HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիանի քաղաքապետարանը դադարեցրել է իր հիմնադրած լրատվամիջոցի ֆինանսավորումը

Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստում 7 կողմ եւ 2 ձեռնպահ ձայնով հաստատվել է համայնքի 2015թ. բյուջեն, որի նախատեսվող եկամուտները կազմում են 389 մլն 436 հազար դրամ, իսկ ծախսերը՝ 394 մլն 441 հազար դրամ: Համայնքի բյուջեի դեֆիցիտը կազմում է 5004.8 հազար դրամ: Քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն այն անվանում է գոյատեւման բյուջե եւ ընդգծում, որ համայնքն այդ միջոցներով կապիտալ ծրագրեր իրականացնել չի կարող։

2014թ. համեմատությամբ ընթացիկ տարում ակնկալվող եկամուտների եւ նախատեսվող ծախսերի առումով որոշակի փոփոխություններ են կատարվել բյուջեում, որոնցից մեկը վերաբերում է Սիսիանի քաղաքապետարանի հիմնադրած «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի ֆինանսավորմանը: Նախորդ տարվա բյուջեում «Ռադիոհաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծախսեր» հոդվածով նախատեսված 6 մլն դրամի դիմաց այս տարի ընկերության համար բյուջեով հատկացումներ չեն նախատեսվել:

«Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հովակիմյանն ասում է, որ չնայած ֆինանսավորումը դադարեցվել է, սակայն ընկերությունը շարունակում է ծառայություն մատուցել «Սիսիանի քաղաքային համայնքի կարիքների համար լրատվական ծառայության ձեռքբերման» մասին հիմնադրի հետ կնքված պայմանագրի շրջանակում: «Թերթը չի հրատարակվում, բայց շարունակում ենք տեղեկատվություն ապահովել sisian.info կայքի միջոցով»,- ասում է խմբագիրը: Վերջինիս կարծիքով, հավանաբար, մի որոշում կկայացնեն ֆինանսավորման վերաբերյալ: 

Թե համայնքային բյուջեի որ հոդվածից մասհանում կկատարվի տեղական իշխանության հիմնադրած ընկերության գործունեության համար, կամ՝ կֆինանսավորվի՞ արդյոք, առայժմ հայտնի չէ: Սակայն փաստ է, որ «Սիսիանի լրատու» ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ «Սիսիանի քաղաքային համայնքի կարիքների համար լրատվական ծառայության ձեռքբերման» վերաբերյալ կնքված պայմանագիրը  դեռեւս չի լուծարվել: Հիշեցնենք, որ պայմանագրի շրջանակում ընկերությունը պարտավորվել էր Սիսիանի քաղաքապետարանին մատուցել հետեւյալ ծառայությունները՝ տպագրել 500-ական օրինակ  տպաքանակով, ընդհանուր 22.000 տպագիր մամուլ ծավալով թերթ, ինչպես նաեւ պատրաստել հեռուստահաղորդումներ:

Նույն պայմանագրի համար, 2014թ. մայիս-հունիս ամիսներին «խոշոր չափի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, խարդախություններ կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու» հիմքով քրեական գործ է հարուցվել լրատվական գործունեություն իրականացնելու նպատակով Սիսիանի քաղաքապետարանի հիմնադրած «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հովակիմյանի եւ ընկերության ֆինանսական պատասխանատու Հասմիկ Եսայանի նկատմամբ: Նույն գործում որպես մեղադրյալներ ներգրավված են նաեւ Սիսիանի  քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանը եւ համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Աշոտ Գրիգորյանը:

Քրեական գործի դատաքննությունը դեռեւս չի ավարտվել, բայց քաղաքապետարանն, ըստ էության, միակողմանի դադարեցրել է պայմանագրով ստանձնած պարտավորությունները՝ լրատվական գործունեություն իրականացնելու նպատակով «Սիսիանի լրատուի» ֆինանսավորումը: «Մեր աշխատակազմը սովորական ռիթմով աշխատանքի է գնում, լուծարման մասին որեւէ փաստաթուղթ չենք ստացել, բայց փաստ է, որ բյուջեով ընկերության գործունեության համար ֆինանսներ չեն նախատեսվել»,- ասում է Ա. Հովակիմյանը:

Դեռեւս օգոստոս ամսից սկսած սույն գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ինը դատական նիստ է հրավիրվել,  որից յոթը չի կայացել, երկուսը՝ հետաձգվել է գործում նոր փաստաբաններ ներգրավելու միջնորդությունների հիման վրա: Դատական նիստերի ձգձգման արդյունքում շրջանառվում են խոսակցություններ այն մասին, որ գործում որպես մեղադրյալ ներգրավված քաղաքապետի փաստաբանը պատրաստվում է իր պաշտպանյալի նկատմամբ վաղեմություն կիրառելու միջնորդություն ներկայացնել դատարանին:

Միջնորդությունը բավարարվելու դեպքում մեղադրյալի աթոռին կմնան միայն լրատվական գործունեություն իրականացնողները: Դեռեւս պարզ չէ, թե արդյոք ա՞յս սցենարը նկատի ունենալով է համայնքային բյուջեից հանվել «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ին ֆինանսավորելու հոդվածը: Սակայն մտավախություն կա, որ հետագայում ընկերությանը նախորդող ամիսների գործունեության համար ֆինանսավորելու դեպքում կարող է նույն սցենարը կրկնվել՝ նոր քրեական գործ հարուցվել:

Լուսանկարում՝ ձախից՝ Արմեն Հովակիմյանը և քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter