HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատասխան գլխավոր դատախազին. «Ռուսական կողմը խախտել է պայմանագիրը»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել` ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի` Գյումրիում կայացած ասուլիսի վերաբերյալ: ՀԿ-ի պատասխանը դատախազին ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Այսօր Գյումրիում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ քանի որ ՌԴ զինվորական Վալերի Պերմյակովին մեղսագրվող հանցաքներից առաջինը եղել է զորամասը զենքով լքելը, ուստի հարցը ՌԴ իրավազորության ներքո է:

Պարոն Կոստանյանը նաև ընդունեց այն փաստը, որ խնդիրը բարձրացվել է այն բանից հետո, երբ Պերմյակովը հայտնվեց ՌԴ ռազմաբազայում:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը`        

1. Հանձնման և ՌԴ սահմանադրության հետ կապված խնդիրները ի հայտ եկան միայն այն ժամանակ, երբ Պերմյակովը ռուս սահմանապահների կողմից հանձնվեց ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարին: Ռուս սահմանապահները սահմանը հատելու փորձ կատարողին որևէ իրավունք չունեին հանձնելու որևէ մեկին` բացի ՀՀ իրավապահ մարմիններից:

ՌԴ սահմանապահները խախտել են «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածը, ինչը և հանգեցրել է հանձնման հետ կապված բոլոր խնդիրներին:

2. 1999 թվականին, երբ ՌԴ զինվորականներ Դանիս Պոպովն ու Ալեքսանդր Կամենևը նույն Գյումրիում զենքով լքեցին զորամասն ու կրակ բացեցին պատահական անցորդների վրա, արդյունքում մահացավ 2 հոգի, 10-ը վիրավորվեցին:

Պոպովին և Կամենևին ձերբակալեցին հայ իրավապահները (ոչ առանց քաղաքացիների օգնության) և այդ անձինք դատվեցին Հայաստանի Հանրապետությունում` Շիրակի մարզի դատարանում (նախագահությամբ դատավոր Էդվարդ Մանուկյանի):

3. Իրավական տեսանկյունից բացարձակ կարևոր չէ, թե որ աշխարհագրական տարածքում է տեղի ունենալու հանցագործության մեղավորի դատը: Կարևոր է, թե որ երկրի դատարանն է այն քննելու:

Այս դեպքում, համաձայն Գևորգ Կոստանյանի, ըստ ամենայնի, Պերմյակովի գործը քննվելու է Գյումրիում ՌԴ կայազորային դատարանը, իսկ գործը վարելու է ՌԴ քննչական կոմիտեյի կայազորային 517-րդ քննչական մարմինը:

Վերոնշյալը իրավական հիմք է տալիս պնդելու, որ հարկավոր է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները հետաքննություն սկսեն այն փաստի շուրջ, թե ինչու են ռուս սահմանապահները հանցագործին հանձնել ռազմաբազայի հրամանատարին: Ինչպես նաև, հարկավոր է քրեական հետապնդման ենթարկել այն սահմանապահներին, ովքեր օգնել են Պերմակյովին խուսափել հայ իրավապահներից»:

Մեկնաբանություններ (1)

Արամ
զարմանալիորեն և մեր լրագրողների ու մեկնաբանների ջանքերով հարցը վարպետորեն շեղվում է բուն էությունից։ Հարցը ճիշտ ուղիով տանելու համար նվազագույնը պետք է արվեր հետևյալ գործողությունները․ ա) Բոլոր պաշտոնական խողովակներով և լրատվական միջոցներով մանրամասն տեղեկատվություն տարածել ի լուր աշխարհի , ինչպես եղավ Փարիզյան դեպքերի կապակցությամբ․ բ) ՀՀ կառավարության անունից պաշտոնական բողոքի նոտա հայտնել ՌԴ կառավարությանը․ գ) հանրապետությունում հայտարարել արտակարգ դրություն հանցագործին վնասազերձելու համար։ դ) անմեղ զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար երեք օրով հայտարարել սուգ։ Եթե չի արվել սրանցից և ոչ մեկը , ապա առնվազն ամոթ է և նվաստացուցիչ է այս խղճուկ «իշխանություններից » որևե բան պահանջելը։ Միակ պահանջը պետք է լինի օր առաջ ազատվելը կրեմլի կամակատարներց։ Միամիտ մարդիք հավաքվում ինչ–որ բաներ են պահանջու գլխավոր դատախազից կամ իշխանությունից իմնալով հանդերձ, որ նրանք ի զորու են միայն ուժ կրառելու փայտերով «զինված » Շանթի խմբի, դեմ ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter