HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Սա վտանգավոր խաղ է Ադրբեջանի իշխանությունների կողմից...»

2015 թ. սկզբից եւեթ հայ-ադրբեջանական սահմանին չի դադարում լարվածությունը: Հակառակորդն այս ընթացքում «աչքի է ընկել» դիվերսիոն գործողություններով, տարբեր տեսակի ու տրամաչափի զենքերով հրադադարը խախտելով:

Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ԼՂՀ-Ադրբեջան սահմանի հարավային ու արեւելյան ուղղություններով հակառակորդը դիվերսիոն-հետախուզական գործողություններ ձեռնարկեց, որոնց դիմագրավելու ժամանակ զոհվեցին ՊԲ զինծառայողներ շարքային Վարդան Մկրտչյանը եւ լեյտենանտ Կարեն Գրիգորյանը: Մեկ այլ զինծառայող` Վոլոդյա Հարությունյանը, վիրավորվեց: Ըստ ԼՂՀ ՊԲ-ի` գրոհող կողմը կորուստներով հետ էր շպրտվել: Հունվարի 3-ին ադրբեջանական կողմը հայտնեց, թե հայերը նռնականետներով ու ականանետներով հրետակոծել են Աղդամի շրջանի մի քանի գյուղեր, ինչը ՊԲ-ն հերքեց: ԼՂՀ պաշտպանական գերատեսչության համաձայն` հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է ինքնաձիգներ, գնդացիրներ, դիպուկահար հրացաններ, նռնականետներ, նույնիսկ 60 եւ 82 մմ տրամաչափի ականանետներ:

Հունվարի 6-ին ՊԲ-ն հայտարարեց, որ թշնամուն զսպելու համար ձեռնարկել է պատասխան գործողություններ, որոնց ընթացքում շարքից հանել է առնվազն 3 զինծառայողի, որոնցից մեկը ենթասպա Էլդար Մամեդովն էր: Ադրբեջանական կողմը հերքեց իր կորուստների մասին լուրը, փոխարենը հայտարարեց, որ ականի վրա պայթել, սակայն ողջ է մնացել ենթասպա Շամո Մամեդովը: Հայկական կայքերը գրեցին, որ մարտերի ընթացքում զոհվել է նաեւ ՊԲ 2 պայմանագրային` զորակոչված ԼՂՀ-ից: Հետագայում այս լուրը հաստատվեց:

Հունվարի 11-ին` 17:30-ի սահմաններում, հակառակորդը փորձեց դիվերսիա իրականացնել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Գրոհայինները իրենց ճանապարհին հանդիպել էին 80-ամյա հովիվ, ոսկեւանցի Սերյոժա Սարգսյանին ու սպանել նրան: Սակայն հայկական ստորաբաժանումները դարանակալել էին հակառակորդին եւ կասեցրել առաջխաղացումը: Հետ շպրտվելու ժամանակ ադրբեջանցիները միջդիրքային գոտում թողել էին մեկ դիվերսանտի դի, որը շուտով հայկական կողմի համաձայնությամբ հանվեց չեզոք հատվածից: Նույն օրվա գիշերը թշնամին դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձեր էր կատարել նաեւ ԼՂՀ Ջրաբերդի եւ Ակնայի ուղղություններով, սակայն հետ էր մղվել` կորուստներ կրելով:

Հունվարի 12-ի 16:00-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության դիրքերում հակառակորդի կրակոցից վիրավորվեց 23-ամյա զինծառայող Միսակ Հակոբյանը: 2 օր անց` հունվարի 14-ին, արաքսամերձ Հորադիզի մոտ ԵԱՀԿ դիտարկումն ընդհատվեց ադրբեջանական կողմի կրակոցի պատճառով:

Հունվարի 17-ի ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեւան գյուղի դիրքերում էլ թշնամու կրակոցից զոհվեց նույն համայնքի բնակիչ, 21-ամյա պայմանագրային զինծառայող Արման Հարությունյանը:

Զոհ ունեցանք նաեւ այս գիշեր: ՊԲ-ի հաղորդմամբ՝ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական զինուժը շփման գծի տարբեր հատվածներում ձեռնարկել է 8 դիվերսիոն-հետախուզական գործողությունների փորձեր, սակայն հանդիպել է հայկական կողմի դիմադրությանը ու կորուստներով նահանջել է: Մարտերի ժամանակ զոհվել է հարավային ուղղության զորամասերից մեկի զինծառայող, 20-ամյա Սուրեն Փիլոսյանը:

Սահմանում ստեղծված իրավիճակի մասին «Հետքի» հարցերին պատասխանում է ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ, քաղաքագետ Արտակ Բեգլարյանը:

-2015-ը հայ-ադրբեջանական սահմանին սկսվեց, կարելի է ասել, աննախադեպ լարվածությամբ: Հայկական կողմն անցած օրերին ունեցել է 7 կորուստ` 6 զինծառայող, 1 քաղաքացիական, եւս 2 վիրավոր: Հակառակորդը գործի է դրել տարբեր տեսակի զենքեր, այդ թվում` ականանետներ: Ըստ Ձեզ, ինչո՞վ պետք է պայմանավորել Ադրբեջանի նման ծայրաստիճան ագրեսիվ վարքագիծը:

-Այո՛, ցավոք, հակառակորդը տարին սկսել է ագրեսիվ վարքագծով, ինչը հանգեցրել է կորուստների թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերից: Կարծում եմ՝ մի քանի գործոններ են ընկած այդ վարքագծի հիմքում: Նախ՝ տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս ռազմաշունչ հայտարարություններով Ղարաբաղը գրավելու վերաբերյալ: Դրանով ստեղծել են հայտարարությունների եւ գործողությունների ակնկալիքների որոշակի շեմ սեփական հասարակության աչքերում: Այս նույն հանգամանքն իր ազդեցությունն ունի նաեւ հայկական հասարակության եւ միջնորդների դեպքում, քանի որ հոխորտանքներին չհամապատասխանող անգործության ֆոնին անընդհատ ագրեսիվ հայտարարություններն ընկալվում էին սովորական եւ անթույն հայերիս եւ միջնորդների մոտ՝ մոտավոր հետեւյալ տրամաբանությամբ՝ «շուն է էլի, հաչում է»...

Հետեւաբար, իրենց իսկ սեփական հայտարարություններով նրանք իրենց ստիպեցին գնալ էսկալացիայի կամ դրա իմիտացիայի, որպեսզի սեփական հասարակության մոտ հիասթափություն, իսկ հայկական հասարակության եւ միջնորդների մոտ՝ հարմարվողականություն չառաջացնեն: Սա վտանգավոր խաղ է Ադրբեջանի իշխանությունների կողմից, քանի որ ինչ-որ կետում ստիպված են լինելու դադարեցնել էսկալացիան (եթե ոչ հետընթաց քայլ կատարել)՝ արդյունքում ավելի մեծ հիասթափություն պատճառելով պատերազմ ցանկացող հասարակությանը: Ինչպես ժողովուրդն է ասում, «պետք է ոտքը սեփական վերմակի չափով մեկնել»:

Երկրորդ՝ Ադրբեջանի ներքաղաքական խնդիրների սրվելուն զուգահեռ, կարծես թե, աճում է նաեւ առաջնագծի լարումը, ինչը շատերի կողմից բացատրվում է անվտանգության գործոնի սրման միջոցով ընդդիմության ձայնը խլացնելու փորձով: Այս համատեքստում եւս կարելի է մեկնաբանել լարվածության աճը, քանի որ վերջին տարվա ընթացքում ադրբեջանական իշխանությունները կոշտացրել են իրենց պայքարը հնարավոր մրցակիցների եւ քննադատների դեմ:

Երրորդ՝ անկասկած, ընդարձակ տարածաշրջանում կատարվող աշխարհաքաղաքական զարգացումները եւս ազդեցություն ունեն Բաքվի վարքագծի ձեւավորման վրա: Այն փորձում է օգտվել Ռուսաստան-Արեւմուտք տարաձայնություններից՝ դրանք պրոյեկտելով ղարաբաղյան հարցի վրա կամ ուղղակի համարելով, որ արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը որոշակիորեն շեղված է Հարավային Կովկասից, եւ կարելի է փորձել ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան ճակատում: Իհարկե, կան նաեւ այլ գործոններ, սակայն վերոնշյալները կհամարեի հիմնական ազդեցիկ պատճառները:

-Որպես քաղաքագետ` կիսու՞մ եք այն տեսակետը, որ Բաքվի ներկա մարտավարությունը կարող է կապված լինել ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցելու հետ:

-Աշխարհաքաղաքականության մեջ սովորաբար միապատճառ գործողություններ չեն լինում: Ուստի, չեմ բացառում, որ Հայաստանի էլ ավելի մերձեցումը ՌԴ-ի հետ կարող էր սադրանքների դիմելու առիթ դառնալ Ադրբեջանի համար՝ այլեւայլ նպատակներով: Այնուամենայնիվ, հակված եմ այն մտքին, որ Ամանորի եւ Սուրբ ծննդի տոները, այնուհետեւ Գյումրիի ողբերգության հետեւանքով ձեւավորված ներհայաստանյան լարումն ավելի էական առիթներ էին տեղային էսկալացիայի գնալու համար, որոնք տեղավորվում են հակառակորդի գործելաոճի տրամաբանության շրջանակներում: Վերջիվերջո, չմոռանանք, որ սադրանքները նորույթ չեն առաջնագծում, եւ անցած տարին էլ պակաս չափով աչքի չընկավ այդպիսի դեպքերով, այնինչ ԵՏՄ-ն ՀՀ-ում գործում է միայն հունվարից: Իսկ ինչ վերաբերում է հատկապես վերջին ամիսներին որդեգրած մարտավարությանը, ապա դա կպայմանավորեի թե՛ նախորդ հարցի պատասխանում նշածս պատճառներով, թե՛ Բաքվի ռազմական ղեկավարության փոփոխությամբ եւ մի շարք այլ հանգամանքներով՝ միգուցե այդ թվում եւ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացով:

-Ադրբեջանական կողմի կրակոցի պատճառով ընդհատվեց նաեւ ԵԱՀԿ դիտարկումը: Բաքուն վաղուց չի թաքցնում դժգոհությունն ու անվստահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդեպ: Արդյո՞ք այս ամենը սադրանք է Մինսկի խմբի ձեւաչափի ու այն պաշտպանող ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի դեմ:

-Ադրբեջանը բազմիցս խոչընդոտել է դիտարկումների ընթացքը՝ թե՛ կրակոցներով, թե՛ ուղղակի տեխնիկական դժվարություններ հարուցելով: Այնպես որ այս դեպքը ոչ առաջինն է, ոչ էլ, համոզված եմ, վերջինը: Այդպիսի դեպքերը կարելի է դիտարկել որպես սադրանք Մինսկի խմբի ձեւաչափի հանդեպ՝ նպատակ ունենալով ամեն գնով ցուցադրել դրա «անարդյունավետությունը»: ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի դեմ այնքանով են սադրանք համարվում դրանք, որքանով առաջնագծում տեղի ունեցող մնացած դեպքերը: Իսկ ահա հայոց բանակն ավելի քան 20 տարի շարունակ ապացուցում է իր բավարար պատրաստվածությունը հակառակորդի սադրանքներին հավուր պատշաճի արձագանքելու գործում:

-Չնայած, մասնավորապես, ՀՀ ՊՆ-ն բարձրաձայնեց միջազգային հանրության ու համանախագահների կողմից հակառակորդի գործողությունների հասցեական դատապարտման անհրաժեշտության մասին, համապատասխան արձագանք, կարծես, չեղավ: Ժամանակը չէ՞, որ Երեւանն ու Ստեփանակերտը Մինսկի խմբի հետ հանդիպումներում կոշտ շեշտադրումներ անեն սրա մասին:

-Ենթադրում եմ, որ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների կողմից կոշտ շեշտադրումներ արվում են հանդիպումների ժամանակ. օրինակ՝ հենց վերջերս տեղեկատվություն եղավ, որ Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկի հետ հանդիպմանն ընդգծել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը համապատասխան գնահատական տալու եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: Նմանատիպ հայտարարություններ եղել են նաեւ օգոստոսին եւ նոյեմբերին տեղի ունեցած լարվածության ֆոնին: Սակայն այլ հարց է, որ միջնորդական կողմը շարունակում է վախվորած զգուշավորություն ցուցաբերել իրերն իրենց անուններով կոչելու հարցում՝ արհեստական հավասարության նշան դնելով հակամարտության կողմերի միջեւ: Այդ ավանդական մոտեցումից որոշակի շեղում եղավ ուղղաթիռի դեպքից հետո, երբ Մինսկի խմբի համանախագահները ստիպված էին կողմերից մեկին մեղադրել իրադրությունը սրելու մեջ, թեեւ դա եւս կատարվեց զգուշավորությամբ եւ լղոզված տեքստով:

Մյուս կողմից՝ անհրաժեշտ է գիտակցել, որ ՄԽ-ը միջնորդական կողմ է, ոչ թե արբիտր կամ դատավոր, եւ իր գործառույթների մեջ չեն մտնում մեղավորների բացահայտումը եւ որոշումների պարտադրումը: Հետեւաբար, մենք միայն մեկ անվտանգության երաշխիք ունենք՝ հայոց հզոր բանակը, մնացածը երերուն հենասյուներ են:

-Հայկական ռազմական ղեկավարությունը պարբերաբար խոսում է հակառակորդի սադրանքներին ի պատասխան պատժիչ գործողությունների մասին, սակայն պաշտոնապես ներկայացվում է բավականին ժլատ ինֆորմացիա: Եղած բացը ԶԼՄ-ները լրացնում են սեփական աղբյուրներին մեջբերելով, որոնց ասածները ոչ միշտ են ճիշտ լինում: Տեսնու՞մ եք թույլատրելի (ռազմական գաղտնիք չհանդիսացող) առավելագույն ինֆորմացիան հանրությանը տրամադրելու խնդիր ներկայում, ինչն օգտակար է նաեւ տեղեկատվական պատերազմի տեսանկյունից:

-Կարծում եմ՝ բոլորը կընդունեն, որ վերջին տարիներին ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունները սկսել են գործել անհամեմատ ավելի համակարգված եւ թափանցիկ, ինչն իր դրական ազդեցությունն է ունեցել տեղեկատվական պատերազմում հայկական կողմի դիրքերի բարելավման վրա: Իհարկե, երբեմն հնարավոր է փոքրիկ խնդիրներ ի հայտ գան տեղեկատվական համակարգում, որոնք սովորաբար շտկվում են համապատասխան կառույցների կողմից: Այնուամենայնիվ, պետք է նաեւ հաշվի առնել, որ որոշ դեպքերում նույնիսկ ոչ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկատվության հրապարակումը կարող է խնդիրներ ստեղծել տեղեկատվական համակարգի թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատներում: Հետեւաբար, անհրաժեշտ է գտնել ոսկե միջինը, իսկ թե որն է դա, ինձ իրավունք չեմ վերապահում որոշելու, քանի որ չեմ տիրապետում տեղեկատվության առկա ողջ բազային եւ առանձնահատկություններին:

-Ո՞րն է պաշտոնական Երեւանի ու Ստեփանակերտի արտաքին քաղաքականության գլխավոր անելիքը սահմանային լարվածության ներկա փուլում:

-Ընդհանրապես, մեր գլխավոր անելիքը կհամարեի պաշտպանական դիրքերի եւ կարողությունների բարելավումը, իսկ արտաքին քաղաքական ճակատում՝ Ադրբեջանի ապակառուցողական եւ երբեմն ֆաշիստական վարքագծի մերկացումը, դատապարտումը եւ պատիժը միջազգային հանրության կողմից, ինչին, կարծում եմ, հնարավոր է հասնել ոչ միայն բանակցություններում, այլ նաեւ միջազգային բոլոր հնարավոր հարթակներում տարբեր նախաձեռնություններով հանդես գալու միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter