ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Թրաֆիկինգի հանցակազմ չկա: Իմ պաշտպանյալը կենսական մի հարց է լուծել` հացի խնդիր»,- փաստաբանը



սկիզբը

Մուրացկանին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում

Անցյալ տարեվերջին «Հետքը» անդրադարձել էր մուրացկանների դեմ թրաֆիկինգի հոդվածով հարուցված քրեական գործին:

Ըստ մեղադրանքի (ՔՕ 132.2 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ)` 37-ամյա Լուսինե Առաքելյանն ու 52-ամյա Լուսիկ Գրիգորյանը, լինելով հին ծանոթներ ու ապրելով միասին վարձակալած բնակարանում, Լուսինեի երեխային` 5 ամսականից «պահել են ստրկությանը հավասարազոր վիճակում»՝ տանելով մուրացկանության:

Հիշեցնենք, որ նախաքննության ժամանակ կատարվել էր դատահոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն, երկու կանայք էլ ճանաչվել էին սահմանափակ մեղսունակ: Սակայն դեռ 2006 թ.-ից Լուսիկը  հաշվառված է եղել Երևան քաղաքի Ավանի հոգեբուժական կլինիկայում, տառապել է «Թեթև մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ։ Իսկ Լուսինեն հաշվառված է եղել Վանաձորի հոգեբուժարանում՝ նույն ախտորոշմամբ: Հանրային պաշտպան Կարեն Մանուչարյանը միջնորդել էր կրկնակի ստացիոնար դատահոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն անցկացնել: Ստացված արդյունքներով` Լուսիկը ճանաչվել էր անմեղսունակ: Հիմա նա հարկադիր բուժում է անցնում Նուբարաշենի հոգեբուժարանում: Փաստորեն` անմեղսունակ ճանաչվելով` նա ազատվեց պատասխանատվությունից, իսկ Լուսինե Առաքելյանին դեռ սպառնում է 7-12 տարվա ազատազրկում:

ՀՀ Փաստաբանների պալատի անդամներ Կարեն Մանուչարյանն ու Անահիտ Եսայանը

Փաստաբանների պալատի անդամ, հանրային պաշտպան Անահիտ Եսայանը, ով ներկայացնում է Լուսինե Առաքելյանի շահերը, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ միջնորդություն է պատրաստել` համալիր դատահոգեբանական դատահոգեբուժական փորձաքննություն կատարել, քանի որ առաջին փորձաքննությունը, ըստ նրա, թերի է արվել: «Հանցանքը կատարվում է ուղղակի դիտավորությամբ: Մինչդեռ հարց է` արդյո՞ք Լուսինեն` իր մտավոր ունակություններով կարող էր կանխատեսել իր արարքի հետևանքները: Բացի այդ,  իմ կարծիքով և համոզմամբ, առհասարակ այստեղ թրաֆիկինգի հանցակազմ չկա: Իմ պաշտպանյալը կենսական մի հարց է լուծել` հացի խնդիր»,- ասաց փաստաբան Եսայանը:

Հայաստանը` որպես թրաֆիքինգի դեմ պայքարող լավ ցուցանիշներ գրանցող երկիր 

Ամեն տարի ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակում է զեկույց` աշխարհում թրաֆիքինգի իրավիճակի մասին: Ըստ այդմ, Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ ընդգրկվում է առաջին խմբում, այսինքն` այն երկրների խմբում, որոնք լավագույնս են իրականացնում թրաֆիքինգի դեմ տարվող աշխատանքները: ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը անցյալ տարի հուլիսի 30-ին` թրաֆիկինգի դեմ պայքարի համաշխարհային օրը, վիճակագրական տվյալներ էր ներկայացրել, որոնց համաձայն, 2012-2014 թվականներին թրաֆիքինգի հատկանիշներով հարուցվել է 31 քրեական գործ, ըստ որոնց հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 39 անձ՝ 28-ը` կանայք, 14-ը՝ հանցագործության կատարման ժամանակ անչափահաս:

«Կարծում եմ` հենց նմանատիպ գործերի շնորհիվ է, որ Հայաստանը լավ ցուցանիշ է գրանցում». փաստաբան  

Հանրային պաշտպան Կարեն Մանուչարյանը, ով նաև Լուսիկ Գրիգորյանի փաստաբանն է, կարծիք հայտնեց, որ պետությունը ոչ թե պետք է այս պարագայում պատժիչ ֆունկցիա կատարի, այլ սոցիալական ոլորտը պիտի զբաղվի նման մարդկանցով: «Եթե այս քաղաքացիները գումար չհավաքեին, ենթադրենք, նույն երեխան սովից մահանար, օրենքի տեսանկյունից ավելի ճի՞շտ կդիտվեր: Մարդիկ երեխային թողնելու տեղ էլ չեն ունեցել: Հոգեկան հիվանդությամբ է տառապում կանանցից մեկի` Լուսիկ Գրիգորյանի եղբայրը, մյուս կինը` ոչ նպաստ, ոչ մի սոցիալական օգնության ծրագրում չկա, մի խուց են վարձակալում, հավաքած գումարով լուծում գոյատևելու խնդիր: Եվ հիմա այս ամենի տակ տեսնել թրաֆիկինգ, արարքը որակել որպես թրաֆիկինգ, սխալ է: Տարիներ շարունակ թրաֆիկինգի դեմ պայքարում Հայաստանը լավ ցուցանիշ է գրանցում: Հենց նմանատիպ գործերի շնորհիվ է, կարծում եմ, որ պետությունը լավ ցուցանիշ է գրանցում: Սակայն նույն պետությունը, կարծես, լվանում է ձեռքերը սոցիալական ոլորտից և կատարում է միայն պատժիչ ֆունկցիա, որպեսզի ամեն տարվա վերջին թրաֆիկինգի դեմ պայքարի ցուցանիշ ցույց տա»,- «Հետքի» հետ զրույցում ասաց փաստաբան Մանուչարյանը:

Լուսինե Առաքելյանի որդին` Էրիկ Առաքելյանը

«Օգնեք, որ իմ էրեխեն մանկապարտեզ գնա, ես էլ աշխատեմ»

«Հա, սխալվել եմ` իմ էրեխուն տվել եմ Լուսիկին, որ փող հավաքի, չե՞ն կարա ներեն: 12 տարին ի՞նչ սրոկ ա, կարա՞մ իմանամ, ի՞նչ եմ արել: Վախենում եմ` ինձ տանեն գաղութ: Իմ էրեխուն մենակ իմ դիակի վրայով կտանեն մանկատուն: Ես ուզում եմ, որ մանկապարտեզ գնա, ես էլ աշխատեմ: Հերթ ա մանկապարտեզում, չեն ընդունում: Հիմա յուղ չունեմ տունը, որ էրեխուս ճաշ էփեմ: Բայց, որ աշխատեմ, ամեն ինչ էլ կառնեմ իմ Էրիկի համար»,- անընդհատ ասում էր Լուսինե Առաքելյանը:



Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Դավիթ Թումասյան21:02 - 13 հունվարի, 2015
Հարգելի Լուսինե, Նախևառաջ թրաֆիքինգի դեպքում հետևանքներ առհասարակ պետք չեն, ինչ մնաց այդ հետևանքները կանխատեսելու կամ գիտակցելու անհրաժեծտությունը: Երկրարդը ծանոթացեք Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին և Ստրկության մասին կոնվենցիաներին, հետո մեկնաբանեք, և երրորդը՝ երեխայի լուսանկարը զետեղելը խախտում է երեխայի իրավունքները՝ մի պիտակավորեք իրան: Կանխավ շնորհակալություն
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ