HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինչո՞ւ եք Շնող գետի ջուրը պղտորում». գյուղացիներն ահազանգում են Թեղուտի հանքից հոսող պոչանքների մասին

Դեկտեմբերի 20-ին շահագործվելուց հետո Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքի հանքաքարի խտանյութից 1400 տ-ից ավելի որակյալ խտանյութ  «Թեղուտ» ՓԲԸ-ն  արդեն վաճառել է Ալավերդու պղնձաձուլական գործարանին:  Առաջին վաճառված խտանյութի  2,5 մլն դոլար արժեքի  25-30 տոկոստը կազմել է ընկերության շահույթը: Այս մասին  հունվարի 13-ին  Ալավերդու «Անկյուն+3»  հեռուստաընկերության  «Երևակ» հաղորդաշարով  ալավերդցիներին հայտնել է «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը:

Վերջինս հպարտությամբ ալավերդցիներին նաև տեղեկացրել է. «Մենք ունենք եվրոպական չափանիշներին համապատասխանող, ամենաժամանակակից տեխնոլոգիաներով  ու սարքավորումներով կոմբինատ, որը հրաշք է»:

Վ. Մեջլումյանի ասելով՝ Թեղուտի  «հրաշք կոմբինատի»  բնապահպանական խնդիրները նույնպես լուծվել են եվրոպական չափանիշներով:

Հանքի շահագործումից ուղիղ մեկ ամիս հետո` հունվարի 21-ի երեկոյան, Թեղուտի մշակույթի պալատի դահլիճում տեղի ունեցած ազդակիր համայնքների բնակիչների հետ հանդիպմանը Թեղուտի և Շնողի գյուղացիները ընկերության պատասխանատուներից բացատրություն պահանջեցին Շնող գետն աղտոտելու համար: Նրանցից շնողցի Աշոտ Ադամյանը  հայտարարեց, որ 10 օր շարունակ հանքի պոչամբարից պոչանքներ են հոսել Շնող գետը: Շնողցի Արայիկ Բաբայանն էլ պահանջեց. «Ուղղակի խնդրում ենք այս մասով մեզ պատասխան տվեք, ասեք, ինչու եք Շնող գետի ջուրը պղտորում: Էսօր էլ պղտոր էր»:

Արայիկ Բաբայանը և Աշոտ Ադամյանը

«Խճի արտադրամասը չի աշխատում, առանձին օրեր աշխատանք կատարվում է, բայց հիմնականում դա կարող է ամսվա աշխատանքային օրերի կեսից ավելին չլինել»,- պատասխանեց «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանը:

«Ես չեմ կարող կոնկրետ օրերով ասել, բայց երբ անցնում եմ գետի ջուրը պղտոր է»,- հակադարձեց Արայիկ  Բաբայանը: 

Ռուբեն Պապոյանը ենթադրեց, որ դա ուրիշ բանի արդյունք կարող է լինել: «Տարբերակը բացատրեք: Ոչ անձրև է եկել, ոչ ձնհալ կա, ի՞նչ կարող է լինել: Էդ մոստից դենը խի չի էտենց բան կա»,- առարկեց   Ա. Բաբայանը:

Շնողի գյուղապետ Հ. Սահակյանին հետաքրքրեց, թե այս պահին ոռոգման սեզոն չէ, որտե՞ղ է Արայիկը օգտագործում գետի ջուրը, որ մտահոգվում է:

«Ոնց որտեղ եմ օգտագործում, ապրանքը ջուր է խմում: Ինչ է նշանակում, որ չեք օգտագործում: Պղտոր ջուրը հմի օգո՞ւտ ա:  Իմ մեկ հա դեղձի այգին չորացել է էդ Ախթալայի  պոչանքների պատճառով: Նույն ջուրը հիմա էլ սրանցից ա գալիս»,- պատասխանեց Արայիկը:

«Դեռ չսկսած՝ պղտորել են գետի ջուրը:  Ջուրը արդեն մի քանի օր է՝ պղտոր  է գալիս : Հիմա անասունները էտա ջուր չեն խմում էդտեղից, բնական բան է: Դա կեղտոտ ջուր է: Ինչքանո՞վ եք երաշխավորում մեր ոռոգման սեզոնին`  մարտի կեսից, գոնե այդ ջուրը մաքուր կլինի»,- հարցրեց Աշոտ Ադամյանը:

Ռուբեն Պապոյանը գյուղապետ Հովիկ Սահակյանին առաջարկեց մի ներկայացուցչի հետ գնալ ընկերություն և տեղում նորից քննարկել ու տեսնել, որ նախագծի համաձայն նման բան չկա, և պոչամբարը  կառուցված է նախագծի համաձայն: Նա հայտնեց, որ արդեն արտադրանքը սկսել է արտադրվել:   

Գագիկ Արզումանյանը՝ ձախից երկրորդը Ռուբեն Պապոյան

«Նախագիծը որն է, այսինքն՝ ամիսը մեկ կարաք մեզ թունավորե՞ք:  Կոնկրոտ ես այն գիտեմ, որ մեզ վնասում  է գետի ջրի պղտորվելը»,- կրկին դժգոհեց  Աշոտ Ադամյանը: Վերջինս «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանին հայտնեց, որ գետը թափվողը «խվոստ» է:

Գագիկ Արզումանյանը ընկերության խճի արտադրամասից գետը թափվող նստվածքների հետ կապված գյուղացիներին խոստացավ, որ այսուհետև  արտադրամասը կաշխատի Շնողի գյուղապետի հետ համաձայնեցված գրաֆիկով , որպեսզի գյուղացիներն իմանան իրենց անելիքը:

Պոչամբարի հետ կապված՝ Գագիկ Արզումանյանը  գյուղացիներից պահանջեց  Թեղուտի պոչամբարը չհամեմատել Ախթալայի ԼՀԿ-ի պոչամբարի հետ. «Մի համեմատեք, որովհետև անհամեմատելի բաներ են: Ախթալայում չկա շրջանառու ջրի համակարգ: Այսինքն՝ Ախթալայում և ՀՀ-ում գործող մնացած բոլոր հանքավայրերում, դժբախտաբար, իհարկե, արտադրական ջրերը արտահոսում են բաց ջրամբարներ, տվյալ դեպքում՝ գետեր: Թեղուտում արտադրական ջրերի արտահոսք ընդհանրապես չի լինելու: Մեր նախագծով այդպես է, և էսօր ֆաբրիկան աշխատում է, և նման բան չկա»,- ասաց Գագիկ Արզումանյանը:

«Մնում է «խվոստը» նկարեմ, բերեմ ցույց տամ»,- ասաց Աշոտ Ադամյանը: «Նկարեք, բերեք, իհարկե: Պոչամբարի ջրերի արտահոսք չկա և չի կարող լինել»,- չնահանջեց Գագիկ Արզումանյանը:

«Ուզում եք ասեք՝ պոչամբարից պոչանքերի հոսքեր չեն եղել:  Պոչամբարից չի՞ եղել»,- վրդովված նրան դիմեց Աշոտ  Ադամյանը: «Մի պահ կարող է ունեցել ենք»,- համաձայնեց Ռուբեն Պապոյանը: «Մի պահը 10 օր է»,- պատասխանեց  Աշոտ Ադամյանը:

Վերջինիս հետաքրքրեց, թե ով է պատասխան տալու այսուհետև «խվոստաջրով» ջրելուց հետո իր այգին չորանալու դեպքում: «Դրա համար մեր վնասը ո՞վ է վերականգնելու»,- հարցրեց Աշոտը:

«Խվոստ չի գալու» ,- նրան վստահեցրեց Ռ. Պապոյանը: «Դուք նախօրորք ասում եք՝ չի գալու, ասենք, թե եկավ, 10 օր է «խվոստը» գալիս է, ասում եմ»,- պնդեց Ա. Ադամյանը:

Գագիկ Արզումանյանը գյուղացիներին բացատրեց.«Եթե մեր գործունեության ընթացքում, մեր նախագծի շեղումների պատճառով Ձեր որևէ մեկի գործունեությանը վնաս կլինի, իհարկե, դուք հնարավորություն ունեք այս հանդիպման շրջանակներում, այս հանդիպումից դուրս պահանջ ներկայացնել, որպեսզի Ձեզ պատճառված վնասը հատուցվի: Մենք պարտավոր ենք քննարկել այդ պահանջը»:

Այսուհետև  Գ. Արզումանյանը գյուղացիներին սկսեց համոզել, որ Թեղուտում պոչանքային հոսքեր չեն լինելու, որովհետև Թեղուտում պոչամբարը կառուցված է  և աշխատելու է բոլորովին այլ սկզբունքներով, այսինքն, եվրոպական չափանիշներով:

Մեկնաբանություններ (2)

Anahid Shirinian
An example of a eco-tourist hotel, which generates its own energy and some more, and also recycles its own water, is: http://www.myswitzerland.com/en-us/accommodation-with-view/romantik-hotel-muottas-muragl.html
Anahid Shirinian
The people of Armenia prefer an eco-tourist hotel in Teghut instead of the mine. We suggest to place a hotel there, where the mine-pit is located currently, with a sports and/or entertainment complex attached, see: http://www.myswitzerland.com/…/romantik-hotel-muottas-murag… and convert the ore-processing plant into something useful for the local population and hotel guests, a place to store honey, fruits, and other supplies. The hotel can be surrounded by small lakes, for recreation, for fish breeding, etc.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter