Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Հաշմանդամ ազատամարտիկն սպասում է նախարարի խոստումի ամբողջական կատարմանը



Կապանցի ազատամարտիկ Արմեն Համբարձումյանը մշուշով է հիշում պատերազմը, մարտական գործողությունները: Որևէ դրվագ չի ուզում պատմել, փոխարենն ասում է, որ պատերազմն իրենից խլել է առողջությունը:

1992 թ. հունիսի 4-ին Ճակատեն գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ գլխից վիրավորվել է, ասում է, որ հիմա էլ գլխի ձախ հատվածում բեկորներ կան: Այդ վնասվածքի պատճառով աջ ձեռքն ու ոտքը պարալիզացել են: Մինչ օրս 5 անգամ գլուխն են վիրատահել, 7 անգամ` ոտքը: «2012 թվից անկողնային եմ: Ոտքս մի քիչ վնասված էր, Մուրացանի հոսպիտալի կողքի խանութում էի, պատուհանի մոտ աչքերս շաղվեցին, մեջքի վրա ընկա: Տեղափոխեցին հոսպիտալ, բժիշկներն ասացին, որ խնձորակս ջարդվել է: Ոտքս չեմ կարողանում դնել գետնին»,- ասում է 45-ամյա Արմենը:

Նրա առողջական վիճակով հետաքրքրվել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ազատամարտիկը պատմում է, որ նախորդ տարի` սեպտեմբերի 15-ին, իրեն անձամբ զանգել է նախարարը, հարցրել է՝ ոնց է վիճակը, ինքն էլ ամեն բան ներկայացրել է: Արմենը նշում է, որ նախարարն ասել է՝ համապատասխան հանձնարարականներ կտա, խոստացել է նաև էնդոպրոթեզավորել խնձորակը: «Աջ ոտքս սկսել է սևանալ, հիմա որ բացեմ, ցույց տամ, կարող ա փախնես մեր տնից: Ես իմ կամքով համաձայն եմ, որ ոտքս ծնկից ներքև կտրեն, պրոթեզ դնեն, գոնե էսքան չեմ տանջվի»,- ասում է ազատամարտիկը:

Նախարարն, ըստ Արմենի, իրեն ասել է՝ խնդիր չկա, դու արի, հարցերը կլուծենք: Դրա հաջորդ օրն իրեն զանգահարել էր ՊՆ բուժվարչության պետ Կամավոր Խաչատրյանը՝ հետաքրքրվել էր, թե ինչ է ասել նախարարը: Արմենի խոսքով՝ ինքն ասել էր, որ նախարարն իրեն հանձնարական է տվել, թող կատարի: Քանի որ հանձնարականն արդեն կար, Արմենն ու եղբայրը գնացել են հոսպիտալ: «25.000 մեքենային փող եմ տվել, ախպորս հետ գնացել ենք Երևան, ճանապարհին` Արտաշատից, զանգեցի բուժվարչության պետին, բայց չպատասխանեց զանգիս, տեղակալները վերցրեցին հեռախոսն, ասացի` դեղս պատրա՞ստ է, ասացին` հա: Հասա ընդունարան, տեսա մարդ չկա, աշախատողներից մեկն եկավ, ասաց` կներես, Արմեն ջան, քեզ չենք ընդունում: Էդ պահին քիչ էր մնում կալյասկային նստած մեջքիս վրա ընկնեի»,- պատմում է առաջին կարգի հաշմանդամը:

Այնուհետև Արմենին տեղավորել են «Արմենիա» բժշկական կենտրոնում: Առաջին շաբաթվա ընթացքում զուգարանում ընկնել է: Զուգարանը հիվանդասենյակից հեռու էր: Ասում է՝ զուգարաններով հիվանդասենյակներ կան՝ 10.000 դրամ վճարով, որոնք, սակայն, թանկ էին իր համար: Դրանից հետո նրան տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ ոտքի ջլի վիրահատություն են կատարել, ոտքի բութ մատների եղունգները հանել: «Եթե խնձորակս ջարդված է, ոտքի ջլի վիրահատությունն ինչի՞ս է պետք: Ախր, սկզբից պետք է վիրահատեն խնձորակս, ոտքս կտրեն, պրոթեզավորեն, որ ոտքս կարողանամ դնել գետնին»,- ասում է նա:

Լևոնը լրացնում է եղբոր խոսքը: Արմենի՝ հաշմանդամության 2 ամսվա թոշակը և կապանցի դպրոցականներին կողմից հավաքած գումարը վերցրել-գնացել էին Երևան:

«Ինտերնետում գրել են, թե նախարարը 2 մլն դրամով աջակցել է ինձ էնդոպրոթեզի համար, բայց հազար դրամ փող չեն տվել ինձ: Կոմբինատին դիմել էի, ասացին` հենա նախարարն օգնել ա քեզ»,- ասում է զրուցակիցս: Նրա դեմքի մկանները մեր զրույցի ժամանակ մերթընդմերթ կծվկում են, ցավը, կարծես, անընդհատ գլորվում է դեմքին: Ասում է՝ ամսական 90.000 դրամ հաշմանդամության թոշակ է ստանում, որոնք ծախսում է դեղերի և սննդի համար: Մինչդեռ խնձորակի վիիրահատությունն, ըստ նրա, 6.000 դոլար արժե:

Հետո նշում է, որ երբ իմացել էր կապանցի դպրոցականների ակցիայի մասին, ովքեր փողոցներում նրա բուժման համար գումար էին հավաքում, ամաչել էր: Իր պահանջը պետությունից է: Իսկ իշխանությունը ներկայացնողների հետ Արմենն այսօր չի կարողանում կապ հաստատել՝ նախարարի, բուժվարչության պետի հեռախոսահամարներն անջատված են: «Ինձ ուղարկել էին Կարմիր խաչ, էնտեղ ասացին` դու մեր հիվանդը չես, քո ոտքից արտադրություն է գալիս, ցեխի վաննաներ չեն կարելի, մասաժ չի կարելի: Ասացին` պրոթեզդ պիտի արվի, բուժվիր` արի էստեղ, մասաժը կանենք, 14 օր կպահենք»,- ասում է զրուցակիցս:

«Ես իմ կամքով ուզում եմ կտրեն ոտքս, մեղք եմ, տանջվում եմ: Իսկ էս վիճակս պատերազմի հետևանք ա: Հիմա իրանք «Ջիպերով» ման են գալիս, թող տանեն, ոտքս բուժեն»,- այս խոսքերից հետո Արմենը հայացքը շրջում է դեպի պատուհանը, ձեռքը նկալիորեն դողում է: «Փոշմանե՞լ եք, որ պատերազմին մասնակցեցիք»,- հարցնում եմ նրան: «Հիմա փոշմանում եմ, որ մասնակցել եմ: Հեսա որ սկսի պատերազմը, ովքե՞ր են գնալու: 45 տարեկան եմ, բայց կյանքիս կեսը տանջվում եմ... Ո՛չ ընտանիք ուեմ, ո՛չ տուն (Արմենը բնակվում է եղբոր ընտանիքի հետ): Էն չոլի մեդալն էլ չեն տվել: Ես մենակ մի բան եմ ուզում, որ ինձ բուժեն: Ինձնից բեթարն էլ կա, բան չունեմ ասելու»,- նրա աչքերում հանկարծ հայտնվում են կարմիր բծերը, ձայնն սկսում է թրթռալ: Հայացքը դարձյալ թեքում է դեպի պատուհանը: Ասում է՝ այսօր պատուհանն է իր միակ կապը դրսի աշխարհի հետ: Եղբայրը, որ սենյակի մուտքի մոտ կանգնած լսում է, արձագանքում է. «Գոնե վիրահատեն, կարողանա իր ոտքով գնա խանութ կամ հենց էս պատուհանի պատի տակ նստի»:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. hay08:52 - 21 հունվարի, 2015
հազար ափսոս չի կարելի քրֆել, թե չէ նենց մի հավեսով քֆուր կանեի մեր սուտի գեներալներին.... վայ հարամ ըլնի ձեր երեխեքի կերածը, ձեր ապրածը,ձեր կյանքը... դուք գեներալներ չեք, դուք սատանի ճտեր եք... նենց եք անում,որ մարդ ցանկանա Ավետիսյանների ողբերգությունը ձեր տանը լինի: Բա էս ինչ օրն եք գցել էս տղուն? արա ամոթ չունեք դուք? դուք մարդ չեք? դուք հասկանում եք գոնե , որ ձեր եսօրվա փարքն ու սուտի պատիվը այ էս տղերքի շնորհքն ա, էն որ իրանք կռվել կես մարդ են դարել, իսկ ձեր լակոտները միջտիեզերական կայֆերի մեջ են, այ սրանց կյանքի, առողջության հաշվին: երբ պիտի մեր ազգը մաքրվի ձեզնից ....
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ