Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ախթալայի կոմբինատի նոր սեփականատերը ամսական 50 հազար տոննա հանքաքար կմշակի



Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն արդեն 3 ամսից ավելի է` այլևս չի պատկանում «Մեթըլ Փրինս» ընկերությանը: Ըստ լեռնահարստացման կոմբինատի նոր  գլխավոր տնօրեն Մարտուն Հակոբյանի` կոմբինատի բաժնետոմսերի 100 տոկոս բաժնետերը այժմ «ՄԱՍԿՕ ՄԱՅՆ» ՓԲԸ-ն է, որը Մ. Հակոբյանի տեղեկացմամբ գրանցված է Երևանում: Տնօրենը Արման Մարտիրոսյանն է: Ընկերության նախագահի և սեփականատիրոջ անունը Մարտուն Հակոբյանը մեզ հրաժարվեց հայտնել: Թեեւ տեղեկություններ կան, որ այն հանքարդյունաբերող Մաքսիմ Հակոբյանին է պատկանում: Կոմբինատի գլխավոր տնօրենը պատասխանեց, որ դա կոմերցիոն գաղտնիք է: Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն`  կա երեք բաժնետեր` Էլիչկա Հարությունյան (67%), Լիդա Հարությունյան (8%), Կարինե Մարության (25%):

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում տարիներ շարունակ կուտակված խնդիրների շուրջ «Հետքը» հարցեր է ուղղել գլխավոր տնօրեն  Մարտուն Հակոբյանին:

Ի՞նչ բարեփոխումներ են կատարել Հակոբյանները Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում:

Մենք 3 ամիսների ընթացքում լեռնահարստացման կոմբինատում տեղադրել ենք նոր աղաց, որը շուրջ 60 տոննա ժամ արտադրողականություն ունի: Դրանով  հնարավորություն ենք ստացել ավելացնել կոմբինատի  արտադրության ծավալները: Վերջին երեք ամիսներին պլանավորել ենք  մշակել ամսական 50 հազար տոննա հանքաքար: Մշակվող խտանյութի քանակը մի քիչ կոմերցիոն գաղտնիք է, թույլ տվեք չասել: Ձեռք ենք բերել նաև 2  ամբարձիչներ, որոնք աշխատելու են բաց հանքի ներսում: Դրանք բավականին թանկարժեք բարձող մեքենաներ են, բեռնատարի դեր էլ են կատարում: ԼՀԿ-ի ամբողջ մեխանիզմը անմխիթար վիճակում է եղել: Մեծ պրոբլեմներ են եղել  աղացների բաժնում, աստիճանաբար դրանք նորոգել ենք: Հանքերը համարյա ավերված են ճիշտ չշահագործվելու պատճառով:  

Ինչպե՞ս կլուծվեն ընկերության հումքի հեռանկարային խնդիրները:

«ՄԱՍԿՕ ՄԱՅՆ» հիմա մոտ 60 մլն դրամ է հատկացրել, որպեսզի վերահաշվարկ կատարվի Շամլուղի բաց և մեր երեք փակ հանքերում:  Այդտեղից կերևա ամեն ինչ: Բայց արդեն գիտենք, որ 3 տարվա պաշար կա: Ճիշտ շահագործելու դեպքում նորից կարող ենք երկարացնել Շամլուղի բաց հանքի կյանքը: Այս պահին, մեր հաշվարկներով, դեռ մի 5-10 տարվա հանքային պաշարներ ունենք: Նախկինում ֆրանսիացիների կողմից և էլի օգտագործված մյուս փակ հանքերը ևս կվերագործարկենք: Դրա համար մեծ նախապատրաստական աշխատանքեր ենք կատարում:

Որևէ միջոցառում ձեռնարկե՞լ եք կոմբինատի բանվորների ծանր աշխատանքային պայմանները թեթևացնելու համար:

Աշխատանքային պայմանների բարելավման համար մենք շատ բան դեռ չենք արել: Նոր պետք է անենք: Փակ հանքերի բաղնիքը շատ հակասանիտարական վիճակում է, Շամլուղի հանքափորները մինչև անգամ բաղնիք չեն ունեցել, ես  իրենց մեր կոմբինատի հաշվին էներգիա եմ տվել, որպեսզի հանքում բաղնիք ստեղծեն: Ֆաբրիկայի աշխատողների աշխատավարձն ավելացել է մոտ 40 հազար դրամով: Այսօր կոմբինատում աշխատում է 700 մարդ, միջին աշխատավարձը կազմում է 200 հազար դրամ:

Դուք, հավանաբար, միջին աշխատավարձը հաշվարկում եք վարչական աշխատողների անհամեմատ բարձր աշխատավարձի հետ միասին:

Այո, միասին եմ հաշվարկում: Բայց բանվորների աշխատավարձն էլ է բավականին բարձրացել: Ունենք բանվոր` 1մլն 250 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Նա հանքափոր է: Մեր աղացների վրա աշխատող բանվորները 240-250 հազար դրամ աշխատավարձ են ստանում:

Ինչպիսի՞ բնապահպանական հիմնախնդիրներ եք ընդունել Ձեր նախորդից:

Քաջարանի պոչամբարներում լավ ռեկուլտիվացիա է կատարվել: Այստեղ  պոչամբարների մի մասը խայտառակ վիճակում է: Սվինեց թաղամասի ճանապարհաեզրի «Նազիկ» պոչամբարը բացվել է արդեն, պոչերը երեսին երևում են: Դա պետք է փակ լինի: Մենք Ախթալայում շատ անելիքներ ունենք: Սովետի ժամանակներում ստորգետնյա հանքերը միշտ էլ դոտացիայով են աշխատել: Բայց հիմա նման բան չկա: Մենք, եթե ուզում ենք շահույթով աշխատենք, պետք է նախապայմաններ ստեղծենք: Նախագծում ենք հիմա պոչամբար կառուցել Ճոճկանի պոչամբարից ներքև, այնտեղ մենք արդեն աշխատանքեր ենք կատարում: 

Ճոճկանի պոչամբարից նե՞րքև: Բայց դա երկաթուղու և Դեբեդ գետի համար պոտենցիալ վտանգ  կդառնա:

Դե, գիտեք, հանքարդյունաբերության հետ կապված ամեն ինչ վտանգ է պարունակում: Բայց ի՞նչ անենք: Հանքը կանգնեցնե՞նք:

Շահառու համայնքերի զարգացմանը գոնե նպաստու՞մ եք:

Բա ինչ ենք անում, մենք մեր կադրերի բաժնին հանձնարարել ենք նախ այս  բնակավայրերից վերցնել աշխատողներ: 320 մարդ Ախթալայից է աշխատում, 80 աշխատող Շամլուղից ունենք, աշխատողներ կան նաև Ճոճկանից: Մեր գալուց հետո մի 100 նոր աշխատատեղ ենք ստեղծել: Իհարկե, հանքարդյունաբերական լավ մասնագետներ մենք այստեղ դժվար ենք գտնում: Հիմա ես տեխնոլոգ եմ փնտրում: Ես պատրաստ եմ նրան 1,5մլն դրամ աշխատավարձ վճարել:  

Պարոն Հակոբյան, Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում հանքարդյունաբերությունը վերահսկում են «Վալլեքս» խմբի ընկերությունները: Նրանց Ձեզ մրցակից համարու՞մ եք:

Մենք ծավալներով չենք կարող նրանց հետ մրցել, բայց մեր արտադրողականությամբ, աշխատողների բարձր վարձատրությամբ պետք է անպայման ձգտենք նրանց հետ մրցել: Վալերի Մեջլումյանին մենք լավ գիտենք: Ես հիշում եմ դեռ 10 տարի առաջ, երբ Մեջլումյանին հանդիպել ենք, մեզ ասել է. «Նայեք, մի օր տեսնելու եք, որ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանից անցնելու եմ»: Ճիշտ է, հիմա չի անցնում, բայց արդեն հասնում է:

Պարոն Հակոբյան, ինչու՞ Մաքսիմ Հակոբյանը որոշեց Լոռիում էլ ծավալել իր հանքարդյունաբերական գործունեությունը:

Մաքսիմը լեռնագործ մարդ է: Մաքսիմ Անուշավանիչը ստեղծող ա:  Քաջարանը համաշխարհային ճանաչում իր ժամանակ ստացավ: Ագարակի կոմբինատը որ կանգնած էր, կառավարությունը հույս չուներ, որ ոտքի կկանգնի: Մաքսիմ Անուշավանիչը գնաց ոտքի կանգնեցրեց: Կապանում էլ  է շատ գործ ստեղծել: Մեջլումյանը որ աշխատում էր, Մաքսիմ Անուշավանիչից խորհուրդներ շատ է ստացել: Հիմա էդ մարդուն էլ տենց է տրված: Մեկ էլ տեսար, էստեղ կարգավորվեց, գնալու է հիմի էլ ուրիշ տեղ ստեղծի:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. orakan 1angam15:41 - 20 հունվարի, 2015
նաև պարտատոմսերի 10% _ը պատկանում է Արսենին
2. Լարիսա Փարեմուզյան21:02 - 20 հունվարի, 2015
Արսենն էլ Սերոբի անվտանգության պետն է` Արսեն Չիթչյանը, այսինքն Բոդոլը:Տեսնես այս պահանջը պարոն Բոդոլը ինչու չի Մադլենի առաջ դրել: Հետաքրքիր է:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ