HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին այսօր կհուղարկավորեն

Հունվարի 12-ի լուսաբացին սպանդի ենթարկված գյումրեցի Ավետիսյանների տան դարպասի մոտ արդեն 3-րդ օրն է, այս տեսարանն է՝ ծաղիկներ, վառվող մոմեր, փափուկ խաղալիքներ: Երկու ոստիկան հերթապահութուն են իրականացնում, իսկ ներսում լռություն է: Բակի հատվածում այդ օրվա եղեռնագործությունից հետո որևէ բան չի փոխվել:

 Լվացքը չորանում է պարանի վրա, հիմնականում երեխայի հագուստներ են: Տպավորություն է, որ հիմա տանտիրուհին դուրս կգա` չորացած լվացքը ներս տանելու:


Հարևանների հետ զրույցը դժվարությամբ է ստացվում. ասում են` հոգնել են բոլորին նույն բանն ասելուց: Ավետիսյանների մասին միայն դրական են արտահայտվում, ասում են` խելոք, համեստ, շնորհքով մարդիկ էին:


Քիչ շփվող էին, բարև-բարի լույսից այն կողմ հաճախ չեն էլ անցել: Ոչ մի վատ բան այս տարիների ընթացքում ընտանիքի անդամների կողմից չեն նկատել: Արմենը ընտանիքի միակ տղան էր: Հարսը գյումրեցի չէր, ծնունդով լոռեցի էր: 

Ընտանիքում հիմնական աշխատանք ուներ միայն Աիդան՝ Արմենի քույրը: Սերյոժա և Արմեն Ավետիսյանները մեկնում էին արտագնա աշխատանքի՝ այդպես վաստակելով ընտանիքի ապրուստը:

Կրակահերթի ձայն հունվարի 12-ի լուսաբացին ոչ ոք չի լսել: Միայն նույն բակում ապրող Ավետիսյանների բարեկամուհին՝ Կարինեն է ինչ-որ ուժեղ ձայն լսել, սակայն վախեցել է դուրս գալ տնից: Սպանվածներին հայտնաբերել է Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ արդեն կեսօրին: «Սկզբում սխալ ժամ էին ասել ու էդպես տարածվեց, ժամը 10-ին չեն իրանց գտել, ուշ են գտել, համենայնդեպս մինչև ժամը 11:15-ը որևէ շարժ չի եղել, ասենք` գոռոց, լացի ձեն, այլապես կլսեինք,- ասում է հարևանուհին՝ տիկին Ս.-ն,- ես էդ ժամը լավ կհիշեմ, որովհետեւ ամուսնուս հետ պիտի դուրս գայինք գործով: Հետո որ հետ էինք գալիս, կարծեմ 12-ի մոտերքն էր, մեր փողոցն արդեն լիքը մարդ կար հավաքված, շտապօգնությունն էլ երեխուն արդեն տարել էր»:

Յոթ անձից բաղկացած ընտանիքի 6 անդամներին այսօր կհուղարկավորեն: Մահացածներին հունվարի 13-ին տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որտեղ հունվարի 14-ին տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն: Գրեթե ողջ քաղաքը եկել էր հրաժեշտ տալու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter