HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու ավագանու ուղերձները՝ ուղղված երկրի գլխավոր դատախազին և գյումրեցիներին

Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգային միակ հարցը համայնքի բնակչությանը եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ուղղված ուղղերձների քննարկումն էր: Գյումրեցիներին ուղղված ուղերձում տեղական իշխանությունները կոչ են անում վերջիններիս պահպանել հանգստություն, ցուցաբերել համբերություն եւ զսպվածություն: Ուղերձում նշված է, որ քաղաքային իշխանությունները դատապարտում են Գյումրիում հունվարի 12-ի Ավետիսյանների ընտանիքի սպանդն իրականացրած ոճրագործի նողկալի արարքը՝ հավաստիացնելով, որ լինելու են պահանջատեր եւ հետեւողական, որպեսզի հանցագործը ստանա իր արժանի պատիժը:

«Այդ կապակցությամբ ՏԻՄ-ը, համագործակցելով պետական եւ իրավապահ կառուցների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ, ձեռնարկում է բոլոր միջոցները բնակչության անվտանգության ապահովման, հնարավոր սադրանքներից խուսափելու եւ ժողովրդի արդարացի պահանջների կատարումը համապատասխան մարմինների կողմից բավարարելու ուղղությամբ»,-նված է բնակչությանն ուղղված ուղերձում:

Քաղաքապետարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն, ստեղծվել է աշխատանքային խումբ, գործում է թեժ գիծ (0312 2-22-22): Հերթապահություն է սահմանվել նաեւ քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպություններում:

ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին ուղղված ուղերձում Գյումրու ավագանին հույս է հայտնում, որ դատախազը կանի հնարավորը՝ հանցագործության նախաքնությունը հայ իրավապահներին հանձնելու եւ գործի քննության արդարացիությունն ու թափանցիկությունն ապահովելու համար:

«Ողբերգությունն առաջացրել է համայնքի բնակչության արդարացի վրդովմունքը: Ազգաբնակչության մեջ տիրող լարվածությունը չի թուլանում, որը հղի է լուրջ հետեւանքներով, ինչի ականտեսը եղանք վերջին օրերին: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել գործուն քայլեր: Հուսով ենք արդարադատությունը կհաղթանակի, եւ մեղավորները կստանան արժանի պատիժ՝ օրենքի ողջ խստությամբ»,-ասված է ուղերձում:

Ավագանու անդամ Լ. Բարսեղյանն առաջարկեց գրեթե նույնաբովանդակ ուղղերձ էլ հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձի պատրաստի տեքստն ավագանու անդամն իր հետ բերել էր եւ խնդրեց քաղաքապետի թույլտվությունը ներկաներին բաժանելու համար: Քանի որ ավագանու արտահերթ նիստում օրակարգային նման հարց չկար, քաղաքապետը ավագանու անդամի առաջարկը դրեց քվեարկության:

Ավագանիները 15 րոպե ընդմիջում խնդրեցին լրացուցիչ հարցը միայն ավագանիներով քննարկելու համար, քանի որ Սամվել Բալասանյանը դեմ էր հունվարի 19-ի նիստում այդ հարցի քվեարկությանը: Ընդմիջումից հետո վերադառնալով՝ ավագանիների անունից Լ. Բարսեղյանը հայտարարեց, որ առայժմ ձեռնպահ են մնում երկրի նախագահին ուղարկվելիք ուղերձի քննարկումից, կսպասեն, տեսնեն ինչ արդյունքների կհանգեցնի ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ուղերձը, այնուհետեւ փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կայանալիք ավագանու հերթական նիստի ժամանակ նախագահին ուղղված ուղերձի տեքստը կդարձնեն քննարկման առարկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter