HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Պահանջե՞լ արդյոք Ռուսաստանից՝ հանել ռազմակայանը Հայաստանից

Գյումրիի ողբերգության հենքի վրա Հայաստանից 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը դարձել է ամենաքննարկվողներից մեկը: Այն հիմա համազգային այս ողբերգության յուրօրինակ խորհրդանիշն է, համազգային զայրույթի, ոմանց համար՝ ռուսական պետականության նկատմամբ ատելության դրսևորման թիրախը:

Ռազմակայանն ինքն է նպաստել թե գյումրեցիների, թե առհասարակ ողջ հայաստանյան հասարակության մոտ իր շուրջ նման կերպարի ձևավորման համար: 1999թ. ի վեր նրա ներկայությունը «նշանավորվել» է բացառապես Գյումրիին մարդկային կորուստներ պատճառելով: Փոքրիկ Սերյոժան թվով 11-րդ էր: Սահմռկեցուցիչը, որը կրկնապատկում ու եռապատկում է այդ ռազմաբազայի հանդեպ մարդկանց անհանդուրժողականությունը, այն է, որ 11 զոհերից 4-ը... երեխաներ են: Մարդկային այդ կորուստներից  ոչ մեկում հյուրընկալ գյումրեցիների մեղավորությունը չի եղել: Բոլոր դեպքերում զոհերն անմեղ են, անտեղի, անակնկալ:

Ավետիսյան ընտանիքի սպանդը օրինաչափորեն ավելորդ անգամ բացահայտեց, որ նրանից բխող բոլոր արհավիրքների հիմնական պատճառը ռազմաբազայում տիրող բարքերն են, կարգապահության բացակայությունը, անվտանգության կանոնների չգործելը և յուրաքանչյուր հերթական դեպքից հետո համապատասխան հետևություններ չանելու, այդ վիճակի համար մեղավորներին պատասխանատվության չենթարկելու իրողությունը:

Այստեղ շովինիզմի ցավով տառապող Ռուսաստանը և նրա ռազմաբազայի հմարանատարությունն արդարանալու տեղ չունեն: Պատճառն այն է, որ ռուսներն այդպես էլ չդադարեցին Հայաստանին որպես ռուսական առերևույթ կայսրության ծայրագավառ, իսկ Գյումրին որպես այդ ծայրագավառի մայրաքաղաք ընկալելուց: Նրանց համար Գյումրին ոչ թե Հայաստանի երկրորդ քաղաքն է, այլ ցարական Ելիզավետպոլը, որտեղ իրենք տեր ու տնօրեն են, իսկ մարդիկ՝ իրենց սպասարկող ճորտեր: Տիրոջ այս զգացողություններն ամրապնդվում էին այն հավելյալ համոզմունքով, որ իրենք Հայաստանի և հայ ժողովրդի փրկիչներն են, որ առանց այդ ռազմաբազայի թուրքերն ու ադրբեջանցիները վաղուց ոչնչացրած կլինեին նրանց: Իսկ փրկիչներին կարելի է ու թերևս պետք է ներել ամեն ինչ, ցանկացած փոքր ու մեծ զանցանք, հանցանք, կապրիզ, լկտիություն:

Ռուսական հովանավորությունը, որին անընդհատ հղումներ են արվում Հայաստանում, երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից առայժմ էական որևէ դրսևորում չի ստացել ԼՂ հիմնահարցի կարգավորման համատեքստում: Ռուսաստանն ամբողջությամբ չի կատարում անվտանգության երաշխավորի՝ 2010թ-ից ի վեր ստանձնած իր պարտավորությունները ոչ երկկողմ հարաբերությունների, ոչ էլ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության կտրվածքներով: 2010թ. ՌԴ ռազմակայանի մասին հայ-ռուսական պայմանագրում կատարված փոփոխություններով ռուսական ռազմաբազան բացի ՌԴ-ի շահերը պաշտպանելուց, ստանձնել է նաև Հայաստանի անվտանգության ապահովման գործառույթը: Եվ չնայած դրան՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ կոկրետ Հայաստանի սահմանին, կոնկրետ Տավուշի մարզում, լարվածությունը կտրուկ ավելացնելու սադրիչ գործողություններին, որոնց հետևանքով հայկական կողմը նաև մարդկային կորուստներ է ունենում, Ռուսաստանը անգամ այդ պարտավորություններից բխող քաղաքական հայտարարությամբ հանդես չի գալիս: Ավելին. ոչ միայն շարունակում է հարձակողական բնույթի զենք վաճառել Ադրբեջանին, այլև սկսում է վերջինիս բանակի սպաների վերապատրաստումներ անցկացնել: Այս իմաստով ռազմակայանը որևէ գործնական դերակատարություն, նշանակություն Հայաստանի համար չունի: Փաստացի այն պետություն է պետության մեջ, որի պահպանման հետ կապված ծախսերը, ընդ որում, հոգում է հայկական կողմը:

Այս ամենը ռազմաբազայից հրաժարվելու առավել քան հիմնավոր պատճառներ են: Բայց որքան էլ պարադոքսալ հնչի, նման պահանջների առաջադրումը հիմա ոչ միայն ժամանակավրեպ է, այլև վտանգավոր: Խնդիրը բացարձակապես ռազմակայանը որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի անվտանգության երաշխավոր համարելու Հայաստանում կենսունակ շաբլոնային ընկալումը չէ:

Նախ՝ գոյություն ունեն իրավապայմանագրային հարաբերություններ, որոնք ոչ մի կերպ անետեսել կամ շրջանցել հնարավոր չէ: 2010թ. ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում կատարված փոփոխությամբ Հայաստանում նրա տեղակայման ժամկետը երկարաձգվեց մինչև 49 տարով: Անկախ նրանից՝ որքանով էր հիմնավորված նման փոփոխությանը Հայաստանի կողմից համաձայնելը, այդ քայլին Երևանն արդեն գնացել է և զուտ իրավական հարթության մեջ դրանից ձերբազատվելը չափազանց դժվար է: Ըստ Հայաստանի տարածքում ՌԴ ռազմակայանի մասին հայ-ռուսական պայմանագրի 27-րդ կետի, կողմերից որևէ մեկի մոտ պայմանագրի գործողության դադարեցման ցանկության դեպքում ռազմաբազայի դուրսբերման հետ կապված հարցերը պետք է որոշի Խառը հանձնաժողովը, որի շրջանակներում էլ որոշվում են նաև լիկվիդացման ժամկետները: Այսինքն որպեսզի հասնի ռազմակայանի դուրսբերման, Հայաստանը պետք է բավականաչափ քաղաքական կշիռ ունենա, որը տվյալ դեպքում առհասարակ բացակայում է:

Սակայն ամենաէականն այն է, որ ռազմակայանի դուրսբերումը ուզենք թե չուզենք, շոշափում է հայ-ռուսական հարաբերությունների կայունության խնդիրը: Վերջինս Հայաստանի համար կենսական է ոչ թե Ռուսաստանի հովանավորությունից զրկվելու հասարակության մեծամասնության գիտակցության մեջ նստած ֆոբիայի, այլ տարածաշրջանային հեղհեղուկ հավասարակշռության խախտման միանգամայն իրատեսական հեռանկարի պատճառով: Ռուսաստանի ներկայիս շարունակական միջազգային մեկուսացումը նրան դրդում է տենդագին դաշնակիցներ փնտրել և որպես այդպիսի պոտենցիալ դաշնակից, Ռուսաստանը ներկայումս տեսնում է առաջին հերթին Թուրքիային: Տնտեսական և էներգետիկ ընդհանուր շահերը Մոսկվային և Անկարային թույլ են տալիս երկրորդական դարձնել քաղաքական տարաձայնությունները: Այդ իրողությունը հաստատվեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած վերջին պետական այցի ընթացքում: Թուրքիան Մոսկվայի համար բաց է պահում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորության հարցը՝ մերթ ընդ մերթ այս ուղղությամբ որոշակի ուղերձներ արձակելով: Այլ կերպ ասած՝ Անկարան, իրեն բնորոշ դիվանագիտական հնարքներով Ռուսաստանին պահում է մշտապես նրա հետ համաձայնություններ ձեռք բերելու դաշտում: Այս տեսանկյունից իրավիճակը չափազանց նման է 1919-20 թվականներին, երբ ռուս-թուրքական փոխադարձ շահերի համընկնման արդյունքում Հայաստանը հայտնվեց գոյություն չունենալու սպառնալիքի առջև: Այս խորապատկերին Ռուսաստանին ռազմակայանը դուրս բերելու պահանջ ներկայացնելը կարող է Մոսկվային ստիպել հենման կետեր որոնել հենց թուրք-ադրբեջանական տանդեմում, հատկապես եթե հաշվի առնենք Ռուսաստաի համար՝ Արևմուտքին հակադրվելու Անկարայի և Բաքվի ներկայիս քաղաքական կուրսի խիստ գայթակղիչ լինելու հանգամանքը: Ռուսաստանն, իհարկե, ոչ մի գնով չի համաձայնի հանել իր միակ ռազմաբազան այս տարածաշրջանում: Բայց կարող է հեշտությամբ Հայաստանին նման «հանդգնության» համար պատժելու նկատառումով Ադրբեջանին ԼՂ հարցի ռազմական ճանապարհով լուծելու հարցում չմիջամտելու կամ նույնիսկ օգնելու երաշխիքներ տրամադրել:

Դրանից վախենալու որևէ խնդիր գուցե չառաջանար, եթե Հայաստանն այս ընթացքում ստեղծած լիներ անվտանգության այլընտրանքային այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտար արագորեն նոր հենման կետեր գտնել Իրանում, Արևմուտքում: Ուկրաինային պատուհասած արհավիրքը շատ պարզ ցույց  է տալիս, թե նման համակարգ չունենալու հետևանքը որն է լինում: Հայաստանն Ուկրաինա չէ՝ ոչ իր տարածքով, ոչ բնակչության թվով, որ ռեսուրսներով, որպեսզի կարողանա գոնե նրա չափ դիմանալ: Հետևաբար ռազմակայանի դուսբերման հարցը, որը իր ազդեցության գոտիներն աշխարհում կորցնող Ռուսաստանի համար չափազանց զգայուն թեմա է և ընկալվելու է որպես թիկունքից հարված, կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ գործ ունենանք ոչ թե թուրք-ադրբեջանական, այլ թուրք-ադրբեջանա-ռուսական ճակատի հետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, որի համատեքստում ռազմաբազան մեխանիկորեն վերածվում է Հայաստանի սրտում դրված ժամով աշխատող ռումբի: Այլ կերպ ասած՝ Հայաստանի հարաբերական անվտանգության երաշխիքը ոչ թե այդ ռազմաբազան է, այլ ռուսական արջին անհաշվենկատ քայլերով չկատաղեցնելը: Հայաստանի անվտանգության երշախավորը հայկական բանակն է, հասարակության գրեթե կատարյալ վստահությունը բանակի նկատմամբ: Բայց չի կարելի բանակի համար ստեղծել երկրորդ, երրորդ ճակատները: Մյուս կողմից, Ռուսաստանի հետ ներկայիս իմիտացիոն դաշնակցությունը գոնե դաշտ է ստեղծում նրան շարունակաբար իր պարտավորությունների մասին հիշեցնելու համար և պահանջելու մինչև  Հայաստանի տարածքից ռազմաբազայի դուրսբերումը գոնե կարգուկանոն հաստատել այնտեղ: 

Մեկնաբանություններ (12)

Armen Karapetyan
ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱՆԻՑ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԸ ԱՅԴ ՏԱՆԸ ՉԻ ԷԼ ԵՂԵԼ։ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ «ԽՈՐՆ» ԵՆ ՔՆԱԾ ԵՂԵԼ… ՍԱ ԱՊՏԱԿ ԷՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆՆ և ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆԸ։ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՔ ԶԻՆՎՈՐԻՆ։ Ի՞ՆՉ ԵՔ ԱՆԵԼՈՒ։ ՊԱՐԶԵԼ ՉԵՔ ԿԱՐՈՂ, «ՄԱՍՆԱԳԵՏ» ՉՈՒՆԵՔ, ԶԻՆՎՈՐՆ ԷԼ ՇԱՏ ԲԱՆ ՉԳԻՏԻ, ԻՐԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ։ ԻՍԿ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՏԱՆՈՒՄ ԷԻՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱԶԱՅԻ ՎՐԱ, ՆՐԱՆՔ ԳՈՐԾՈՒՄ ԷԻՆ Ի ՇԱՀ ԹՇՆԱՄՈՒ։ Ի՞ՆՉՈՒ։ ՈՐՈՎՀԵՏԵՎ, ՔԱՆԻ ԴԵՌ ԵՐԿԻՐԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ԹԱԼԱՆՉԻ ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲԸ, ՔԱՆԻ ԴԵՌ ԿԱ ԱՐՏԱԳԱՂԹ, ՔԱՆԻ ԴԵՌ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԻՆԳ ՄԻԼԻԱՐԴԻ ԶԵՆՔ ԳՆԵԼ, ՔԱՆԻ ԴԵՌ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ԻՆ ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆՔ ՈՉ 150 ՄԻԼԻՈՆ, ԱՅԼ 12.5, ՔԱՆԻ ԴԵՌ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ ԵՆՔ …ՌՈՒՍԸ և ՆՐԱ « ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ » ՕԴԻ ՊԵՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է։ ԵՍ ԿԱՍԵԻ 5 ԲԱԶԱ, ՂԱՐԱԲԱՂ – ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆՆ ԷԼ ԿՏԱԻ ԹՈՂ ՌՈՒՍԸ ՀՍԿԵՐ։ ԴԵ ԹՈՂ ԹՈՒՐՔԸ ՓՈՐՑԵՐ ԶԻՆՎՈՐ ՍՊԱՆԵԼ…ՀԱՅԻ ԽԵԼՔ… ԲՂԱՎՈՒՄ ԵՆՔ, ՀԵՏՈ ՆՈՐ ՄՏԱԾՈՒՄ։ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ ՆԵՐՍՈՒՄ Է…
Ararat
էս հեղինակը գրելուց առաջ մտածում ա թե......փող ա ստանում ինչ-որ դեսպանատնից
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Անկախ ամեն ինչից, նախ՝ ռուսական բազայի վերաբերյալ կարևո՛ր փոփոխություններ պիտի՛ լինեն՝ և՛ իրավական, և՛ կարգապահական առումով: Շատ կարևոր է, որ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին կանգնեն ՀՀ բանակի զինվորները կամ ,որպես նվազագույն, նա՛և հայ զինվորները: .........................................................Մի բան ՀՍՏԱԿ է. Գյումրիի ռուսական բազան կորցրե՛լ է իր տեղադրման նախնական նշանակության մի զգալի մասը և դարձել է ռուսների ձեռքին քաղաքակա՛ն գործիք՝ Հայաստանի այլընտրանքային անվտանգությունը կասեցնելու համար: Իսկ ՀԱՊԿ-ը, բոլորը գիտեն, որ թղթային բլեֆ է՝ նույն նպատակներով: Հայաստանը ԴՈՒՐՍ ՊԻՏԻ ԳԱ բոլոր այն ՀԱՊԿ-ային պայմանագրերից,որոնք թույլ չեն տալիս 3-րդ երկների հետ ռազմական միավորում կամ կառուցվածքային-սերտ համգործակցություն: ................................................Եվ՝ Հայաստանը պիտի՛ դադարի վճարել ռուսական բազայի համար ու ի՛նքը տարեկան վճար և/կամ արդիակա՛ն անվճար զենք պահանջի Ռուսաստանից՝ բազայի դիմաց: Այսինքն՝ ռուսական բազայից ՊԻՏԻ ԽԼԵԼ իրավա-քաղաքական մենաշնորհը. միա՛յն այս դեպքում թող այն առա՛յժմ (ձևական շրջանակներում) մնա Հայաստանում:
Ռուզաննա
Ինչքան հասկացա, հոդվածը բացարձակապես տարածաշրջանային զարգացումների համատեքստում Հայաստանում 102-րդ ռազմաբազայի գործառույթի մասին չէր, այլ զգուշացում՝ էդ խոսակցությունները, պնդումները դադարեցնելու մասին: Այո, մի քիչ զգացմունքայնություն կար, բայց ասելիքը. շատ պարզ է. չի կարելի նետով հարվածել առանց այն էլ կատաղած արջի մեջքին: Բանավեճի թեման էս է, թերևս ու հետաքրքիր կլիներ տեսակետներն էս մասով հնչեին նաև: Իմ համոզմամբ՝ ավելի ծատ հիմա պետք է պահանջել, որ այդ բազան գործի՝ հայ-ադրբեջանական ճակատում ստեղծված վիճակի պատճառով:
թոշակառու
Հոդվածի մեջ ռացիոնալ միտք կա: ՀՀ-ն կարող է առաջարկել ռուսներին որ մի բազա էլ Տավուշում տեղադրի ու այդ սահմանն էլ ինքը հսկի, որը տրամաբանական կլինի - մեզ համար ինչ տարբերություն երկու թուրքի միջեւ? Տեսնենք ինչ կասեն! Այդ դեպքում շատ հարցեր կարող են պարզ դառնալ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
11-ին: Ես ի՛մ կարծիքն եմ հայտնում. իսկ թե իմ կարծիքը ուրիշները ինչպես կմեկնաբանեն,դա արդեն մեկնաբանողնե՛րի խնդիրն է:Հետո՝ հոդվածի թեման ռուսական բազան է,այլ ոչ այս կամ այն անձը կամ վերջինիս արտահայտվելու ձևը:
Մանվել
10-ին: Կարծես քեզ հասնում էր պարոն Վարազ: Ամստերդամից ինքնավստահ կարգադրում ես ամբողջ ազգին՝ Այդ ո՜վ եղար
Վարազ Սյունի (Ամստերդամ)
թոշակառու(9) - Նախ՝ «խակ ուղեղը»,«մտրուկն» ու «մարդակնիկը» ի՛նքդ ես: Նախ սովորիր կոմենտ գրել՝ առանց անձնական պիտակավորումների. ես տարբեր կարծիքի իրավունք ունեմ: Երկրորդ՝ ռուսի գործելաձևը միշտ նույնն է. այնպես անել,որ հայը միշտ մտածի,որ առանց ռուսի «կորած» է: Քո՛ սերունդի սովետահոտ «բարձրունքից» նայիր Կարսին ու Անիին. դա էլ ռուսին «չջղայնացնելու» «նվերն» էր: Հաշվել իրո՛ք գիտեմ: Երբ ռուսի սապոգը 20-րդ դարի սկզբին ՀՀ եկավ,հայի հայրենիքը 70 հազարից դարձավ 30 հազար քառ. կմ: Սա դեռ մե՛կ օրինակ:
թոշակառու
Վարազ, քանի տարեկան էս? Ըստ քո խակ ուղեղի՝ ռսի լծակները դեռ բավարար չեն, որ Հայաստանից թաց տեղ մնա? Եթե երկու թիվ իրար գումարել գիտես, ապա պիտի կարողանաս հաշվել որ այս պահին դրա համար նրանց զենք ու բազա էլ հարկավոր չէ, այլ միայն թուրքին աչքով անել: Դեռեւս չեն անում, բայց քեզ նման «խելոք» մտրուկների թիվը ոնց որ ավելանում է, այ սա է գլխավոր վտանգը: Մենք կերթանք, իսկ դուք ձեր լցրած խելքով կամ թուրքի փայ կդառնաք, կամ էլ ազգը ու տեսակը կորցրած, էդ ձեր մարդակնիկներից
Վարազ Սյունի (Ամստերդամ)
2-րդ ռուսական բազա ՀՀ-ում կլինի ուղղակի Հայաստանի Հանրապետության ՎԵՐՋԸ: Դուք մտածու՞մ եք, թե սա ինչ քաղաքակա՛ն լծակ կլինի ռուսների ձեռքին՝ հային կուլ տալու համար: Ես արդեն ասել եմ. Հայաստա՛նի (և Արցախի) համար լավագույնը ԱՄՆ-ի բազա տեղադրելն է Սյունիքում. այ սա՛ կլինի իսկական անվտանգության երաշխիք՝ ռուս-թյուրքական օղակում:
Pir
Սա ել որերորդ անգամ ականատես ենք շատ մակերեսային և էմոցիաներին տրված հոդվածների
iravaban
խնդրում եմ հոդված գրելուց առաջ լավ մտածել, հրապարակելուց առաջ լավ մտածել, որոշակի ճիշտ շեշտադրումներ կային, բայց ամբողջի իմաստով սխալ եզրահանգում ա լինում, շատ պարզունակ տրամաբանություն ա կիրառվում, Իրանի մասին ընդհանրապես խոսք չկա, ինչը այս հոդվածի արժեքը դարձնում ա 0000000, մեծ զրո, ԱՄՆ-ի և Իրանի մեձեցման մասին խոսք չկա, մոտ ապագայում թուրքիայի մասնատվելու վտանգի մասին խոսք չկա, Իսլամական պետություն և այլն, թույլ հոդված էր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter