HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՊՄԿ-ին պատկանող «Լեռ-Էքս»-ի կոմբինատը արդեն 4 ամիս չի գործում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող  «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի կոմբինատն  արդեն 4 ամիս է` չի գործում: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասել է ԶՊՄԿ-ի ադմինիստրատիվ տնօրեն Վահե Հակոբյանը (որևէ կապ չունի ԶՊՄԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդի, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ):

Վ. Հակոբյանը նշել է, որ «Լեռ-Էքս»-ի 430 աշխատակիցներին իրենք չեն ազատել գործից, շարունակում են վճարել աշխատավարձերը, օրական մեկ անգամ կերակրում են, ինչպես նաև դասընթացներ են անցկացնում: Առաջիկայում այդ աշխատակիցներին նախատեսում են տեղավորել ԶՊՄԿ-ում:

Հիշեցնենք, որ «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն 2012-ին է գնվել ԶՊՄԿ-ի կողմից: Մինչ այդ ընկերությունը 4 տարի 50-50 % հարաբերակցությամբ պատկանում էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին ու Վարդան Բարսեղյանին: Սյունիքում շատ էին խոսակցությունները, որ ԶՊՄԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը պարտադրված է գնել ընկերությունը, քանի որ դա իշխանության վերին օղակների կողմից է հրահանգվել:

«Լեռ-Էքս»-ը Գեղիի ձորում գտնվող Հանքասարի հանքավայրի ուսումնասիրման լիցենզիա էր ստացել: Անցյալ տարվա ապրիլին Մ. Հակոբյանը «Հետքին» ասել էր, որ չնայած ունեն նաև շահագործման լիցենզիա, սակայն ձեռնպահ են մնում հանքն օգտագործելուց, քանի որ ուսումնասիրությունն ամբողջությամբ ավարտված չէ, պաշարները ճշտված չեն:

Սյունեցիներն էլ ասում էին, որ հանքավայրում մետաղական հարստությունը քիչ է, ու դա է եղել պատճառը, որ մարզպետ Խաչատրյանը հրաժարվել է ընկերությունից: Նշվում էր, որ  ԶՊՄԿ-ն «Լեռ-Էքս» ընկերությունը (ասել է թե` նաև հանքի լիցենզիաները) գնել է մոտ 47 մլն դոլարով:

Հիշեցնենք նաև, որ Հանքասարի պաշարներն ուսումնասիրող «Լեռ-Էքս»-ի կոմբինատում մշակվում էր ԶՊՄԿ-ի հանքաքարը: Մ. Հակոբյանը մեզ ասել էր, որ նախատեսում են այստեղ օրական 1200-1400 տ հանքաքար մշակել: Փաստորեն, «Լեռ-Էքս»-ն իր անունով ստացած լիցենզիայով հանքը շահագործելու և դրա հանածոն մշակելու փոխարեն հանքաքար էր բերում  ԶՊՄԿ-ից` պարապուրդի չմատնվելու համար: Վահե Հակոբյանը հայտնեց, որ Հանքասարում ուսումնասիրությունները դեռ շարունակվում են:

Ըստ ԶՊՄԿ-ի ադմինիստրատիվ տնօրենի` «Լեռ-Էքս»-ի կոմբինատի փակման գլխավոր պատճառը պարզվածքի համար նախատեսված խողովակաշարն է եղել: Բացի դրանից` տեխնիկական մի շարք խախտումներ են եղել:

«Խողովակաշարի պատճառով մենք կանգնեցրել ենք «Լեռ-Էքս»-ի գործունեությունը, քանի որ այն կարող էր պայթել և վնասել հարակից տարածքները` ողողելով պոչամբարի ջրերով»,- ասում է Վահե Հակոբյանը:

Խողովակաշարի մասին մենք ժամանակին գրել ենք: Նոր Աստղաբերդ համայնքի տարածքից սկսվող, ոչ մեծ տրամագծով խողովակաշարը «Լեռ-Էքս»-ի կոմբինատի պոչամբարից պարզվածքի ջրերը Գեղիի ձորով տանելու էր մինչև Լեռնաձոր համայնք, որտեղ միանալու էր ԶՊՄԿ-ի պոչատարին, որով էլ խառնուրդը թափվելու էր Արծվանիկի պոչամբար: Երբ Մ. Հակոբյանին հարցրել էինք, թե արդյոք արվել է խողովակաշարի փորձաքննություն, ասել էր, որ կարիքը չկա:

Մաքսիմ Հակոբյանը վստահ էր, որ դրա կառուցմամբ չեզոքացվում է շրջակա միջավայրին հասցվող վնասը: Բանն այն է, որ «Լեռ-Էքս»-ի պոչամբարից Գեղի գետը թափվող պարզվածքն իրականում հարուստ էր պոչանքներով, ինչը բացասական էր ազդում ամբողջ ձորի վրա: Տեղացիների հավաստմամբ` դրա պատճառով գետից վերացել է կարմրախայտը, պոչանքների հոտն էլ ակնհայտ է:

Վահե Հակոբյանն ավելացրեց, որ բացի վերը նշվածից` «Լեռ-Էքս»-ի կոմբինատի փակումը ֆինանսական շատ լուրջ կորուստների պատճառ է դարձել ԶՊՄԿ-ի համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter