HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի մարզպետը մերժեց ռազմաբազայի հրամանատարի առաջարկած դրամական օգնությունը Ավետիսյանների մերձավորներին

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այսօր մամլո ասուլիս էր հրավիրել, որտեղ հիմնականում խոսեց հունվարի 12-ից մինչեւ օրս տեղի ունեցած իրադարձությունների եւ իրականացրած միջոցառումների մասին: Ֆելիքս Ցոլակյանը նախ խոհեմության կոչ արեց գյումրեցիներին՝ հորդորելով չտրվել զգացմունքներին:

Շիրակի մարզպետը հայտարարեց, որ ինքը միանում է գյումրեցիների արդար դատավարության պահանջին, որ պիտի իրականացվի միմիայն ՀՀ-ում եւ միայն հայ իրավապահների կողմից:  Նրա համար անհասկանալի էր մնացել, թե ինչու այդ պահանջն այդպես էլ գրավոր ձեւակերպում չստացավ ցուցարարների կողմից եւ չներկայացվեց ուր հարկն էր:  

«Ես խոսեցի այսօր ցույցի ղեկավարների հետ, ասացի՝ ես չեմ հասկանում, դուք կանգնում փողոցում գոռում եք, բայց պետք է ունենաք գրավոր պահանջ եւ որ այդ պահանջը պետք է ներկայացնել ուր հարկ է, մի բան, որ դուք այդպես էլ չարեցիք»,-նկատեց մարզպետը:

Ըստ մարզպետի, քաղաքում հակառուսական տրամադրություններ չկան: Խաղաղ ցույցերին մարզի ղեկավար դեմ չէ, դեմ է՝ արյունահեղությանը: Համարում է, որ այն, ինչ կատարվեց հունվարի 15-ին, հնարավոր էր եւ խուսափել, եթե չլինեին հրահրողներ:

Անցած երկու-երեք օրերին բուժօգնության դիմողների թիվն ավելացել է՝ հիմնական դիմողները ոստիկանության աշխատակիցներ են, որ հունվարի 15-ին մասնակցել են հյուպատոսարանի դիմաց ցուցարարների հետ բախմանը: Այսօր Գյումրու բժկական կենտրոն են դիմել 5 ոստիկան: Մարզպետի փոխանցմամբ, ընդհանուր տուժածների թիվը հասել է 33-ի:

Ասուլիսն ընդահատվեց 102-րդ ռուսական ռազմաբազայի գլխավոր հրամանատարի զանգով: Վերջինս տեղեկացնում էր Ֆելիքս Ցոլակյանին, որ գումար են հավաքել եւ իրենց ֆինանսական աջակցություն են առաջարկում Ավետիսյանների հարազատներին: Սակայն մարզպետը մերժեց առաջարկը՝ նշելով, որ հարմար չի գտնում այս պահին որեւէ ֆինանսական աջակցություն ռազմաբազայի կողմից:

Մեկնաբանություններ (1)

անզոր
իրենց նստացրեք և ստիպեք ծամեն-ուտեն այդ փողը...մինի գենոցիդ ... և ոչ թե պատիժ, այլ արյան գին... սրտխառնանք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter