HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

16 տարի առաջ Գյումրիի սպանությունների մասին պատմում են ռուս զինծառայողների փաստաբանները

Այս օրերին հաճախ են զուգահեռներ անցկացվում Գյումրիում 16 տարվա տարբերությամբ տեղի ունեցած երկու ողբերգական դեպքերի միջև, քանի որ երկու դեպքում էլ առաջին՝ մեղադրյալները ռուս զինծառայողներ են, երկրորդ՝ քրեական գործերը հարուցվել են սպանությունների ու դասալքությունների հատկանիշներով, երրորդ՝ ողբերգական դեպքերը տեղի են ունեցել Գյումրիում: Սակայն կա մեկ տարբերություն 1999 թ.-ի ապրիլի 14-ին ռուս զինծառայողներ Ալեքսանդր Կամնևի և Դենիս Պոպովի կողմից 2 հայերի սպանության և 8 անձի վիրավորման ու 2015 թ.-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների սպանությունների միջև: Այն է, որ 1999 թ-ին մեղադրյալներն ի սկզբանե գտնվել են հայկական իրավազորության ներքո, իսկ 2015-ի դեպքով՝ ՌԴ իրավազորության:

Ինչքա՞ն են Հայաստանում պատիժ կրել 2 ռուս զինծառայողները

«Հետքը» դիմել է Դատական դեպարտամենտ 16 տարվա վաղեմության քրեական գործին ծանոթանալու համար: Բայց մինչ այդ ԱՆ քրեակատարողական վարչությունից մեր հարցմանը պատասխանելով`  հայտնում են, որ 1999 թ. դեկտեմբերի 27-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Էդիկ Մանուկյան) մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Կամնևին և Դենիս Պոպովին՝ դատապարտելով 15 և 14 տարվա ազատազրկման: Ալեքսանդր Կամնևը Հայաստանում պատիժ է կրել ավելի քան 11 տարի՝ մինչև 2011 թ.-ի հունիսի 10-ը: «Դատապարտյալների փոխանցման մասին» Ստրասբուրգի կոնվենցիայի համաձայն, որը մեր ԱԺ-ն վավերացրել է դեռևս 2001 թ.-ին, ՌԴ Օրենբուրգի դատարանը որոշում է կայացրել Կամնևին պատժի հետագա կրման նպատակով ՌԴ տեղափոխելու միջնորդությունը բավարարելու մասին: «Նկատի ունենալով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, կոնվենցիայով սահմանված կարգով, տվել է իր համաձայնությունը Ա. Կամնևին պատժի հետագա կրման նպատակով ՌԴ փոխանցելուն, ուստի 2011 թ.-ի հունիսի 6-ին Ա.Կամնևը փոխանցվել է ՌԴ իրավապահ մարմիններին»,- ասված է ՔԿՎ հանրային բաժնի պատասխանում:

Ինչ վերաբերում է մյուս դատապարտյալին՝ Դենիս Պոպովին, ապա նա ՌԴ է փոխանցվել ընդամենը 2 տարի Հայաստանում պատիժ կրելուց հետո՝ 2001 թ.-ի ապրիլի 18-ին: Սակայն, ըստ ՔԿվ ներկայացրած տեղեկատվության, տեղափոխման վերաբերյալ փաստաթղթերը ոչնչացվել են՝ պահպանման ժամկետը լրանալու հիմքով:

Ի՞նչ մանրամասներ է հիշում Ալեքսանդր Կամնևի պաշտպան Թամարա Յայլոյանը

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանը, ով 1999 թ-ի գործով իրականացրել է Ալեքսանդր Կամնևի պաշտպանությունը, «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ այն ժամանակ, ինչպես կարգն էր թելադրում, վարույթն իրականացնող մարմինը գրություն է ուղարկել փաստաբանների միություն. «Գյումրու բաժնի վարիչ Ռուդոլֆ Թովմասյանը ինձ նշանակեց: Այն ժամանակ հանրային պաշտպաններ չկային, կար պետական պաշտպանություն: Ու ես այդ հիմունքներով դարձա Կամնևի փաստաբանը»:

Թամարա Յայլոյանը, հիշելով 16 տարի առաջվա նախաքննությունն ու դատավարությունը, ասաց, որ թե՛ նախաքննությունը, թե՛ դատավարությունը կատարել է հայկական կողմը: «Նախաքննության մի մասը՝ դասալքության հետ կապված, ռուսական կողմն էր անում, ապա բոլոր նյութերը հանձնեց Հայաստանի Հանրապետությանը: Հիշում եմ, որ ռուս քննիչներ կային, որոնք հարցաքննում էին մեղադրյալներին դասալքության մասով»:

Զուգահեռներ անցկացնելով երկու գործերի միջև` 1999 թ.-ի և 2015 թ.-ի, փաստաբանը նշեց, որ 16 տարի առաջ հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո մեր իրավապահներն են ձերբակալել երկու ռուս զիծառայողներին. «Իրենք չհասցրեցին երկար փախչել, գտնվում էին մարդաշատ վայրում, մեր իրավապահները նրանց անմիջապես տարան Գյումրու ոստիկանություն: Իսկ հունվարի 12-ի ողբերգության պարագայում Պերմյակովը հայտնվել էր ՌԴ իրավազորության ներքո»:

«Այն մարդը, այն փաստաբանը չեմ, որ ճնշման դեպքում լռեի, չաղմկեի». փաստաբան Թամարա Յայլոյան

Հիշեցնենք, որ Թամարա Յայլոյանը այս տարվա հունվարի 13-ին ներգրավվել է Ավետիսյանների սպանության գործով որպես Պերմյակովի պաշտպան, սակայն, ինչպես ինքն է ասում չի կարողացել մինչև վերջ ներկա գտնվել հարցաքննությանն ու հրաժարվել պաշտպանությունից: Հարցին, թե հնարավոր են այս գործով ճնշումներ են եղել փաստաբանի նկատմամբ՝ պարտադրելով հրաժարվել պաշտպանությունից, Թամարա Յայլոյանը բացասական պատասխան տվեց. «Այն մարդը, այն փաստաբանը չեմ, որ ճնշման դեպքում լռեի, չաղմկեի: Չի եղել ճնշում: Պարզապես էմոցիաներս թույլ չեն տվել շարունակել աշխատանքս, ինչը փաստաբանի վարքագծի կանոնների խախտում է»:

Հայ քննիչներ չեն մասնակցել Վ.Պերմյակովի հարցաքննությանը

Փաստաբան Յայլոյանը, պատասխանելով մեր հարցին, թե արդյոք հունվարի 13-ին հայ քննիչներ մասնակցում էին Պերմյակովի հարցաքննությանը՝ պատասխանեց. «Ո՛չ, չկային: Երկու ռուս քննիչներ էին: Հայ քննիչներին որևիցե մեկը թույլ չէր տա մասնակցել, որովհետև վարույթն իրենցն է, վերջ…Ես գնացել եմ ՌԴ վարույթում քննվող նախաքննությանը մասնակցելու, տեղյակ չեմ եղել, որ ՀՀ Քննչական կոմիտեում գործ է հարուցվել»,-ասաց փաստաբան Թամարա Յայլոյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը դեռևս հունվարի 12-ին՝ դեպքի օրը, քրեական գործ էր հարուցել սպանության հատկանիշներով: Հունվարի 14-ին նույն մարմինը որոշում էր կայացրել Վ.Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

«Կոպիտ ասած, մերոնք ձևական են քրեական գործ հարուցել». փաստաբան Հենրիկ Մանուկյան

16 տարի առաջ Դենիս Պոպովի պաշտպանությունը պետական պաշտպանության հիմունքներով իրականացրել է փաստաբան Հենրիկ Մանուկյանը, ով «Հետքի» հետ զրույցում նշեց, որ այդ գործով նախաքննությանը չի մասնակցել, ներգրավվել է դատաքննության փուլում: Նա պատմեց, որ ռուսական կողմից որևէ պաշտոնյա չի մասնակցել դատական նիստերին: Փաստաբանն ասաց, որ հունվարի 12-ի ողբերգությունից հետո է իմացել, որ Դենիս Պոպովը տեղափոխվել է Ռուսաստան պատիժը կրելու, որտեղ էլ հետագայում ազատվել է:

Արխիվային նյութերում պահպանվել է տեղեկատվություն, ըստ որի` մեղադրյալները դատավարության ժամանակ դիմել են դատարանին, որ ապահովվի ռուս հյուպատոսի ներկայությունը, սակայն դատարանը մերժել է:

Խոսելով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյան ընտանիքի անդամների սպանության գործով քննության մասին՝ փաստաբան Մանուկյանն ասաց. «Թող բարի լինի մեր նախաքննական մարմինը խափանման միջոցի հարց լուծել, հարցաքննություն իրականացնել: Նախ պիտի որպես կասկածյալ ներգրավեին անձին, ապա հարցաքննեին որպես կասկածյալ: Հետո ապացույցներ ձեռք բերելով՝ որպես մեղադրյալ պիտի ներգրավեին, խափանման միջոցի հարց լուծեին: Կոպիտ ասած, մերոնք ձևական են քրեական գործ հարուցել: Շատ թերի է ամեն բան»:

Հ. Գ. «Հետքին» ՔԿՎ-ից նաև տեղեկացրել են, որ այս պահի դրությամբ Հայաստանի ՔԿՀ-ներում այլ պետության քաղաքացի հանդիսացող 62 դատապարտյալ է պատիժ կրում՝ 13 երկրներից: Դատապարտյալների քանակով ցանկը գլխավորում է Ռուսաստանը՝ 20 դատապարտյալ, ապա Վրաստանը՝ 18 դատապարտյալ և Իրանը՝ 10 դատապարտյալ: Հայաստանում պատիժ են կրում նաև Սիրիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Բելառուսի, Նիգերիայի, Տաջիկստանի, Լիբանանի 1-ական քաղաքացի, Ֆրանսիայից ու Ուզբեկստանից-2 ական, իսկ Ռումիանիայից՝ 3 քաղաքացի:  

Լուսանկարում` փաստաբան Թամարա Յայլոյանը

Մեկնաբանություններ (1)

Գոռ
«Արխիվային նյութերում պահպանվել է տեղեկատվություն, ըստ որի` մեղադրյալները դատավարության ժամանակ դիմել են դատարանին, որ ապահովվի ռուս հյուպատոսի ներկայությունը, սակայն դատարանը մերժել է»: Բայց չէ՞ որ նույն այդ տեղեկատվության մեջ կա նաև այսպիսի նախադասություն (հենց հաջորդն է)՝ Заведующий консульским отделом российского посольства Владимир Хрулев сообщил корреспонденту Ъ, что никаких обращений ни от судьи, ведущего процесс, ни от самих подсудимых в российское посольство не поступало. http://www.kommersant.ru/doc/231937 Ի դեպ՝ ձեզ մոտ հղումը «ակտիվ» չէ: «Վ»-ն հանեք url-ից: Շնորհակալություն հետաքրքիր հոդվածի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter