HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փողոց մաքրողների մի մասը գործազուրկ է դարձել. նրանք բողոքի ակցիա են անում

Տոնական օրերից հետո առաջին աշխատանքային օրը կառավարության շենքի դիմաց մարդաշատ էր: Բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի փողոցները մաքրողները, որոնց նոր տարվա «անակնկալ» էր սպասվում: Բողոքավորների գերակշիռ մասը կանայք էին: 

Լիանա Ալոյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ իրենց գործատուն` «Սանիտեք» ընկերությունը, իր իրավունքները չարաշահում է, և մարդկանց  աշխատեցնելով՝ գումարները չի տալիս, իսկ հունվարի 1-ից աշխատողների  մի մասին հեռացրել է աշխատանքից: 

«Մեկ ամիս աշխատեցինք և հավաքարար, և աղբ հավաքող: Դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը տնօրենը բերեց մեզ ծրարով տվեց աշխատավարձի կեսից էլ պակաս գումար: Չենք կարողացել նույնիսկ Նոր տարվա պատրաստություն տեսնել: 1 քմ տարածք մաքրելն, ըստ պայմանավորվածության, արժե 20 դրամ, իմ տարածքի գումարը կազմում է 210.000 դրամ, բայց ստացել եմ 105.000 դրամ: Կին եմ, գիշերվա կեսին գնում փողոց եմ մաքրում, որ սոված չմնամ: Իրենց ասած բոլոր պայմաններին համաձայնվեցինք, բայց նույնիսկ բանվորության գումարը չեն տալիս»,-ասում է Լ. Ալոյանը: 

Նրա խոսքերով՝ ընկերության տնօրենը որոշել է կրճատել մոտ 150 աշխատողի  և այն տարածքները, որ նախկինում 10 հոգով էին մաքրում, այժմ պետք է մաքրեն երկուսը: 

«Ամսի 1-ից չենք աշխատում, մեզ չի ընդունում: Պայման է դնում, որ հսկայական տարածքներ մաքրենք չնչին աշխատավարձով, ոնց կարող ենք դա անել: Աշխատողների մեծ մասը վարձով է ապրում, հիվանդ է պահում, այսօր արդեն անգործ ենք մնացել, ոնց ենք անելու»,-նշում է Լիանա Ալոյանը: 

Բողոքավորներից Սուսաննա Մուրադյանն էլ ասաց, որ ընկերության տնօրինությունն ասել է, որ նոր չափումներ կանեն, ըստ դրա էլ կորոշեն աշխատավարձի չափը: 

«Տարիներ շարունակ աշխատել ենք, տարածքի չափման խնդիր չի առաջացել, հիմա ինչի որոշեցին, որ խնդիր կա: Թող չափագրումներ անեն, տուժողն իրենք են լինելու: Մենք ավելի շատ տարածք ենք մաքրում, քան դրա դիմաց գումար ենք ստանում: Լավ, ընկերությունն են մրցույթով շահել, հո մարդկանց էլ մրցույթով չեն շահել: Այնպիսի պայմաններ են առաջադրում, որ մարդիկ ստիպված դուրս գան աշխատանքից»,-ասաց Ս. Մուրադյանը: 

Տիկնոջ ասելով՝ մեկ ամիս աշխատել են առանց պայմանագրի, որի իրավունքը «Սանիտեք» ընկերությունը չի ունեցել: Նրա խոսքերով` այժմ էլ Չարենցավանից մարդիկ են աշխատում ընկերությունում, որոնք գրանցված չեն: 

Կառավարությունից աշխատակիցներին պատասխան չտրվեց: Նրանք ոտքով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: 

«Սանիտեք»  ընկերությունից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Հեռախոսազանգերին չէին պատասխանում:

Հիշեցնենք, որ լիբանանյան այս ընկերությանն է հանձնվել Երևանի որոշ հատվածների աղբահանություն եւ սանմաքրում կազմակերպելու աշխատանքները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter