HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ութ խնդիր և ութ լուծում հայ-ռուսական հարաբերություններում

Արա Նեդոլյան, հրապարակախոս

Պետք է խոսել և ձևակերպել, դրանումն է քաղաքականության իմաստը: Եթե ես լինեի ՀՀ իշխանությունների կամ առաջատար քաղաքական ուժերի տեղը, ես հրապարակայնորեն կդիմեի Ռուսաստանի իշխանություններին ու հասարակությանը, կձևակերպեի առաջացած խնդիրներն ու անհամաձայնությունները, նաև կառաջարկեի լուծումներ, հետո չասեն՝ գող-գող էկավ, Պետդեպը սենց, Ռոթշիլդները նենց: Եվ ուրեմն, հարգելի ռուսաստանցի պարոնայք, մեր երկրների միջև առաջացել են հետևյալ խնդիրներ.

  1. Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներն ու ձեռնարկությունները պատկանում են Ռուսաստանին, ռուսական կապիտալին: Սակայն, չնայած բազմաթիվ խոստումներին, բացակայում է այդ ոլորտների զարգացումը, բացակայում են ներդրումները, արդյունքում հայ հասարակության մոտ տպավորություն է ստեղծվում որ Ռուսաստանը միտումնավոր կասեցնում ու սահմանափակում է Հայաստանի տնտեսական զարգացումը: Առաջարկում ենք՝ ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը կսահմանի համատեղ հակամենաշնորհային քաղաքականություն այդ ոլորտում, որի արդյունքում կվերագանգնվի ազատ մրցակցային տնտեսական դաշտը, ինչպես նաև կհստակեցվի ռուս ընկերությունների ներդրումային պատասխանատվությունը ու իրենց պատկանող ոլորտների ու ձեռնարկությունների զարգացման չափանիշները:
  2. Ռուսաստանը հայտարարում է, որ իրականացնում է Հայաստանի գազամատակարարումը արտոնյալ գնով /185 դոլարով/, սակայն Ռուսստանին պատկանող գազամատակարարող ցանցը գազը վաճառում է սպառողներին կրկնակի ավելի թանկ, ինչը վերացնում է հայտարարված արտոնյալությունը: Առաջարկ՝ համատեղ իրակացնել այդ հարցի կարգավորումը, որպեսզի գինը սպառողների համար կամ դառնա իսկապես արտոնյալ, կամ՝ վերացվի ռուս ընկերության մենաշնորհը:
  3. Ռուս սահմանապահները իրականացնում են Հայաստանի սահմանների վերահսկողությունը: Դա աննախադեպ է միջազգային պրակտիկայում, և չունի ոչ մի տեսանելի իմաստ: Առաջարկ՝ իրականացնել որոշակի ժամկետում սահմանների վերահսկողության փոխանցումը հայաստանցի սահմանապահներին, դուրս բերել Հայաստանի տարածքից ռուս սահմանապահներին:
  4. Հստակեցնել Գյումրիում տեղակայված ռուս ռազմաբազայի գործառույթները, մասնավորապես՝ ինչից և որ դեպքում է այն պաշտպանում Հայաստանը, ինչպես նաև՝ ստանալ երաշխիքներ Հայստանի ներքին գործերին չխառնվելու և Հայաստանի տարածքից ագրեսիան բացառելու վերաբերյալ:
  5. Հնարավոր է, որ նման հստակեցումներ կան ռուսական ռազմաբազայի մասին պայմանագրում, սակայն մենք տեսնում ենք, Պերմյակովի դեպքում մասնավորապես, որ այդ պայմանագրի դրույթները փաստացի չեն կատարվում՝ «դա հակսում է Ռուսաստանի սահմանադրությանը» հիմնավորումով: Ուրեմն, ռուսական ռազմաբազայի մասին պայմանագիրը պետք է վերանայվի և վերաստորագրվի, ի դեպ, վերանայվի նաև դրա անհրաժեշտությունը առհասարակ:
  6. Ռուսաստանի կողմից իրականացվող Ադրբեջանի ակտիվ զինամատակարարումը մեծ անհանգստություն է առաջացնում Հայաստանում, քանի որ խախտում է երկրների միջև եղած ռազմական հավասարակշռվածությունը: Առաջարկվում է ստեղծել հայ-ռուսական ռազմական հանձնաժողով, որը կգնահատի Հայաստանի ու Ադբեջանի միջև Ռուսաստանի գործողությունների արդյունքում առաջացած անհամաչափությունը և շուտափույթ կվերագանգնի այն այս կամ այն միջոցներով:
  7. 1996 թվականի հայ-ռուսական բարեկամության ու համագործակցության մասին այսպես կոչված Մեծ պայմանագրում կա դրույթ, ըստ որի մեր երկները պարտավորվում են համաձայնեցնել իրենց արտաքին քաղաքականությունը և կոնսուլտացիաներ անցկացնել վճռական քայլեր ձեռնարկելուց առաջ: Սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանը չի համաձայնեցրել Հայաստանի հետ իր վերջին տարիների քաղաքականությունը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Եվրամիության, Վրաստանի և Ուկրաինայի հետ կոնֆլիկտների գնալու որոշումը: Առաջարկվում է՝ շուտափույթ սկսել նման բանակցությունները, առկա պայթյունավտանգ իրավիճակը մեղմելու, լուծումներ գտնելու նպատակով: Կամ՝ կասեցնել Մեծ պայմանագիրը, իբրև չգործող:
  8. Հայ հասարակությունը տեսավ, ինչպես Ռուսաստանը ստիպեց Հայաստանին հրաժարվել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումից, և հարկադրեց ստորագրել Եվրասիական միության պայմանագիրը: Դա ընկալվեց իբրև ոչ բարեկամական, Հայաստանի շահերից չբխող քայլ, բռնարարք: Առաջարկվում է՝ նախորդ կետի շրջանակներում, անցկացնել հայ-ռուսական բանակցություններ հայ-ռուսական և հայ-եվրոպական հարաբերությունների ու պայմնագրերի այնպիսի համատեղման վերաբերյալ, որը թույլ կտա հաշվի առնել երկու երկրների կենսական շահերը:

Այսքանը եթե արվի՝ մեր երկների միջև կառաջանան նորմալ քաղաքական հարաբերություններ, եթե չարվի՝ կառաջանա կոնֆլիկտ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter