ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ախթալայի կոմբինատի պոչանքները սնում են գյուղացիների անասուններին



Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի (ԼՀԿ) արտադրական պոչանքները Ճոճկանի պոչամբար լցվում են 5 խողովակներով: Դրանցից 3-ը տեղադրված են հենց պոչամբարի վրա: Մյուս երկու խողովակները անցնում են պոչամբարին հարող Ճոճկանի և Մեծ Այրումի լեռնալանջերով: Նախկինում դրանք փակ խողովակներով մտնում էին ուղիղ պոչամբար: Հիմա պոչանքները լեռնալանջերով դեպի պոչամբար նաև առանց խողովակների են հոսում:

Ճոճկանի պոչամբարի տարածքը ցանցապատված չէ, այրումցիներն էլ իրենց անասուններին օրվա բոլոր ժամերին անթույլատրելի տարածք ջուր խմելու են տանում: Անասունները այստեղ հաճախ խմում են նաև խողովակների բաց դիտահորերի պոչանքները: «Էս կեղտոտ ջուր ա, խվոստի ջուրն ա: Գյուղում ուրիշ ջուր չկա, դրա համար էլ գյուղի անասուններին խվոստի ջուրն ենք տալիս»,- երեկ մեզ բացատրեց իրենց 3 կովերի հետ պոչամբարում գտնվող փոքրիկ այրումցի Ալեքսանդր Դանիելյանը: Անասունների խմելու ջուրը հաստափոր խողովակով դուրս է բերված ԼՀԿ-ից պոչամբար եկող խողովակների թունելից: Թեև պոչամբարը փռված էր իր առջև, բայց 10-ամյա Ալեքսանդրը չկարողացավ բացատրել, թե ինչ է խվոստը:

Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանը մեզ փորձում էր համոզել, որ այդ ջուրը բնակչության համար վտանգավոր է, բայց անասուններին չի վնասում: Պոչամբարի հարևանությամբ 10-ից ավելի խոզեր պահող այրումցի խոզապահուհին նեղսրտեց իմ հարցերից: «Ի՞նչ ես ուզում ինձանից»,- հարցրեց նա: Բացատրեցի պոչամբարի վտանգները: «Եսիմ, հլա տեսնենք, էլի»,- մեղավոր ու վախեցած պատասխանեց նա:

Այրումցիներն ու ճոճկանցիները տարիներ շարունակ դույլերով նաև խմելու ջուր են կրում պոչամբարի տարածքում գտնվող աղբյուրից: «Արդեն մեր պոչամբարը բարձրանում և մոտենում է աղբյուրին: Մեծ Այրումի խմելու ջրի հարցը լուծում ենք: Գյուղապետ Սահակ Նազարյանի հետ արդեն պայմանավորվել ենք, ջուրը խողովակներով տեղափոխելու ենք գյուղամեջ, որ գյուղացիները այլևս չմտնեն պոչամբարի տարածք, անասուններին էլ չտանեն այնտեղ»,- ասաց Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նոր գլխավոր տնօրենը` Մարտուն Հակոբյանը: «Խողովակների չափումներն արդեն արված են, մնում է աշխատանքերը սկսենք»,- հավելեց գյուղապետ Սահակ Նազարյանը: Վերջինս հայտնեց նաև, որ անտառում գյուղի 240 գլուխ խոշոր եղջերավոր անասունների ջուր խմելու աղբյուր ունեն: Գյուղապետը, սակայն չկարողացավ պատճառաբանել, թե այդ դեպքում այրումցիները ինչու են իրենց անասուններին ջուր տալու համար տանում պոչամբարի տարածք:


Այրումցիների նման լեռնահարստացման կոմբինատի բերած հանքարդյունաբերական վտանգներին անտեղյակ են նաև Ախթալայի բնակիչները: Երեկ Ախթալա համայնքի վարչական տարածքում գտնվող «Նազիկ» պոչամբարի փեշին` պոչանքների մեջ, իր կովերի հետ մի ախթալեցի տարեց տղամարդ էր նստած: Նրա համար պոչամբարը դրախտավայր էր: Ինքը անվրդով ծխում էր: Գետնին նստած մի շուն հսկում էր կովերին, որոնք որոճում էին պոչանքերը: Հետո կովերը սկսեցին խմել պոչանքաջրերը: Ախթալա գնացող ճամփագլխից հետևում էի նրան: Տղամարդը նկատեց, որ նկարում եմ, կովերի հետ հեռացավ տարածքից:

Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը ճանաչեց տղամարդուն: «Մամիկոնյան Հովիկն է, մշտապես ծխախոտը ձեռքին, երկար տարիներ հանքում աշխատած մարդ է, ինքն էլ լավ գիտի, որ պոչանքաջրերի մեջ ծանր մետաղներ կան: Եթե իրեն ասեմ` ինչու ես կովերիդ պոչանքաջուր տալիս, պիտի ասի` բա գոմումս ջուր չկա, ինչ անեմ»,- բացատրեց Հայկազ Խաչիկյանը:

Լեռնահարստացման կոմբինատի 3 պոչամբարներից 2-ը գտնվում են Ախթալայի վարչական տարածքում: Դրանք նույնպես ցանցապատված չեն: «Ճիշտ եք ասում, պոչամբարները պետք է բնակիչներից մեկուսացվեն»,- երեկ մեզ հետ համաձայնեց Մարտուն Հակոբյանը: Հայկազ Խաչիկյանն ասում է, որ տարիներ շարունական Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքարդյունաբերական փնթի գործունեության մասին ահազանգել է Լոռու մարզի դատախազությանը, ՀՀ բնապահպանության նախարարին, Լոռու մարզպետներին, սակայն կոմբինատի սեփականատերերը այդպես էլ հետևություն ն չեն արել և պոչանքերը շարունակել են թափել Ախթալայի ամբողջ վարչական տարածքում, որտեղ պատահի:


Լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Մարտուն Հակոբյանի կարծիքով` հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունը անհամատեղելի են: «Բա ինչ անենք, 700 ընտանիք ենք պահում, էդ կովերը էդքան ընտանիք չեն կարող պահել: Մենք պետք է ձգտենք հասնել նրան, որ չթողնենք էդ կովերը էդ ջրից խմեն: Եթե պոչամբարները ցանցապատվեն և անասուններից մեկուսացվեն, դա առաջին քայլերից մեկը կլինի»,- ասում է նա: «Ճոճկանի պոչամբարի ջրի շրջանառու համակարգը աշխատու՞մ է, թե՞ ոչ»,- հարցրի Մարտուն Հակոբյանին: «Պատահում է` չի աշխատում: Ես կարծում եմ Դուք ականատես եք լինում: Պատահում է` երեք-չորս օր վթար է լինում: Բայց քանի որ մեր շրջանառու ջուրը մի քիչ լավ է մաքրվում, մենք արխեին ենք լինում»,- պատասխանեց նա:

Վթարների դեպքում պոչանքերով հեղեղվում է Ախթալայի ողջ տարածքը: Արտադրական վտանգավոր պոչանքերը Ախթալա գետակով և Նահատակ ձորով հոսում և թափվում են Դեբեդ գետը: Համայնքապետեր Հայկազ Խաչիկյանը և Սահակ Նազարյանը իրականում չգիտեն, թե ինչպիսի աշխատանքեր տանեն, որ բնակիչները բնապահպանական վտանգներից զգուշանան: Իսկ մինչ այդ Մեծ Այրում և Ախթալա համայնքերի բնակիչները միայն իրենք չեն սնվում պոչանքակեր իրենց անասունների մսով և կաթով: Նրանք դա հանում են նաև Ալավերդու և հարևան համայնքների շուկա:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ