Ստրասբուրգը ՄԻԵԴ դատավորների մերժված ցուցակը նորով փոխարինելու նախադեպը կիրառել է Սերբիայի համար
ՀՀ նախագահի հունվարի 12-ի հրամանագիրը, որով ուժը կորցրած ճանաչեց իր նախորդ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածուներին հաստատելու մասին հրամանագիրը, բավականին սենսացիոն էր: Մամուլը երեկ եւ այսօր բացատրություններ է փնտրում, թե ինչ հանգամանքներում կարող էր ԵԽԽՎ-ն փոխել Հայաստանից ներկայացված երեք թեկնածուներին հարցազրույցի հրավիրելու մասին իր դեկտեմբերի 20-ի որոշումը: Պաշտոնական Ստրասբուրգի հետ տեղեկատվությունը փոխանակող Հայաստանի արտգործնախարարությունը մանրամասներ չներկայացրեց Կոմիտեի կայացրած դեկտեմբերի 22-ի որոշման մասին: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ով գլխավորում էր ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը, նույնպես հրաժարվեց մեկնաբանել կատարվածը:
Հիմնական հարցը, որի վերաբերյալ մեկնաբանություններ է ցանկանում ստանալ մամուլը վերաբերում է նրան, թե ինչպե՞ս է կարգավորվելու այս թնջուկը, արդյոք նոր մրցույթ է հայտարարվելո՞ւ, ինչպես սահմանված է ՀՀ նախագահի 2014թ. օգոստոսի 02-ի ՆՀ- 199 -Ն հրամանագրով: Հիշյալ կարգի 37-րդ կետում թվարկվում է նոր մրցույթ անցկացնելու հիմքերը, որի 6-րդ ենթակետի համաձայն՝ մրցույթ է հայտարարվում նաեւ այն դեպքում, եթե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չի ընտրել թեկնածուներից որեւէ մեկին: Սակայն այս դեպքում հարցը ԵԽԽՎ-ին դեռեւս չի հասել:
Մինդեռ, պարզվում է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն այս հարցի կարգավորման վերաբերյալ այլ նախադեպ ունի: Բոլորովին վերջերս, 2014թ· դեկտեմբերի 14-ին, նմանօրինակ իրավիճակ է ստեղծվել Սերբիայի հանրապետությունից ներկայացված ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ցանկի հետ: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականի հիման վրա ստեղծված փորձագետների միջազգային հանձնախումբը, որը երկրներից ներկայացված Մարդու իրավունքների միջազգային դատարանի դատավորների թեկնածուների վերաբերյալ Կոմիտեին խորհուրդ է ներկայացնում, անընդունելի է համարել նաեւ Սերբիայից ներկայացված դատավորների թեկնածուների ցուցակը՝ Լուբարդա Բրանկո, Նեդեյկովիչ Կատարինա եւ Ռակիչ Բրանկո:
Հանձնախումբը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների վերաբերյալ, որը վերաբերում է թեկնածուների բարոյական եւ մասնագիտական հատկանիշներին, մերժել է Սերբիայից ներկայացված թեկնածուների ցանկն՝ անընընդունելի համարելով Կատարինա Նեդեյկովիչին ցանկում ընդգրկելը: Սերբիայի դեպքում, խորհրդատվական հանձնախումբը մի քանի գրառումներ փոխանակելուց հետո որոշել է Կատարինա Նեդեյկովիչին փոխարինել մեկ այլ թեկնածուով՝ Բելգրադի Վճռաբեկ դատարանի դատավոր Սպոմենկա Զառիչով:
ՀՀ նախագահի հրամանագրում նույնպես հղում է արվում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի 2014 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ (2014)6ARM կարծիքին: Ըստ այդ կարծիքի՝ Հայաստանից ներկայացված դատվորների ցուցակը նույնպես չի հաստատվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները չպահպանելու համար:
Մամուլի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ սույն կոնվենցիայով «ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին» չհամապատասխանող է համարվել ՀՀ դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը, ում հավաքած միավորը բավականին մեծ տարբերություն ունի միավորների քանակով երրորդ տեղն զբաղեցնող թեկնածուի հավաքած միավորից: Սակայն, քանի որ ՄԻԵԴ դատավորների թեկնածուների դեպքում պարտադիր պահանջ է սեռերի հավասարության սկզբունքը պահպանելը, մրցութային հանձնաժողովը նրան ցանկում ընդգրկել էր այդ սկզբունքն ապահովելու նպատակով:
Այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հերքվել, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի դեպքում կիրառելի կարող է լինել Սերբիայի նախադեպը՝ Նելիկ Հարությունյանի թեկնածությունը փոխարինել «ճանաչված իրազեկ իրավագետ լինելու» չափանիշին հավակնող մեկ այլ թեկնածուով:
Մեկնաբանել