HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սպանության մեջ կասկածվողը մեկ ամիս առաջ էր զինծառայության անցել Գյումրիի 102-րդ ռազմաբազայում

Գյումրիում լուսաբացին տեղի ունեցած ողբերգության լուրը տարածվելուց հետո ամենամարդաշատ վայրը դարձել էր Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցը: 188 տանը բնակվող Ավետիսյանների 7 անձից բաղկացած ընտանիքից 6-ը գնդակահարվել էին: Սպանության մեջ կասկածվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Փրկվել էր միայն 6 ամսական Սերյոժան, ով քնած էր եղել մոր գրկում:

Վերջինս կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է մանկական հիվանդանոց եւ վիրահատվել: Փոքրիկի վերքի հետ կապված՝ նախ կարծիք էր հայտնվել, որ դանակի հարվածից է առաջացել, իսկ մեկ այլ վարկածով էլ, որ մոր համար նախատեսված մահացու գնդակի հետեւանքն է:

Մահացածներին տանը հայտնաբերել էր տանտիրուհու քույրը առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում եւ անմիջապես զանգահարել շտապօգնություն: Բակում հավաքված հարևանները պատմում էին, որ կրակահերթի ձայն չեն լսել, միայն պատկից հարեւանուհիներից մեկին թվացել էր, թե երկրաշարժ է, հատկապես, երբ աղմուկին զուգահեռ լսել է նաեւ մանկան լացի ձայնը ու մտածել, թե նրանք էլ են երեւի արթնացել ցնցումներից: 

Նրանց, ովքեր հաջողվել էր մինչեւ ոստիկանների դեպքի վայր հասնելը մուտք ունենալ Ավետիսյանների բնակարան, պատմում էին, որ ինքնաձիգից արձակված բազմաթիվ հետքեր են եղել նաեւ տան հատակին: Ամենայն հավանականությամբ զինված անձը տանտերերին գնդակահարելուց հետո զգեստափոխվել էր: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաեւ կոշիկները, որի ներսի անկյունով գրված է եղել տիրոջ անունը՝ Վալերի Պերմյակով: Տանը հայտնաբերվել է նաև AK 74 ինքնաձիգի պարկուճներ, 1 պահունակ փամփուշտներով: 

Վերջինս զինծառայության էր անցել 102-րդ ռուսական ռազմաբազայում մեկ ամիս առաջ: Վալերի Պերմյակովի զենքը նույնպես հայտնաբերվել էր հանցագործության վայրում: Նշենք, որ հիշյալ փողոցը ռուսական ռազմաբազայից հետու է մոտ 3 կմ:

Հարեւանների պատմելով՝ Ավետիսյանները համեստ, շնորհքով մարդիկ են եղել՝ որեւէ արտառոց վարքով կամ արարքով աչքի չեն ընկել:  Սերյոժա եւ Արմեն (հայր եւ որդի)Ավետիսյանները զբաղվել են արտագնա աշխատանքով: «Խոպանից» նրանք վերադարձել էին դեկտեմբեր ամսին:

Ինչու՞ էր Պերմյակովը հատկապես ընտրել Ավետիսյանների ընտանիքին: Արդյո՞ք պատահականության սկզբունքով էր ընտրվել Մյասնիկյան հասցեում գտնվող 188 տունը: Այս եւ այլ հարցերի, ինչպես նաեւ սպանության շարժառիթի վերաբերյալ մեկնաբանություններ անելուց ոստիկանությունը զերծ է մնում:

Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով, հայտարարվել է հետախուզում 102 –րդ ռուսականա ռազմաբազայում մեկ ամիս առաջ զինծառայության անցած Վալերի Պերմյակովի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter