HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղական իշխանություններն իրենց «Ուղերձը» ներկայացրին կառավարությանը

Լիլիթ Աբրահամյան 

2014թ. սեպտեմբերին Եվրախորհրդի նախաձեռնությամբ Գյումրի եւ Սիսիան քաղաքներում անցկացվեցին համաժողովներ՝ Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 2014թ. մարտի 26-ին ընդունած Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին թիվ 351(2014) Հանձնարարականը քննարկելու նպատակով: Համաժողովին մասնակից համայնքների առաջնորդներն՝ ավելի քան 150 համայնքի ղեկավարներ եւ ավագանու անդամներ, Հանձնարարականը հիմքում ունենալով, Հայաստանում տեղական ժողովրդավարությունն իրականություն դարձնելու իրենց առաջարկները ներկայացրին:  Փաստաթուղթը, որը նրանց կարծիքով գործնականում կիրառելի կդարձնի Կոնգրեսի Հանձնարարականները, վերնագրվեց «Ուղերձ Հայաստանի կառավարությանը» եւ այսօր՝ հունվարի 21-ին, Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում պաշտոնապես ներկայացվեց Հայաստանի կառավարությանը:

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն իր խոսքում նշեց, որ լավատեղյակ են ուղերձում ներառված առաջարկներին, Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի մոնիտորինգի արդյունքների քննարկմանը մասնակցել են հայաստանյան պատվիրակության հետ: «Ուղերձում նշված բազմաթիվ խնդիրներ արդեն իսկ ներառված են ՏԿԱԻ նախարարության տարեկան միջոցառումների ծրագրում, որն առաջիկա օրերին կհրապարակվի: Այսինքն` ուղերձն ընդունելիս մենք կարող ենք արձանագրել, որ այն կներկայացնենք Կառավարության քննարկմանը որպես գործող փաստաթուղթ»,- հայտնեց պրն Տերտերյանը:

Հայաստանի տեղական ինքնակառավարման ոլորտում գործող երեք ասոցիացիաները՝ Համայնքների ֆինանսիստների միավորում, Հայաստանի ավագանիների ասոցիացիա եւ Համայնքների միություն, ներկայացրին ուղերձում տեղ գտած առաջարկները: Ուղերձը մասնավորապես կարեւորում է օրենսդրության բարելավումը սուբսիդիարության սկզբունքի կիրարկման, Ֆինանսական համահարթեցման, հարկման եւ այլ ոլորտներում:

Փաստաթուղթն առաջարկում է նաեւ՝

  • հստակեցնել համայնքների եւ պետության միջեւ լիազորությունների բաշխումը:
  • Հզորացնել համայնքների կարողությունները հանրային ծառայությունների զգալի մասի մատուցման նկատառումով, քանի որ բնակչությանը մատուցվող ծառայությունների անհամաչափությունը նպաստում է երկրի տարբեր բնակավայրերից դեպի Երեւան կատարվող տեղաշարժին:
  • Օրենսդրության մեջ սահմանել համայնքների խոշորացման չափորոշիչներ, ստեղծել հստակ իրավական հիմք միջհամայնքային համագործակցության եւ միջհամայնքային միավորումների համար, նաեւ ապահովել դրանց գործնական կիրառումը:
  • Քննարկել եւ ընդունել հեռավոր համայնքների, մասնավորապես սահմանամերձ գյուղերի տարածքային զարգացումը խթանող հատուկ միջոցառումներ:
  • Հզորացնել ավագանու եւ ավագանու անդամների կարողությունները՝ հավասարազոր տեղական ինքնակառավարման մարմիններ` ավագանի եւ համայնքի ղեկավար ունենալու համար:
  • Ստեղծել համայնքային կառավարմանը քաղաքացիների մասնակցության պրակտիկ գործիքներ, քանի որ ընտրություններից բացի քաղաքացիները չունեն տեղական գործերում հաճախակի եւ ակտիվ մասնակցություն:
  • Ստեղծել ֆորմալ խորհրդակցական ընթացակարգեր տեղական համայնքների ներկայացուցիչների հետ եւ այլն:

Հանդիպման մասնակիցները՝ ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի եւ Երեւանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներ, ՀՀ ՏԿԱԻ եւ ՀՀ ԱԳ նախարարությունների պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման ոլորտում գործող հ/կ-ների ներկայացուցիչներ, իրենց տեսակետներն ու կարծիքներն արտահայտեցին «Ուղերձի» վերաբերյալ: Մասնավորապես նշվեց, որ աշնանը Եվրախորհրդի նախաձեռնությամբ հրավիրված համաժողովը միակ հարթակն էր, որը համայնքների ղեկավարներին հնարավորություն տվեց քննարկել իրենց խնդիրները եւ դրանք առաջարկությունների տեսքով ամփոփել փաստաթղթում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter