HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաջարանի կոմբինատի տնօրենը մեկնաբանում է կրճատումների մասին լուրերը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից «Հետքին» հայտնել են, որ այս ամսվանից կոմբինատում հեռացվելու են բոլոր կենսաթոշակառուները, և դրան հաջորդելու են նաև զանգվածային կրճատումներ: Սա, կարծես, անհանգիստ վիճակ է ստեղծել, քանի որ չգիտեն` ո՞վ է շարունակելու աշխատել կոմբինատում:

Այս առնչությամբ մի քանի գրավոր հարցեր էինք ուղարկել «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժին: Այդտեղից մեզ տեղեկացրեցին, որ քանի որ զանգվածային կրճատումների հարցը վերջին ամիսներին շատ է շահարկվում, հարցերին պատրաստակամություն է հայտնել պատասխանել ԶՊՄԿ-ի ադմինիստրատիվ և «Քրոնիմետ մեթալ-թրեյդինգ Սի-Այ-Էս»-ի կոմերցիոն տնօրեն Վահե Հակոբյանը: Վերջինս նախապես ասաց, որ գրավոր հարցերի շրջանակից դուրս որևէ հարցի չի պատասխանելու:

Ըստ նրա` հուլիսի 1-ին 50-ից ավելի կենսաթոշակառուների հետ պայմանագիրը երկարացրել են` մի մասի հետ 6 ամսով, մյուս մասի հետ էլ` 1  տարով: Հունվարին լրացել է 9 թոշակառուի պայմանագրի ժամկետը: Նրանցից 6-ի հետ պայմանագիր չեն կնքել, մնացածի հետ կնքել են: Փոխարենը, Հակոբյանի հավաստմամբ, իրենք աշխատանքի կընդունեն 6 երիտասարդի: Տնօրենի խոսքով` իրենց սկզբունքն այն է, որ եթե մարդն աշխատունակ է, շարունակում է աշխատել կոմբինատում, սակայն աշխատակիցների շրջանում կան 70-ն անց մարդիկ, ովքեր հազիվ են քայլում:

Վ. Հակոբյանն ասում է, որ կոմբինատում աշխատանքի անցնելու համար դիմել են 400-ից ավելի երիտասարդներ` բանվորական աշխատանքից մինչև մետալուրգի աշխատանքի համար: Իսկ նրանց առայժմ չեն կարող ընդունել թափուր աշխատատեղ չունենալու պատճառով: Նա նշում է, որ Քաջարանում ընտանիքներով են աշխատում կոմբինատում, և կան ընտանիքներ, որտեղ թե´ երիտասարդները, թե´ տատիկ-պապիկներն են աշխատում: Իսկ թոշակառու աշխատակիցներին թոշակի ուղարկելուց առաջ, ըստ վարչական տնօրենի, իրենք հաշվի են առնում տվյալ ընտանիքի սոցիալական վիճակը, թե արդյոք այդ թոշակառուն միակ աշխատող ուժն է ընտանիքում: Այդ գործոնները հաշվի առնելով էլ` որոշում են կայացնում:

«Եթե փոփոխություն է լինում, ապա դա կարող է դուր չգալ բոլորին: Բնական է` կլինեն ինչ-որ մարդիկ, ովքեր դժգոհություն կհայտնեն: Այսօր սարսափելի վիճակ է միջազգային շուկայում մետաղի գների հետ. պնղձի և մոլիբդենի գներն ընկնում են, այսինքն` կոմբինատը շատ լուրջ վնասներ է կրում հիմա: Այն, ինչ պլանավորված էր, ավելի քիչ է գալիս»,- ասում է Վ. Հակոբյանը: Չնայած ֆինանսական կորուստներին` ԶՊՄԿ-ի ներկայացուցիչը նշում է, որ այս հունվարից 25-30 տոկոսով բարձրացնելու են կոմբինատի այն աշխատակիցների աշխատավարձերը, որոնք կամ նվազագույն շեմին են, կամ չեն հասնում 200.000 դրամի: Նրա հաշվարկով` կոմբինատի` 50 տոկոսից ավելի աշխատակիցների աշխատավարձը բարձրացրել են 30-40.000 դրամով:

Հակոբյանը սա համարում է կոմբինատի` այս տարվա 3 առաջնահերթ փոփոխություններից մեկը: Մյուս երկուսը տեխնիկական վերազինումն ու բնապահպանական խնդիրների հանդեպ ուշադրությունն են: ԶՊՄԿ-ի վարչական տնօրենն ասում է, որ բնապահպանական հարցերով զբաղվելու համար իրենք հրավիրել են մասնագետների:

Նրա հայտնած տվյալներով` այսօր ԶՊՄԿ-ն ունի 3347 աշխատակից: Վ. Հակոբյանը համեմատության համար նշում է, որ հունիսի 1-ի դրությամբ` նախկին տնօրինության օրոք, 3322 աշխատակից է եղել: Միաժամանակ հավելում է, որ այսքան մարդու կարիք ներկա պահին կոմբինատը չունի, սակայն որոշակի պարտավորություն կրելով Քաջարանի ու տարածաշրջանի մյուս համայնքների բնակչության առջև` չի հրաժարվում նրանցից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter