HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սաստիկ հարկավոր է, որ աշխարհն հիմնապէս վերափոխվի ու ախտահանվի

Լեռ Կամսար

Կիրակի 19․- Այլևս պարզ է, որ Ամերիկան հաստատ մտադրված է ծունկի բերել Ռուսաստանը․ պատրաստությունները հեռվէն են սկսած և շատ լուրջ բնույթ կկրէն։

Բայց ինձի հետաքրքրողն այն է, թէ այս անկարգ երկրին տիրելէն ետքը ինչպէ՞ս պիտի վարվի հետը։ Մազերը խուզէ, մորուքը հարդարէ, բաղնիք տանէ և եվրոպական շորեր հագցունէ՝ մա՞րդ դարձունէ պիտի, թէ՞ զէնքն ձեռքէն առնէ՝ այնպէս ալ ձգէ։

Ռուսաստանն ամբողջովին քաղաքակրթել նպատակահարմար չէ։ Իմ կարծիքով փոքրիկ մաս մը այս երկրէն թողնելու է որպէս «երկրագնդի» փորձադաշտ։ Կարող է պատահել, որ հեռավոր ապագայում գտնվեն մարդիկ, որ աշխարհի կարգը փոխելու նոր վարդապետություն մը հղանան և զայն կամենան փորձարկել ժողովուրդի մը վրա։ Ամէն ժամանակ ծաղկյալ, քաղաքակիրթ երկիր մը ապականել չըլլար։ Հետո ամէն մարդ ռուս ժողովուրդ չէ, որ անտրտունջ թող տա ամէն տեսակ փորձեր կատարել իր գլխուն։ Մոսկվան իր շրջապատով մնա փորձադաշտ՝ մնացյալ մասերը քաղաքակրթվեն։

․․․Արտաքնոցն ալ, մի առանձին հրապույր չունի ինքն իրեն վերցուցած, բայց թէ կրնա՞ք երևակայել կուլտուրական բնակարան մը առանց արտաքնոցի․․․

            ----------

Երկու կործանարար «էներգիա» կճանչնամ աշխարհիս մէջ․ մէկը ատոմային ռումբը, մյուսը հայ կուսակցությանց մեջ եղած ատելությունը։ Առաջինը Ճապոնիայում քաղաք մը կործանեց, երկրորդն հայություն մը բնաջնջեց։

Այս բոլոր ներգաղթող հայերը Հայաստան կուգան ու սովէն կկոտորվէն լոկ այն պատճառով, որպէսզի հակառակեն արտասահմանի դաշնակցության տված խորհուրդին, թէ մի գնաք՝ այնտեղ սով է։ Դաշնակցությունն եթէ քարոզէր, թէ գացէք, Հայաստան ծով է, կհավատացնեմ՝ ոչ մէկը չէր գա։

Ատոմային ռումբը նոր է, ընդամէն չորս տարվա պատմություն ունի, և կհավատամ, որ օր մը փոխելով իր ռազմական բնույթն մարդկության բարօրությանը ծառայէ և ամէն պայթելուն փոխանակ քանդելու, քաղաք մը շինէ, բայց հայ կուսակցությանց հակամարտությունը դարերու պատմություն ունի, և ես այն կարծիքն ունեմ, որ երբ ալ պայթելու լինի, միշտ երկու քաղաք պիտի կործանէ․․․

Ուրբաթ 20․- Արդէն հիմա պարզ կհասկցվի Ամերիկայի մտադրությունը։ Անիկա որպէս աշխարհի տէր, հաստատ որոշեր է հիմէն քանդել այս աշխարհը և նորը կառուցել։

Անգլիան աղյուս տա՝ Ամերիկա կառուցէ։

Այս նպատակով հարկավոր է՝ նախ դատարկել աշխարհի պետական կազմերը, դուրս տանել, որ վերակառուցելէն ետքը գան ու տեղավորվեն։

Բոլոր պետություններ արդէն իրենց «վեշչերն» հավաքեր դուրս են եկեր, իսկ Ռուսաստանն կըսէ՝ ես տեղէս չեմ շարժեր, իմ շինած սոցիալիզմն հազիվ եմ դասավորեր, որ տեղէն շարժեց, այլևս տեղը դնել չըլլար։

Ամերիկա կըսէ՝ բարձրացիր տակդ ավլեմ, նստիր։ Ստալին վտանգված թխսամոր նման ինքզինքը կճզմէ իր «ճուտերու» վրա սպաննելու չափ ու վեր չի ելներ։

Ամերիկա՝ այ մարդ կըսէ, մի խանգարեր ինձի, թող որ քո «երջանիկ» երկիրն երջանիկ ընեմ։ Չէ՛, կըսէ Ստալին, իմ երկիրն պիտի «երջանիկ» մնա։ Որու հետևանքով, Ամերիկա ձեռքի ավելը ուժով Ստալինի գլխուն կզարնէ ու կհեռանա Մոսկվայի կոնֆերանսէն։

Վերջէն, այս բոլորէն հետո, Ստալինն ելավ տեղէն ու հայտարարեց թերթերու միջոցով․ «Մենք որոշ հարցերում համաձայնության եկանք Ամերիկայի հետ համագործակցել․․․»։

----------

Բայց իրոք սաստիկ հարկավոր է, որ աշխարհն հիմնապէս վերափոխվի ու ախտահանվի։

Մարդկությունն ուղղակի կքեր է պատմության, կրոնական հավատալիքներու, հնացած սովորույթներու, գրադարաններում լեռնացած գրքերու դէզին տակ։

Ներկայիս, գիտնական ըլլալու համար, պէտք է ծանոթ ըլլաս Առաջին մարդու կարծիքներէն մինչև Վերջին մարդու կարծիքը։ Ըստ իս՝ այդ բոլոր կարծիքները անգամ մը պէտք է ավլել, դուրս թափել և նո՜ր սկսել կարծել։

Օրենք է, ամէն բարեկարգ հաստատություն կբեռնաթափէ իր արխիվը։

Եթէ մենք չբեռաթափենք աշխարհն իր հնացած մտայնություներէն, շնչահեղձ պիտի ըլլանք «դարերու ժառանգության» տակ ապաքեն․․․

Հինգշաբթի 4․- Ռուսաստանի և իր դաշնակիցներու՝ Անգլիո ու Ամերիկայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզվածի պէս են։ Երկու տարի ամբողջ «հաշտություն» խաղալէն ձանձրացած, յուրաքանչյուրն իր տունն է քաշվեր ու դուռն ալ փակեր։ Չորրորդ դաշնակից Ֆրանսիան, գիտեք արդէն, բացօթյա կապրի։

Ներկայիս քաղաքական դրությունն շատ նմանություն ունի այն պահին, երբ Նոյը տապանն պատրաստեց, ամէն ինչ վերջացուց, կենդանիք ներս առավ, դուռը կպրով փակեց ու ներսը նստած ջրհեղեղի կսպասէր։

Դրություն մը այնքան լարված, որ մարդ կզգուշանա անգամ համարձակ միզել, ջրհեղեղի սկիզբն կարծել չտալու համար․․․

1947թ. անտիպ

Մեկնաբանություններ (2)

Эдвард
Խեղճ մարդն ինչ իմանար, որ 70 տարի հետո Ռուսաստանն ինքն է ստիպված լինելու քաղաքակրթել «գլուխները խուզած» ու «սեռ չճանաչող» այլասեռված աշխարհը:
В ГЕОПОЛИТИКЕ НЕ СУЩЕСТВУЕТ МОРАЛЬНОСТЬ!
Нельзя исключить любую версию. С азербайджаном фактическая война. И сколько раз они восклицали - если эти русские не были бы там! Не давно же ВВП решил дружить с тюрками (и с азерами естественно). Наверняка они и просили уступить Армению, и цену договорились? Что удивительное, Россию ведь спасать надо, где там Армения! Для этого же нужно вывести базу и аннулировать 50 летный гарантирующий контракт, что просто так не сделаешь без весомой мотивации. Лучше будет что это иницировали бы самы Армяне!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter