HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիսյանների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության նպատակով կստեղծվի համակարգող շտաբ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Երկու երկրների քննչական կոմիտեների նախագահները կարևորել են տեղի ունեցած սպանության լիարժեք բացահայտումը, բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտումը և պայմանավորվել իրականացնել համատեղ ու փոխհամագործակցված գործողություններ: Քննության ընթացքում համատեղ գործողությունների իրականացումը կկազմակերպվի համաձայնագրով ստեղծված շտաբի կողմից:

Շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ` ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ: Քրեական գործի քննությունը և բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաև՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն:

Հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինը հավաստիացրել է, որ Պերմյակովի նկատմամբ քրեական գործի քննությունը, նախաքննությունը և հետագայում դատավարությունը տեղի կունենա բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում:

ՌԴ քննչական կոմիտեի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ, որոնց առանցքում եղել են Ավետիսյանների սպանության դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի քննությանը վերաբերող հարցերը և քննության ընթացքը: Հունվարի 20-ի երեկոյան պատվիրակությունը վերադարձել է Մոսկվա:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսկ ի՞նչու: Սպանդի մեջ կասկածվող ռուս զինվորը գտնվում է ռուսական բազայում, որը Հայաստա՛նի տարածք է ու նա կոպտորեն խախտել է ՀՀ օրենքը: Այսինքն՝ ՀՀ իրավապահ մարմինները պիտի ԱՆՄԻՋԱՊԵՍ գնան և կալանավորեն մեղադրյալին: Եթե նույնիսկ ռուսական բազայի ծառայողներն են գտել (կամ «գտել») ոճրագործ կասկածյալին,միևնույնն է՝ նա անմիջապես պիտի հանձնվեր ՀՀ իրավապահ մարմիններին: Սա՛ է օրենքը: Այսինքն՝ ռուսները առևանգել են նրան ու ապօրինաբար նրան տարել ռուսական բազա: Նաև այն,որ ռուսական բազայից դուրս նրանք ոստիկանական-որոնողական գործողություններ կատարելու իրավունք չունեն: Ուստի՝ ՀՀ իրավապահ մարմինները բազայի դեմ էլ քրեական գործ պիտի հարուցեն՝ ՀՀ օրենքը խախտելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter