HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի` հացադուլ հայտարարած հայրը դիմել է Գևորգ Կոստանյանին

Երեկ HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանին արդարացնելու պահանջով նրա ընտանիքի անդամները և հարազատները հացադուլ են սկսել նախագահական նստավայրի դիմաց: Աշոտ Առուշանյանի հայրը` Լավրենտի Առուշանյանը, այսօր դիմում է ուղարկել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Դիմումում Լ. Առուշանյանը նշում է, որ քրեական գործով տուժող կազմակերպության՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ–ի սեփականտեր Գուրգեն Նիկողոսյանի և փոխտնօրեն Արմեն Մանուկյանի գործողություններում առերևույթ առկա են հանցաքի տարրեր, և խնդրում է քերական գործ հարուցել: Ստորև ներկայացնում ենք Լ. Առուշանյանի դիմումը.

«Արդեն երկու տարի յոթ ամիս է, ինչ որդիս՝ Աշոտ Առուշանյանը, անօրինական դատական ակտերի հիման վրա գտնվում է անազատության մեջ։ Նա մեղադրվում է 2011 թվականի նոյեմբերին «Մանանա Գրեյն» ՄՊԸ-ի կողմից առանձնապես խոշոր չափերի գումարի գողությանն օժանդակելու մեջ։ Իբրև տեղեկատվություն է հայտնել գողություն կատարող անձանց:

Բազմիցս դիմել ենք Ձեզ և այլ ատյանների՝ այս գործի նկատմամբ ուշադրություն հրավիրելու համար: Քրեական գործում տեղ են գտել բազմաթիվ խախտումներ և ապօրինություններ, որոնց անդրադարձել եմ թե ես, թե մեր փաստաբանը տարբեր դիմումների միջոցով: Ցանկանում եմ առանձնացնել և Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ քրեական գործով տուժող կազմակերպության՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ–ի սեփականտեր Գուրգեն Նիկողոսյանի  և փոխտնօրեն Արմեն Մանուկյանի  գործողություններում առերևույթ առկա են հանցաքի տարրեր: Հետևապես Դիմելով Ձեզ՝ Խնդրում եմ հարուցել քրեական գործ և հանձնարարել համապատասխան ծառույությանը իրականացնել քրեական հետապնդում:

Որպես վերոշարադրյալի հիմնավորում եմ ներկայացնում հետևյալը՝

  • Վկա Տիգրան Առաքելյանի ցուցմունքը՝

Թե նախաքննության, և թե դատական քննության ժամանակ ցուցմունք է տվել այն  մասին, որ 2012թ. հունիսին այլ խցից իրենց թիվ 012 խուց են բերել Արտաշեսին, ով իրենց խցում է մնացել մոտ մեկ շաբաթ: Արտաշեսը միշտ գտնվել է վատ հոգեվիճակում, բազմիցս իր հետ կիսվել է և պատմել իր խնդիրներից: Մասնավորապես պատմել է, որ իր ձերբակալման ժամանակ դեռ ոստիկանությունում ենթարկվել է բազմատեսակ ճնշումների, նվաստացումների, դաժան ծեծի: Ի թիվս դրանց, բաժնի աշխատակիցներից մեկը «արհեստական առնանդամը» ձեռքին սպառնացել է, որ դրանով ծեծի կենթարկեն և հետևից բերդ կուղարկեն: Պատմել է նաև, որ տուժողները (այսինքն՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի ներկայացուցիչները) մուտք են գործել ոստիկանության շենք և ոստիկանների ներկայությամբ նույնպես ծեծի ենթարկել իրեն: Արտաշեսը հայտնել է նաև, որ «տուժող-քննիչ-դատախազ  մի ձեռ են»:

Արտաշեսն ասել է նաև, որ ինքը չի ուզում, որ իր խափանման միջոցը փոխեն, և որ իրեն ստիպում են երրորդ անձի դեմ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տա՝ խափանման միջոցը փոխելու պայմանով: Պատճառն էլ, որ ցանկանում էր մնալ կալանքի տակ, այն էր, որ եթե իրեն ազատեն, ապա տուժողները դրսում իրեն կնեղեն , ինչպես հիմա հորն են նեղում և ուզում են գողոնի փոխարեն իրենց տունը ձեռքներից խլեն:

Վկան հայտնել է նաև, որ խափանման միջոցը փոխելու նախորդ օրը Արտաշեսը իրեն պահում էր շատ կասկածելի, մտահոգված, շատ էր հոր հետ իր հեռախոսով խոսում:

Վկայի եւ մի շարք այլ խցակիցների  պնդմամբ Գալուստյանին ազատվելուց մեկ օր առաջ կանչել են ադմինիստրացիա՝ քննիչի մոտ, և երբ նա հետ է վերադարձել, ասել է, որ շուտով գնալու է տուն, սակայն նրա ասածին ոչ ոք չի հավատացել՝ իմանալով նրա կատարած հանցանքն ու հոդվածը, որի հիմքով կալանավորվել էր: Սակայն, ի զարմանս բոլորի, հաջորդ օրը Արտաշեսին նորից խցից տանում են, և նա այլևս խուց չի վերադառնում: Միայն օրեր անց խցում տեղեկանում են, որ Արտաշեսը հոր հետ ինքնասպանություն է գործել: Վկա Տիգրան Առաքելյանի կարծիքով ոստիկանության բաժնում ռետինե մահակի հետ կապվածը ոչ թե միայն սպառնալիք է եղել, իրականություն:

Տիգրան Առաքելյանի վկայության արժանահավատությունը հիմնավորվում է նաև այլ խցակիցների ցուցմունքներով: Մասնավորապես, Հայկ Թադևոսյանի և Անդրեյ Մազիևի ցուցմունքներով, ովքեր նշել են, որ Արտաշեսը, ինքնամփոփ էր, շատ նեղված և վատ վիճակում, նույնիսկ լաց էր լինում, հիմնականում կիսվում էր Տիգրան Առաքելյանի հետ:

Գալուստյանի հոգևիճակի վատ ու անհավասարակշիռ լինելու մասին է վկայում նաև նրա այլ խցակիցների ցուցմունքները /թվով 12/:  

Այսինքն՝ եթե համադրենք ցուցմունքները, ապա «Մանանա Գրեյն» ՍՊԸ ներկայացուցիչները մտել են ոստիկանության բաժին, ծեծի ու անմարդկային խոշտանգումների ենթարկել Արտաշես Գալուստյանին, որից հետո էլ վերջինս հայտնվել է նման անհավասարակշիռ վիճակում, բազմիցս փորձել ինքնասպան լինել, և ի վերջո իրագործել իր մտադրությունը:

Ի՞նչ գործ ունեն «Մանանա Գրեյն» ՍՊԸ ներկայացուցիչները ոստիկանության բաժնում:

Փաստորեն, կա գործի ելքով չշահագրգռված կենդանի վկա, ում եւ ոչ մի խոսքը հիմք չի ընդունվել եւ հաշվի չի առնվել եւ ոչ մի դատարանում: Մինչդեռ եթե զուգահեռներ անցկացնենք, ապա նույն Աշոտ Առուշանյանը կալանավորվել է միմիայն հանցագործություն կատարած, գործի ելքով շահագրգռված, հանգուցյալ անձի՝ ակնհայտ հակասություններ պարունակող ցուցմունքի հիման վրա:

  • Մեղադրյալ Էդգար Կարաքեշիշյանի ցուցմունքը՝

Դատարանում Էդգար Կարաքեշիշյանը հայտարարեց, որ այն բռնությունների ու խոշանգումների միջով, որով անցել է Արտաշես Գալուստյանը, ինքը նույնպես անցել է: Այսինքն իր նկատմամբ նույնպես բռնություններ են կիրառվել:

Էդգար Կարաքեշիշյանի նշված հայտարարությունը նույնպես հիմք է քննություն կատարելու և պարզելու թե տվյալ դեպքում Ա.Գալուստյանի հայտնած տուժողներից կոնկրետ ով է մասնակցել ծեծի ենթարկելուն:

  • Արտաշես Գալուստյանի ծանր հոգեվիճակն ու ինքնասպանության հանգամանքը՝

Համաձայն քրեական գործի նյութերի Արտաշես Գալուստյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  երեք անգամ փորձել է ինքնասպանություն գործել` թիվ 9 կարանտինային խցում, կալանավայր տեղափոխվելու օրը, զուգարանի լամպը կոտրելով կտրել է պարանոցի աջ և ձախ հատվածները, որից հետո թիվ 51 խցում` սավանով կախվելու միջոցով և իրեն դանակի վրա գցելու միջոցով է կրկին փորձել է ինքնասպանություն գործել, սակայն ամեն անգամ որևէ հանգամանք խանգարել է: Թիվ 012 խցում խցակիցներից հարցրել է, թե զուգարանում արդյոք հնարավոր է կախվել, թե ոչ: Վերջին հաշվով, նրա խափանման միջոցը փոխելուց հետո ընկերների և հոր ներկայությամբ մի քանի անգամ նշել է «կախվեմ պրծնեմ» արտահայտությունը, իսկ 2012թ-ի հունիսի 26-ին կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Տիգրան Առաքելյանի ցուցմունքից երևում է, որ տուժողները փորձել են Արտաշես Գալուստյանի հորը  նեղել, նրանց տունը ձեռքներից խլել և համաձայն իր իսկ խոսքերի, եթե ինքը ազատության մեջ լիներ, ապա իրեն էլ կնեղեին:

Տվյալ դեպքում նաև հարց է առաջանում, արդյոք տուժողների այդ «նեղելու, նվաստացնելու կամ տունը ձեքներից խլելու» հանգամանքը չի մղել անձանց ինքնասպանություն գործելուն:

Դրա մասին է վկայում նաև վկա Կարեն Մկրտչյանը /հ.2, գ.թ. 153-155/ցուցմունքը. «Արտաշեսին ազատվելուց հետո տեսել եմ 3 անգամ: Նրա ազատվելու երևի հաջորդ օրը` ցերեկային ժամերին: Արտաշեսի հայրը Պետրոսը ինձ զանգահարեց, ասաց, որ Արտաշեսին բաց են թողել, նա տանն է: Ես անմիջապես գնացի նրանց տուն, տեսա Արտաշեսին և Պետրոսին: Թեև երկար չեմ մնացել նրանց տանը, սակայն կարող եմ ասել, որ Արտաշը անճանաչելիորեն փոխվել էր, ահավոր լարված և սառած էր, հայացքը սառած, վախեցած և շփոթված էր, հետը խոսում էիր, չէր լսում: Ես նախկինում երբեք Արտաշին նման վիճակում չէի տեսել, թեև Արտաշին ճանաչել եմ 2000թ-ից»: Շարունակելով ցուցմունքը՝ վկան հայտնել է. «...1-2 օր անց, ցերեկը կամ երեկոյան կրկին նրանց տուն եմ գնացել: Կես ժամ, մի ժամ նստել եմ Արտաշի և Պետրոսի հետ, զրուցել ենք: Արտաշը նույն ճնշված, ընկճված վիճակում էր, էլի համարյա չէր խոսում, միայն խոսքի մեջ ասաց. «էս ինչի մեջ եմ, կախվեմ պրծնեմ ամեն ինչից»: Ես և Պետրոսը նրա վրա խոսեցինք, ասեցինք, որ նման բան չանի, մտքից հանի դա: Առանձնահատուկ այլ բան չենք խոսել», «...Բացի այդ, Արտաշը այնպիսի ահավոր վիճակում էր, որ չէի ուզում նրա հետ գործից եւ բերդից խոսել:  Նա հին Արտաշը չէր, ով ասող-խոսող էր, կատակասեր, հումորով տղա էր ընկերության մեջ: Կյանքի վերջին օրերին նա մշտապես գտնվել է նույն ահավոր վիճակում»:

Արտաշես Գալուստյանին նույն կերպ էր բնորոշում նաև Թադևոս Ալեքսանյանը Լավրենտի Առուշանյանի հետ զրուցելիս, երբ Արտաշեսին տեսել է առերեսման ժամանակ:

  • Արմեն Մանուկյանի հեռախոսազանգերի վերծանումները՝

Արմեն Մանուկյանի հեռախոսազանգերի վերծանումներից ակնհայտ է, որ ենթադրյալ գողության պահին նրա հեռախոսահամարը սպասարկվել է Տիգրան Մեծ պողոտայի 31 հասցեից, որը համընկնում է HSBC բանկի մասնաճյուղի հասցեի հետ: Հետեւապես հարց է ծագում, թե լինելով այդ բանկի տարածքում, ինչու Մանուկյանը նախ չի ձերբազատվել գումարից, եւ երկրորդ ինչու է սխալ ներկայացրել այդ ժամերին իր գտնվելու վայրը թե նախաքննական մարմնին, եւ թե դատարանին:

  • Արմեն Մանուկյանի կողմից գողության փաստի մասին հաղորդում ներկայացնելը եւ ցուցմունքների հակասությունները՝

Ինչպես իր ցուցմունքում  նշել է Արմեն Մանուկյանը գողության փաստի մասին տեղեկանալուց մոտ մեկ ժամ անց է դիմել ոստիկանությանը, այն էլ ոչ անձամբ, այլ գործընկերոջ միջոցով: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ հավանական է, որ տեղի է ունեցել գողության իմիտացիա: Ի դեպ, սա նաեւ եղել է իրավապահների նախնական վարկածը: Մանուկյանի գործընկերն անգամ չի հարցաքննվել այս գործի շրջանակներում: 

Ինչու է Արմեն Մանուկյանը գողության մասին ոստիկանությանը ահազանգում մոտ 1 ժամ անց , այն էլ գործընկերոջ միջոցով: Այս հարցերի պատասխանները ստանալու համար պետք է ճշտել է և հարցաքննել նաև Ա. Մանուկյանին:

Բացի վերոշարադրվածը Ա. Մանուկյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքների եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ առկա են էական հակասություններ:

  • Գողության կատարումը արձանագրած տեսաձայնագրությունների մոնտաժված լինելու հանգամանքը, եւ գողության մի հատվածի վերաբերյալ առհասարակ տեսաձայնագրության բացակայությունը՝

Որդուս վերաբերյալ գործով նախաքննական մարմնի կողմից չի պահանջվել Սարգիս Կարոլինա ՍՊԸ, Ժամացույցի գործարանի և Պարագոն իմպորտ ՍՊԸ պահպանության տեսանկարահանման սարքերի կողմից կատարված տեսաձայնագրությունները ժամը 15-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որից պարզ կդառնար, թե Ա.Մանուկյանը, 15:30-ին վերադառնալով իր մեքենայի մոտ և հայտնաբերելով, որ ապակին կոտրված է, կոնկրետ ինչ գործողություններ է կատարել: Արդյոք մեքենայի միջից ինչ-որ իրեր, այդ թվում չի բացառվում նաև որոշակի գումար չի հանել ու թաքցրել, հայտարարելով, թե գողացվել է  56 միլիոն ՀՀ դրամ: Եվ նման պայմաններում հարց է առաջանում, արդյոք Ա.Մանուկյանի կողմից գողության մասին ոստիկանությանը մոտ մեկ ժամ հետո հաղորդում տալը պայմանավորված չէ եղել այդ հանգամանքով: Իսկ նման հանգամանքների մասին չէր կարող չիմանալ «Մանանա Գրոյն» ՍՊԸ-ի սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանը: 

Բացի այդ, վերը նշված կազմակերպություններից թեև ստացվել է ժամը 14:00-ից մինչև 15:00 ընկած ժամանակահատվածի տեսագրությունները, /թեև տարբեր փաստաթղթերում նշվում է նաև 14:30-ից 15:30 ժամանակահատվածը/ սակայն ստացված սկավառակները փորձաքննության է ներկայացվել ոչ ամբողջությամբ, դրանք դատաքննությամբ վերատադրելիս պարզվեց, որ դրանք անբողջական չեն, սկսվում են ժամը 14:00-ից և ավարտվում ժամը 14:40-ին, ինչպես նաև ակնհայտ էր, որ կադրերը ամբողջական չեն և կտրատվում են, որպիսի հանգամանքները վկայում են այդ տեսագրությունների մոնտաժման մասին, որին ընդհանրապես դատարանը չի անդրադարձել: Բացի այդ, նշված տեսագրությունները թեև 25.11.2011թ-ին ստացվել էին և գտնվում էին քննիչի իրավասության ներքո, սակայն դրանց հետ կապված` դատատեսաձայնագրային և դատադիմանկարային համալիր փորձաքննությունը նշանակվել է դրանից չորս ամիս անց` 23.04.2012թ-ին: Այս ամենի մասին տեղյակ էին նաև տուժող կազմակերպության ղեկավարներ` Գուրգեն Նիկողոսյանը և Արմեն Մանուկյանը, նրանք չցուցաբերեցին որևէ նախաձեռնություն պարզելու համար , թե ինչու են մոտնաժվել այդ տեսաերիզները, չէ, որ նրանք ըստ իրենց ասելու ցանկանում էին, որպեսզի ամբողջությամբ բացահայտվի այս գործը: Նման վարվելակերպը նույնպես ինձ կասկածի տեղիք է տալիս , որ հնարավոր է տեղի է ունեցել գողության իմիտացիա:

  • Գողությանը նախորդող ժամանակահատվածում ոմն Արփինե Մաթևոսյանի կողմից (Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ) կատարած հեռախոսազանգը՝

Քրեական գործի նյութերում առկա հեռախոսային զանգերի վերծանումներից երևում է, որ դեպքի օրը 21.11.2011թ-ին Արտաշես Գալուստյանի և նրա սանիկ Կարեն Մկրտչյանի միջև եղել են բազմաթիվ հեռախոսազանգեր, մասնավորապես մինչև ժամը 14:30-ից -15:30-ի սահմանները , երբ ըստ մեղադրական եզրակացության կատարվել է գողությունը, ժամը 12:05-ին, 12:07-ին Կարեն Մկրտչյանի հեռախոսից զանգեր են եղել Արտաշես Գալուստյանի հեռախոսահամարին: Այս կոնտեքստում հատկանշական է, որ մինչ այդ Կարեն Մկրտչյանի 098017722 հեռախոսահամարին ժամը 11:32-ին հեռախոսազանգ է եղել Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ Արփինե Մաթևոսյանի անվամբ գրանցված 094522686 հեռախոսահամարից: Այս պայմաններում, եթե նախաքննական մարմինը իրականացներ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ապա կարծում եմ, որպես տեղեկատվություն տվող անձի փնտրելու համար հարկ չէր լինեի իրականությունը չհամապատասխանող ցուցմունքներ կորզել ընդդեմ Էդգար Կարաքեշիշյանի հետ բռնցքամարտով զբաղված և բանկի աշխատակից Աշոտ Առուշանյանի վրա, այլ կստուգեր վերը նշված տվյալները:

  • Գուրգեն Նիկողոսյանի կողմից իմ ներկայությամբ արված հայտարարությունը՝

2013 թ.-ի օգոստոս ամսվա ընթացքում անձամբ եմ այցելել Գուրգեն Նիկողոսյանին եւ խնդրել օժանդակել գողության բացահայտմանը եւ թույլ չտալ, որ անմեղ մարդ դատապարտվի, որին ի պատասխան Նիկողոսյանը հայտարարել է, որ ինքը վստահ է, որ մեղավորը Աշոտ Առուշանյանն է (թե ինչի հիման վրա, դա պարզ չէր), որ ինքն է «պատ» հանդիսանում, «ՀՀ հաղթանակի դափնին իր ձեռքում է» եւ խոչընդոտում Աշոտի ազատմանը, որ ամեն ինչ անելու է, բոլոր հնարավոր թե նյութական, թե ոչ նյութական միջոցներն օգտագործելու է, որպեսզի Աշոտը դատապարտվի եւ վեց տարով ազատազրկվի:

Վերոշարադրյալ հիմնավորումներով Խնդրում եմ, «Մանանա Գրեյն» ՍՊԸ սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանի և գործով տուժող ճանաչված Արմեն Մանուկյանի նկատմամբ հարուցել քրեական գործ և հանձնարարել կատարել նախաքննություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter