HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քաջարանի բժշկական կենտրոն»-ի փակված վիրահատարանները կվերագործարկվեն

Երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը վերադարձել է Քաջարանից և նախարարությունում ներկայացրել կատարած ուսումնասիրությունների վերլուծությունները։ Նախարար Արմեն Մուրադյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվել է ստեղծված իրավիճակը և առաջացած խնդիրների լուծման նպատակով հրատապ միջոցառումներ իրականացնելու հարցը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին 20 օր ժամանակ է տվել հանրապետության հիվանդանոցային ողջ ցանցում` առաջին հերթին վիրահատարաններում, գինեկոլոգիական, դիալիզի բաժանմունքներում, լաբորատորիաներում, վիրակապարաններում ու վարակազերծման կետերում մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացնելու համար։ Միաժամանակ հանձնարարվել է ուշադրություն դարձնել, թե ինչպես է կազմակերպվում այդ ծառայությունները մատուցող բուժաշխատողների կանխարգելիչ բուժզննումը։

Կարևորվել է ինչպես ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների համապատասխանությանը գործող իրավական ակտերին և նորմատիվներին, այնպես էլ` հիվանդանոցների որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովների գործունեությունը։ 

«Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործընթացի և բժշկական ծառայությունների որակի պատշաճ վերահսկողության ապահովումը 2015 թվականի պետական պատվերի տեղադրման կարևոր պայման պետք է լինի։ Դրանց ապահովման համար պետք է գործեն հստակ մեխանիզմներ»,-ասել է Արմեն Մուրադյանը` հավելելով, որ այս քայլով հնարավոր կլինի էականորեն բարելավել հիվանդանոցային ծառայությունը։

Նախարարը հանձնարարել է երկու ամսվա ընթացքում նույն ուսումնասիրությունները շարունակել նաև ստոմատոլոգիական և պոլիկլինիկական ծառայություններում, լաբորատորիաներում` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարությանը և հիմնադիրներին։

«Կարևոր է, որ այս ուսումնասիրությունների արդյունքում վեր հանվեն առկա բոլոր խնդիրները և ներկայացվեն լուծման կոնկրետ առաջարկներ։ Դրանք պետք է հիմք ծառայեն «Հանրային առողջապահության մասին» օրենքի նախագծում նոր, առավել արդյունավետ ընթացակարգեր մշակելու համար»,- ասել է Արմեն Մուրադյանը։

Քննարկվել են նաև բուժհաստատություններում ներհիվանդանոցային վարակների կանխագելման պատասխանատուների առջև խիստ պահանջներ դնելուն, նրանց իրազեկելուն և կրթելուն վերաբերող, ինչպես նաև այլ հարցեր։

2014թ. հոկտեմբերի 31-ի «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ներհիվանդանոցային  վարակների կանխարգելման միջոցառումների գնահատման,ռենտգեն կաբինետների օդի մշտադիտարկման և լաբորատոր հետազոտությունների իրականացման 2014 թվականի ծրագիրը հաստատելու մասին» թիվ 2544-Ա հրամանի համաձայն առողջապահության համակարգում այս ուղղությամբ առկա խնդիրները վեր հանելու և դրանք կանոնակարգելու նպատակով ՀՀԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետները  ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների գնահատման ուսումնասիրություններ են սկսել հանրապետության բուժհիմնարկներում։ Ուսումնասիրությունները նպատակ էին հետապնդում նաև վերլուծությունների հիման վրա նոր ընթացակարգեր մշակել «Հանրային առողջապահության մասին» օրենքի նախագծում։ Հաշվի առնելով, որ նախարարության գերակա այս ոլորտում անհրաժեշտ է ռադիկալ քայլերի իրականացում։

Ուսումնասիրությունների արդյունքում «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում լաբորատոր հետազոտությունների արդյունքում վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 60 նմուշից 13-ում (21.6%), ախտահանման որակի 60 նմուշից 5-ում (8.3%), մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 40 նմուշից 8-ում (20%) հայտնաբերվել էին շեղումներ: Այդ առթիվ ՀՀ ԱՆ Առողջապահական պետականտեսչության կողմից վարչական վարույթ է հարուցվել։

Քաջարանի բժշկական կենտրոնում վիրահատված ութ հիվանդների մոտ լաբորատոր հետազոտություններով հաստատվել է  հեպատիտ C-ով վարակվածություն։ Հետազոտությունների արդյունքների մասին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է հիվանդանոցի հիմնադրին` Սյունիքի մարզպետարանին: Փաստի առթիվ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, վիրահատարանները փակվել են։

Քննարկման արդյունքում Արմեն Մուրադյանը Արտավազդ Վանյանին հանձնարարել էր այցելել Քաջարան և տեղում աշխատող հանձնաժողովի հետհրատապ ստուգում իրականացնել, ինչպես նաև ախտահանում կազմակերպել։ Համոզվելով, որ իրականացված միջոցառումների արդյունքում բժշկական կենտրոնը զերծ է ներհիվանդանոցային վարակներից, իսկ բուժանձնակազմն անցել է համապատասխան բուժզննում` գրավոր թույլտվությամբ և անձնական պատասխանատվությամբ կազմակերպվել վիրահատարանների վերագործարկումը` սահմանելով մշտական հսկողություն համաճարակաբանի մասնակցությամբ։ Ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացվել է քննչական կոմիտեին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter