HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ավելի լավ է մեր պատմամշակութային հուշարձանները չվերականգնվեն, եթե փլման եզրին չեն` բնական ծերանան»

Ճարտարապետության  դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը հունվարի 8-ին Սանահինի վանական համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքերը  դիտելուց հետո եզրահանգեց, որ ամեն ինչ պետք է անել գոնե Ամենափրկիչ եկեղեցին փրկելու համար:

Մեր հարցումներից պարզվեց, որ վանական համալիրի վերականգնման աշխատանքներից դժգոհ  են նաև  մշակույթի նախարարության առանձին պատասխանատուներ, անգամ վերականգնող շինարարը: Վերականգնման աշխատանքերի նախագծի հեղինակ ճարտարապետ Աշոտ Հովսեփյանը երկու ամիս առաջ մահացել է:

«Շինարարական  աշխատանքերը վերահսկում ենք մենք` Մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակը»  և Աշոտ Հովսեփյանի որդին`Հրանտ Հովսեփյանը, ով  նույնպես  ճարտարապետ է: Աշխատանքները կատարվում են նախագծի համաձայն»,- այսօր մեզ հայտնեց  ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պետի տեղակալ Արսեն  Սողոմոնյանը:

Պատմամշակութային հուշարձանների վերականգնման շինարարական աշխատանքերի որակի համար կարևոր նախապայման է  առնվազն  +8  ջերմաստիճանը և եղանակային պայմանները:  Այս առումով  նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները նախընտրելի չեն: Արսեն Սողոմոնյանը «չհիշեց», թե 2014թ.-ին  կոնկրետ,  որ ամսին է սկսվել վերականգնման աշխատանքերի 3-րդ փուլը: «Կատարողականները կնայեմ, կասեմ»,- ասաց նա:

«Աշխատանքերը , կոնկրետ չեմ հիշում, բայց շատ ուշ են սկսվել: Կարծեմ՝ նախարարությունը հոկտեմբերի կեսերին տվեց թույլտվությունը, նոյեմբերին  սկսվեցին աշխատանքերը»,-  պատասխանեց վերականգնման շինաշխատանքներն իրականացնող «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Եգանյանը:

Սանահինի վանական համալիրի վերականգնման աշխատանքերը իրականացվում են ՀՀ կառավարության 2012-2016թթ. ծրագրով, պետբյուջեի 180 մլն դրամ հատկացումով: Աշխատանքերի պատվիրատուն ՀՀ մշակույթի նախարարությունն է: Աշխատանքերն իրականացվում են փուլ առ փուլ: Անցած 3 փուլերում արդեն  ծախսվել է 58 մլն դրամ: 

Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը դեկտեմբերի 15-ին  «Հետքին» հայտնել է, որ  3-րդ փուլում `2014թ.-ին, ամբողջ ծավալով  իրականացվել են Սբ.  Աստվածածին եկեղեցու վեղարի վերականգնման, հարթ երեսապատի նոր տաշ ու շարման, սրահի հատակի  սալարկման, նախագավթի սրահի հատակի  սալարկման, նախագավթի և Գրիգոր Մագիստրոսի ճեմարանի տանիքի  ծածկասալերի տակի դատարկությունների  ներարկման, ինչպես նաև նախագավթի  տապանաքարերի  կազմաքանդման և վերատեղադրման աշխատանքները: Դրանց նախահաշվային ծավալի գումարը կազմել է 17,5 մլն դրամ:

Արև Սամուելյանը նաև նախարարության գիտամեթոդական խորհրդի նախագահն է և պատասխանատու է կատարված աշխատանքերի որակի համար:  Նրա  ներկայացրած  աշխատանքների ծավալը Սանահինում փաստացի  կատարված աշխատանքերի հետ համադրելուց հետո պարզվեց, որ  նախագավթի սրահի հատակի սալարկման, տապանաքարերի կազմաքանդման ու  վերատեղադրման, Ամենափրկիչ եկեղեցու հարավային պատի ջրահեռացման և այլ աշխատանքեր ամբողջ ծավալով չեն իրականացվել: Ավելին, աշխատանքային ծավալի մեջ ընդգրկված  Սբ.Աստվածածին եկեղեցու վեղարի վրա 2014թ.-ին  վերականգնման որևէ աշխատանք չի կատարվել, իսկ  վեղարի գագաթի նախագծով նախատեսված վերականգնման աշխատանքներն այդպես էլ մնում են չիրականացված:

«Նայեք, Սբ. Աստվածածին եկեղեցու դիմային մասում ինչ հրաշք քանդակներ կան,  կարմիր քարի եզրային քանդակներով եզրափակվում է լանջերի ծածկասալերը: Վերանորոգման ընթացքում  եկեղեցու խաչթևերի լանջերի շարված նախկին նախշազարդ քանդակները նոր շարված  բազալտե  սալիկների եզրային մասում  չեն պահպանվել»,- ասում  է ալավերդցի նկարիչ Արսեն Գրիգորյանը:

Արղության- Երկայնաբազուկների  դամբարանի մետ թափված եկեղեցու  ջարդված ծածկասալերի մեջ Արսենը  մեզ ցույց տվեց  նախշազարդ  քանդակներով մի քանի  կարմիր եզրային քարեր:

«Նախշազարդ քարերի հանել-չհանելը կապված է ծածկասալերի հետ: Թեկուզ հենց նախշազարդ քարերը  չկորցնելու համար  Սբ, Աստվածածին եկեղեցու խաչթևերին պետք է տեղադրեին  ոչ թե բազալտե, այլ նույն`կարմիր անդեզիտի  ծածկասալեր»,- բացատրեց ճարտարապետ Գառնիկ Շախկյանը:

«Տապանաքարերի աշխատանքները մի քանի ձևով են արել, մի տեղ սալիկներ են դրել, մեկ այլ տեղ ցեմենտբետոն են լցրել: Տապանաքարերի կողքերին մի տեղ ավազ, մեկ այլ տեղ սովորական հող է լցված: Անհասկանալի է, թե  որն է դրանց իմաստը»,- դժգոհում  է Արսեն Գրիգորյանը:

Ճարտարապետ Գառնիկ Շախկյանը անթույլատրելի  համարեց տապանաքարերի կողքին գունային մեծ տարբերությամբ տաշած բազալտե սալիկների տեղադրումը: Նա  գտնում է, որ նախագավիթի հատակը պետք է ծածկվեր կոպիտ բազալտե քարերի շաղախով: Ամենափրկիչ եկեղեցու հարավային պատի դրսի ողջ երկայնքը մաքրվել է հողային շերտերից, սակայն պատի բաց անցքերը չեն փակվել ցեմենտբետոնե շաղախով,  չեն կատարվել նաև ջրահեռացման աշխատանքեր:

«Առջևում  ձմեռ է: Այս վիճակում  ձյունն ու  անձրևաջրերը կներծծվեն  և կխարխլեն  1000-ամյա եկեղեցու  հարավային պատի հիմքերը»,-զգուշացրեց  ճարտարապետ  Գ.Շախկյանը:

«Հուշարձանների վերականգնման կենտրոն»  ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Եգանյանը այսօր մեզ հայտնեց,  որ 3-րդ փուլի վերականգնման աշխատանքերն ամբողջ ծավալով ավարտվել են: «Էնտեղ աշխատանքները կատարվել են նախագծի համաձայն, կարծեմ 20 տապանաքար է ուղղվել, իմ կարծիքով նախագավիթում կատարված աշխատանքերը թերի են: Ես ինքս նույնպես  նայել եմ, անդուր էր հատկապես նախագավիթի մուտքը, որը անանցանելի է հատկապես կանանց համար: Ես նախագավթի վերականգնման հետ կապված իմ առաջարկությունները ներկայացրել եմ գիտամեթոդական խորհրդին, սակայն դրանք կատարելու համար պետք  է նախագիծ լինի: Ես տեղյակ եմ, որ Սրբազանը վերջերս  հետևել է նախագավթի սալիկապատման աշխատանքերին և դժգոհ է մնացել»,- ասաց Գ. Եգանյանը:

Հարավային պատի հետ կապված՝ Գագիկ Եգանյանն  ասաց, որ այնտեղ աշխատանքերը դեռ չեն ավարտել:

Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս  Չուլջյանը մեզ հայտնեց, որ մի քանի օր առաջ է այցելել  Սանահինի վանական համալիր: «Կարծում եմ, որ  ամանորյա տոներից  հետո  թեկուզ մարզի մասնագետների միջոցով պետք է հանձնաժողով ստեղծվի` Սանահինում կատարված վերականգնման աշխատանքների որակը  ուսումնասիրելու համար»,- ասաց նա:

«Սանահինի վանքային համալիրի վերականգնման աշխատանքերում մենք ՅՈւՆԵՍԿՈ-ի պահանջներից շատ հեռու ենք:  Ավելի լավ է մեր պատմամշակութային հուշարձանները չվերականգնվեն, եթե փլման եզրին չեն` բնական ծերանան: Ինքս էլ անհանգիստ եմ: Անկեղծ ասած` Սանահինի վերականգնման աշխատանքներից գոհ չեմ: Մեզ մոտ վերականգնող շինարարական կազմակերպությունների մակարդակը շատ ցածր է: Վերահսկիչ պալատն էլ է  պարտավորվել վերահսկել Սանահինի  վերականգնման աշխատանքները» ,-  հեռախոսով մեզ հայտնեց մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի  հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը: 

Մեկնաբանություններ (1)

Տիգրան
Սրանք իրոք որ անմեղսունակ են, թե չէ ինչի՞ պետք է այսպիսի դաժան ձևով ոչնչացնեն հայկական հուշարձանները: Հիշեք Գառնու կամուրջը, Հաղարծինը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter