էլ այլ տիպի դավադրություններ է տեսնում:

Ամերիկայում նույնպես քիչ չեն նման գործելաոճով, սակայն արդեն հակառակ սլաքներով զինված մարդիկ: Նման երևույթները շատ պարզ անուն ունեն. դավադրությունների տեսություններ: Այո´, ես կարծում եմ, որ բազում հարցեր բազմաշերտ են, և ամեն բան միշտ չէ, որ այնպիսին է, ինչպես կարող է թվալ, կամ ներկայացվում է պետությունների կամ մամուլի կողմից: Բայց դավադրությունների տեսությունները սովորաբար անավարտ ինտելեկտի տեր մարդկանց են գրավում և նման տեսակետներն այժմ մեկնաբանել չէի ցանկանա: Ամեն բան այստեղ շատ ավելի պարզ է. Եվրոպայում և, մասնավորապես, Ֆրանսիայում, Անգլիայում և Գերմանիայում ձևավորվել է մարգինալ մի խավ, որն ահռելի ծավալներ ունի` երկրի լիիրավ քաղաքացի է, սակայն պետության և բնիկ ազգի հետ որևէ կապ չունի: Ավելին` թշնամի է դրան և խորապես ատում է: Արաբական թերակղզուց ժամանած իմամների հիմնած մզկիթներում կամ նկուղներում համապատասխան «կրթություն» է ստացել և դրանում գտել իր զենքը` բնիկ և բարեկեցիկ քաղաքացիներին ոչնչացնելու համար: Սիրիական պատերազմը և իրաքյան դժոխքը ոգեշնչել են ֆանատիկոսներին, և նրանց բանակներն այլևս բաց հարձակման են անցել: Սա, ցավոք, միայն սկիզբն է: «Շառլի Էբդո»-ն, ցավոք, միայն մի փոքր դրվագ է, որ նախաբանն է առավել ծավալուն և առավել սարսափելի մի պատկերի:

Շառլի Էբդո»-ի հետ տեղի ունեցածն ի՞նչ հնարավոր փոփոխությունների կբերի լիբերալ հայացքներով հայտնի Ֆրանսիայի քաղաքական և լրատվական շրջանակներում:

-Լիբերալ հայացքներով Ֆրանսիան ինքն իրեն խեղդել է լիբերալության ծովում: Լիբերալությունը լավ հատկանիշ է, բայց ամեն ինչում չափավորն է լավ: Ուլտրալիբերալ ֆրանսիական հասարակությունն իր` իրականությունից կտրվածությունը ցույց է տալիս որպես սպանդի դեմ բողոք` օդ գրիչներ բարձրացնելով: Անգիտության այդ մթնոլորտում ապրողներին թվում է, թե խնդիրն այնքան նեղ է, որ այն տեղավորվում է իրենց խոսքի ազատության համար պայքարի կամ ծաղրանկար հրապարակելու իրավունքի շրջանակներում, մինչդեռ հարցն ավելի ծավալուն է:

Տեղի է ունենում քաղաքակրթությունների տեկտոնիկ բախում: Սուննի մահմեդականների մի ահռելի զանգված, որ իր պատմության ընթացքում երբեք ծայրահեղականության այսպիսի աստիճան չի ունեցել, վարակվում է վահաբիզմով, որ թշնամին է այն ամենի, ինչ ծնել է ֆրանսիական հեղափոխությունը: Իսկ ֆրանսիական հեղափոխությունը ծնունդ է տվել Արևմուտքի ներկայիս գրեթե բոլոր արժեքներին: Եվ դրանց մեծ մասը բարձր արժեքներ են: Սակայն այդ արժեքներն այնքան են կուրորեն և անխնա կերպով դավանվել, որ դարձել են ինքնասպանության գործիք: Այսօր ո´չ ֆրանսիական և ո´չ անգլիական հասարակություններն ընդունակ չեն գիտակցելու այն վտանգը, որի առջև կանգնել են, և նրանց, որ չափավորության և խոհեմության կոչեր են հնչեցնում, «ուլտրաառաջադեմները» փորձում են դեպի մարգինալության դաշտ մղել:

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա ֆրանսիացիներն ըմբոստ և սկզբունքային ժողովուրդ են. «Շառլի Էբդո»-ն կդարձնեն ծանրակշիռ և շատ ավելի արագ սպառվող ու հաջողակ թերթ, և այն կշարունակի առավել ակտիվորեն վարել նախկին գիծը:

-Ողբերգական միջադեպը կարո՞ղ է ազդակ լինել համաշխարհային մամուլում իսլամի քննադատության նվազման կամ ավելացման համար:

-Անշուշտ: Մի քանի խելագար անվախներ կշարունակեն ավելի կտրուկ և ավելի հրապարակային քայլեր կատարել այդ կրոնի դեմ, մնացածներն առավել զգուշավոր և առավել լուռ կդառնան:

-Այս օրերին Ֆրանսիայում շարունակվող անհանգիստ իրավիճակը կարո՞ղ է վերածվել քաղաքացիական պատերազմի:

-Այո: Բայց դա դանդաղ պրոցես է: Իսկ այդ «քաղաքացիական պատերազմը» նման չի լինի դասական պատերազմներին, ասենք, սիրիականին: Հասարակության երկփեղկումն ավելի կբևեռանա, և բախումը վահաբիզմով վարակված ու ծայրահեղականացված սուննի մահմեդականների ու ծայրահեղ ազատական ֆրանսիացիների միջև, ցավոք, նորանոր ողբերգություններ կծնի:

Լուս.` Հ. Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (2)

Անի
Չկարողացայ մինչեւ վերջ կարդալ, ոնց որ ֆեյսբուքում հայտնի գրանտակեր ակտիւիստների ստատուսները copy paste արած լինէր: Ուրեմն Սորբոն աւարտելն էլ չափանի չի:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այս ի՞նչ պատասխաններ են: Մի՞թե սա է իրականությունը: Նախ՝ «Շառլի Էբդո»-ն հավատքը չի ծաղրանկարել/ծաղրանկարում, այլ այդ հավատքները շահագործողների՛ն: «Շառլի Էբդո»-ն ԵԶԱԿԻ ՔԱՋ պարբերական է իր տեսակի մեջ. բացառիկ երևույթ: Դեմոկրատիա ու խոսքի ազատություն նշանակում է նաև քե՛զ ոչ-հաճելի տեսակետներ լսել:............................................. Երկրորդ՝ իսլամը դարերով Ֆրանսիայի մաս է՝ պատմական պատճառներով. դա ինտեգրված տարր է: Ֆրանսիայի 6 մլն մուսուլմանների թիվ 1 խնդիրը կրոնական չէ,այլ սոցիալ-տնտեսական (աշխատանք,բնակարան, և այլն): Օրինակ՝ Հոլանդիան ու Գերմանիան (պատերազմից հետո) հիմնականում Թուրքիայից ու հյուսիսային Աֆրիկայից եկած միգրանտներն են կառուցել: Իրենց (եվրոպայում ծնված) ժառանգները աշխատանք ու հավասար հնարավորություններ չստանալով ու identity crisis ձևավորելով՝ իրենց «տեղը» գտնում են (ծայրահեղ) իսլամում: Եվրոպական հասարակությունները և կառավարությունները բավականին լավ էլ հասկանում են ամեն ինչ, իսկ ԱՄՆ-ն «մուսուլմանների» պրոբլեմ,որպես այդպիսին,պարզապես չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter