HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր հանցագործի անունը անտարբերություն է

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Շարունակում եմ հետևել լուրերին հեռուստացույցով՝ ինտերնետային լուրեր, բնական է, բանտում չես կարող կարդալ: Գիտեմ, որ Դուք էլ անընդհատ հետևում եք լրահոսին՝ վախենալով առավոտյան մոտենալ համակարգչին կամ միացնել հեռուստացույցը: Վախենում ենք՝ հանկարծ նորից վատ լուր կամ լուրեր չլսենք:  

Գրելով «Հետքում»՝ լրատվության մասին նյութերի, գիտելիքի կարիք զգացի: «Հետքի» իմ գործընկերներից որոշ գրականություն եմ ստացել: Ինձ առավել շատ հետաքրքրում է ինֆորմացիայի փիլիսոփայական, հոգեբանական կողմը: Ինչո՞ւ են մարդիկ ասում. «Եթե լուրեր չկան, ուրեմն լուրերը լավն են»: Այստեղից հետևում է, և կյանքն էլ հենց դա է ցույց տալիս, որ ԶԼՄ-ներում գերակշռողը բացասական լուրերն են: Բացասական ինֆորմացիա պարունակող լուրերի ազդեցությունը, հետևանքը եթե ուսումնասիրվի գիտնականների կողմից, միգուցե ստացվի սարսափելի պատկեր՝ դեպրեսիվ հասարակություն, որի զգայարանները ցավ զգալուց գնալով բթանում են: Աբսուրդ բան եմ ասում, բայց միգուցե սարից իջնող մեծ ձնագնդու նմանվող վատ լուրերից, իրադարձություններից ցավ զգալով՝ հանրությունը դառնում է մի տեսակ անտարբեր՝ որպես պաշտպանողական ռեակցիա, որ չխենթանա պարզապես:

Մի անգամ, կարծեմ, պատմել եմ այս պատմությունը, բայց շատ տիպիկ օրինակ է: Ներողություն, եթե կրկնվում է: Բժշկական ինստիտուտում սովորելու տարիներին, դասախոսություններից մեկի ժամանակ մեզ բացատրեցին, թե ինչ է ցավը: Դասախոսն ասաց.

- Այս կենդանի գորտը պետք է մեխեք տախտակին:

Հրաժարվեցին շատերը, ես էլ: Վերջապես ուսանողներից մեկը կարողացավ հաղթահարել ինքն իրեն: Հետո դասախոսը բացեց գորտի մաշկն ու հոսանք միացրեց:

- Տեսնո՞ւմ եք՝ կենդանին ցավ է զգում, քանի որ ցնցվում է,- շարունակեց մեր դասախոսը:

Հետո ցնցումներն աստիճանաբար դադարեցին:

- Իսկ հիմա ցավի զգացողությունը վերացավ: Գորտը դարձավ անտարբեր ցավի նկատմամբ,- բացատրեց նա:  

Ամեն օր մենք լսում ենք, որ բանակում 18-ամյա զինվորներ են զոհվում, աշխարհը լի է թեժ կետերով, մարդը մարդուն սպանում է կրոնի անունից, կրոնի քողի տակ թաքնված: Մարդու կյանքը դարձել է միջոց` քաղաքական մեծ ու փոքր հակամարտությունների խաչմերուկում: Եվ այս ամենը` ինֆորմացիայի ու տեխնոլոգիաների զարգացման դարում, բայց մարդկության, քաղաքական իշխանությունների լռության ներքո: Իբրև պաշտպանական ռեակցիա մարդկությունն «անջատել» է իր լսելիքի, տեսնելիքի ու խոսելիքի ապարատները՝ հայտնի երեք կապիկների պես: Մարդիկ շատ են պայքարել, բղավել, օգնություն կանչել, արդարություն պահանջել, բայց նրանց ձայնը հաճախ լսելի չի դարձել: Հաճախ էլ բարձր գոռացողներին, ոչ անտարբեր եզակիներին լռեցնելու համար հեշտ միջոց կա՝ բանտը որպես պահեստ:

Մի հին աշխատակից կար «Նուբարաշեն» բանտում, ասում էր.

- Ես պահեստապետ եմ, հա՛, բանտը պահեստ ա, դատապարտյալներն էլ ապրանք են: Մեզ են տվել, որ էդ ապրանքը երկաթի դարակներում պահենք:

«Ի՞նչ կարևոր է՝ միանգամից կախաղան կհանեն ինձ, թե՞ կանդամահատեն, հետո նոր կկախեն: Միևնույնն է՝ հասարակությունը պարտված է: Նրանք չկարողացան փրկել քաղաքացու կյանքը: Եվ այդպես` յուրաքանչյուր սպանություն… Այն ոչ թե նետված ձեռնոց է հասարակությանը, այլ հակառակը՝ հասարակության կողմից արված մարտահրավերի ընդունում և հաղթանակ». սրանք հոգեբուժարանում գտնվող մի մարդասպանի խոսքեր են ժամանակակից եվրոպական գրողի ստեղծագործությունից: Կարծում եմ՝ մտորելու տեղիք է տալիս: Երևի թե ասել կուզի, որ բոլորիս անտարբերությունն է ծնում չարիք:

Միգուցե շատերդ եք տեսել «Պետության թշնամի» ֆիլմը, որը պատմում է անհատի պայքարի մասին պետական համակարգի անարդարությունների դեմ: Գլխավոր միտքն այն է, որ սոցիալական անարդարությունը ստեղծվում է նպատակային, որ մարդը զբաղվի օրվա հացի փնտրտուքով ու չընդվզի, չպայքարի այն դեպքում, երբ հենց սոցիալական բազմաթիվ անարդարությունները հանցագործությունների պատճառ են դառնում: Իսկ տուժողը բոլոր դեպքերում հասարակությունն է՝ քաղաքացիները: Ամեն դեպքում, պատժից միշտ խուսափում է այն գլխավոր և ամենամեծ հանցագործը՝ անտարբերությունը, որ ստեղծում է սոցիալական անարդարության մթնոլորտ, որտեղ մարդն անտեսված է: Քանի~-քանի~ ծերեր, մանկահասակ երեխաներ են տարբեր հիվանդություններ ձեռքբերում միայն այն պատճառով, որ մարդիկ չեն կարողանում տաքացնել իրենց բնակարանները: Քանի~-քանի~ քաղաքացի սոված է մնում այն պատճառով, որ բարձրացվում է սննդամթերքի գինը: Իսկ առանց այն էլ ծիծաղելի աշխատավարձերը տարբեր խորամանկ պահումների միջոցով, ըստ էության, կրճատվում են: Քանի~-քանի~սն են լքում երկիրը՝ արդարություն չգտնելով դատարաններում՝ այդպես էլ 23 տարի շարունակ «անկախ» Հայաստանում չգտնելով մի բուռ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter