HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Է. Մանուկյան. «Եթե հապճեպություն լինի նախաքննության ընթացքում, շատ բաներ կարող է չբացահայտվեն»

Թաքցնել, թաքնվել, ոչնչացնել կատարածի բոլոր հետքերը, մաքրել, սրբել, իր հետեւից վերացնել հնարավոր բոլոր իրեղեն ապացույցները: Անգամ «շարքային» հանցագործի գործելաոճում են առկա լինում նշված քայլերը: Գյումրիում իրականացված սպանդի դրդապատճառները, ոճրագործությունից հետո հանցանքի վայրում թողած բազում ապացույցները տարակուսանքի մեջ են գցել փորձառու իրավաբան, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Էդվարդ Մանուկյանին: 40 տարուց ավելի դատաիրավական ոլորտում աշխատելով` բազում դաժան եւ երբեմն մարդու արյունը երակներում սառեցնող դեպքեր քննած իրավաբանին անհասկանալի են Պերմյակովի գործողությունները:

«Ի՞նչ է նշանակում` հանցանքի վայրում թողնել իրեր, որոնց վրա նշված է իր անունը, թողնել զենքը, իրեր, որ մատնանշում են իր անձը, ոնց որ ասի` «գայլ, արի ինձ կեր»,-նկատում է Էդվարդ Մանուկյանը,- եթե սա դիտարկենք որպես ովորական հանցագործություն, ապա հանցագործի վարքը դուրս է տրամաբանությունից, իսկ եթե լրջորեն ծրագրված գործողություն է ու իրեն բացահայտող իրերը հանցագործության վայրում թողնելն էլ` դիտավորություն, ապա ամբողջ պատկերը փոխվում է: Աննորմալ մի բան կա այստեղ, եւ դրդապատճառն է շատ անհասկանալի: Ջուր խմելու վարկածը, որ դրվել է շրջանառության մեջ, շատ է մանկական: Եթե այդ Պերմյակովին ուղղորդում են, ապա շատ պրիմիտիվ ձեւով է արվում»:

Էդվարդ Մանուկյանը հետեւում է Գյումրիում կատարվող իրադարձություններին ու լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին, իհարկե ականջալուր է նաեւ շրջանառվող խոսակցություններին: Նրա համոզմամբ` այն, ինչ դրվում է շրջանառության մեջ՝ լինի կարծիք, վարկած, թե պարզապես խոսակցությունների մակարդակի դիտարկում, նախաքննությանը խառնվելու միտում ունի, ու դա անթույլատրելի է:

«Պետք է թողնել, որ նախաքննությունն իր բնական հունով ընթանա,- նկատում է զրուցակիցս,- շատ դեպքերում մյուս կողմը կարող է օգտվել այդ վարկածներից եւ մտածել նախաքննությունն այդ ուղղությամբ տանելու մասին: Չէ՞ որ նրանք էլ են կարդում այդ ամենը եւ գուցե փորձ անեն կանխել այս կամ այն առաջ քաշված վարկածի բացահայտումը կամ իրազեկումը: Պիտի նաեւ այս պահին հաշվի առնենք, որ նախաքննությունը վերահսկում է ռուսական կողմը: Գոնե քրեական գործին առնչվող բոլոր հիմնական գործողությունները կատարվեն, նոր դրանց հստակ գնահատական տրվի: Իհարկե, մարդկանց հուզմունքն ու էմոցիաներն էլ չես կարող սահմանափակել, բայց բոլոր խաղաթղթերը դնել ռուսական կողմի առաջ, էդ էլ ճիշտ չէ»:

Ըստ Է. Մանուկյանի` շտապողականությունը կարող է շատ բան փչացնել, եթե հապճեպություն լինի նախաքննության ընթացքում, շատ բաներ կարող է չբացահայտվեն:

«Ես համոզված եմ, որ ինչ-որ բան հաստատ կա թաքցնելու, որովհետեւ սա էն դեպքը չի, որ ռուսական կողմը էսպիսի ծայրահեղ դրսեւորման գնա, ու հանրային պահանջի պայմաններում իրենք գործը հայկական կողմին տալու խնդիր չպիտի ունենային: Սահմանադրության ինչ-որ կետեր առաջ քաշելն ընդամենը պատճառաբանություն է: Հանցագործությունը կատարվել է մեր երկրի տարածքում, պետք է վստահել մեր իրավապահներին, ռուսները պիտի թույլ չտային, որ իրենց նկատմամբ կասկածանք առաջանար: Իսկ եթե գնում են դրան, էս շիկացած մթնոլորտում, ուրեմն ըստ ինձ, թաքցնելու բան ունեն: Գուցե դա կապ չունենա հանցագործության դրդապատճառի հետ, բայց դա կարող է կապ ունենալ ռուսական բազայում տիրող իրավիճակի բացահայտման հետ»,- զրուցակցիս ձայնում չքողարկված մտահոգություն եմ նկատում:

Որպես փորձառու իրավաբան ասում է, որ պատժի հարցն իրեն չի անհանգստացնում՝ որ կողմն էլ դատելու լինի հանցագործին, մեկ է՝ ցմահ ազատազրկում է նշանակելու: Խնդիրը պատասխանատվության չափը չէ, այլ քննության ընթացքում արվելիք բացահայտումները: «Մոտիվացիան է անհասկանալի՝ ջուր էի ուզում խմել, ինձ տեսան՝ սպանեցի՞, ծիծաղելի է, եթե չասենք՝ դուրս տրամաբանությունից»,- ասում է Էդվարդ Մանուկյանը:

16 տարի առաջ էլ այն, ինչ կատարվեց Գյումրիում, դուրս էր տրամաբանությունից: Գյումրին անակնկալի եկավ, երբ իր սահմանները պաշտպանելու կոչված ռուս զինծառայողներն օրը ցերեկով կրակ բացեցին մարդաշատ վայրում՝ թողնելով սպանվածների եւ վիրավորների: Քաղաքն այն ժամանակ չալեկոծվեց՝ ինչպես 2015թ. հունվարի 14-ին: Թե́ նախաքննությունը, թե́ դատավարությունն այն ժամանակ իրականացրեց հայկական կողմը:

1999թ. ապրիլի 14-ին տեղի ունեցած հանցագործության մեղավորներ Ալեքսանդր Կամենեւն ու Դենիս Պոպովը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով 1999թ. դեկտեմբերին դատապարտվեցին համապատասխանաբար 15 եւ 14 տարվա ազատազրկման: Դատաքննությունն այն ժամանակ իրականացնում էր դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանը:

Այդ տարիներին դատարանը Աբովյան 262 հասցեում գտնվող Դրամփյանների տոհմին պատկանող շենքում էր, որտեղ տեղափոխվել էր երկրաշարժից հետո:

Դատարանի նախկին շենքը

«Կրակահերթերը մենք էլ լսեցինք, որովհետեւ հենց էդ փողոցով էին իջնում ռուս զինվորականները, անգամ դուրս եկանք, հետո ես իմ աշխատակիցներին հրահանգեցի ներս մտնել, որովհետեւ տեսանք, որ անկանոն կրակում են, մարդիկ կարող էին վնասվել, հետո էլ պետք էր այդ մասին արագ տեղյակ պահել ոստիկանությանը»,- 16 տարի առաջ կատարված դեպքերը հիշում է Է. Մանուկյանը:

Դեպքը տեղի էր ունեցել ժամը 15-16-ի սահմաններում: Արձակված անկանոն կրակահերթերից անմեղ մարդիկ էին տուժել՝ երկուսը մահացել էին, յոթը հայտնվել հիվանդանոցում տարբեր աստիճանի վնասվածքներով: Հետագայում պիտի պարզվեր, որ հարբած զինվորականների նման վարքագծի պատճառը վրեժխնդրությունն է եղել:

«Իրենց այդ օրը ծեծել էին, բայց, իհարկե, ոչ առանց պատճառի,- պատմում է զրուցակիցս,- մինչեւ դեպքը սրանք «Պոլոզ Մուկուչ» գարեջրատնից ներքեւ գտնվող «Ջրահարս» ռեստորանում երկու շիշ օղի էին խմել, հետո դուրս էին եկել ու միզել փողոցում՝ բոլորի աչքի առաջ: Էդտեղ հայ տղաներ էին եղել ու սրանց ծեծել էին: Ի վերջո, փողոցում սեփական կարիքները հոգալը նորմալ մարդու ադեկվատ պահվածք չէ, ամեն դեպքում հայի համար: Ծեծվելուց հետո սրանք որոշում են վերժ լուծել: Ալեքսանդրի գաղափարն է լինում գնալ զորանոց, զենք վերցնել եւ վերադառնալ քաղաք»:

Գործով անցնող տուժողների թվում կային նաեւ երեք զինվորական սահմանապահ ջոկատից: «Իրենք որ վերադարձել էին զորանոց, էնտեղ էլ էին հանցագործություն կատարել: Երկու հերթապահներից զենք, պարկուճ խլելն առանց քաշքշոցի չէր անցել, նրանցից մեկին ծանր վնասվածք էին պատճառել, որքան հիշում եմ` հրացանի խզակոթով էին խփել: Հետո եւս մեկ զինծառայողի հետ էին ընդհարվել մինչեւ զորանոցից դուրս գալը, սպառնացել էին սպանել, եթե իրենց հետեւեն: Պահակապետը սրանց հետեւից մինչեւ առաջին դպրոցի մոտ հասել էր, բայց չէր կարողացել համոզել, որ վերադառնան զորանոց: Դասալիքներն ուզեցել էին սրա «Մակարով» ատրճանական էլ խլել, բայց պահակապետը ատրճանակը ինչ-որ տան բակ էր նետել, որ զինվորների ձեռքը չընկնի»:

Հիշելով 16-ամյա դատական գործի մանրամասները` զրուցակիցս պատմում է, որ ռուս զինվորականների նպատակն եղել է անկանոն կրակոցներով վախ սփռելը, հետո որեւէ մեքենայով Հայաստանից հեռանալը: Երեք մեքենա կանգնեցնելու փորձ է եղել: Մեկի վարորդը հասցրել է ճողոպրել, մյուս մեքենայի ուղեւորներին զինվորականները զենքի սպառնալիքով իջեցրել են մեքենայից, սակայն չեն կարողացել այն ընթացքի մեջ գցել՝ խափանվել է, իսկ երրորդ մեքենան, որ փորձել են Շահումյան 188 շենքի մոտ ձեռք գցել, ավարտվել է ողբերգությամբ: Վարորդը, տեսնելով զինված մարդկանց, փորձել է հետընթաց դուրս գալ, սակայն արձակված կրակահերթից ծանր վիրավորվել է ու հիվանդանոց չհասած՝ մահացել: Մեքենայում եղել են նաեւ երեխաներ:

Շահումյան փողոցը

Ռուս զինվորականներին հաջողվել է զինաթափել միայն կենտրոնական շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող հատվածում, ուր ուղղվել են արկածախնդիրները` անկանոն կրակ բացելով:

«Լաչինի միջանցք» կոչվող հատվածը

Միջադեպի ժամանակ հիվանդանոց տեղափոխված վիրավորներն եղել են այն մարդիկ, ովքեր փորձել են զենքը խլել զինվորականների ձեռքից: Նրանցից մեկը հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է վիրահատական սեղանին: Զրուցակիցս հիշում է, որ ռուս զինվորականներից մեկը եւս ոտնաթաթից վիրավոր է եղել՝ ընկերոջ գնդակն է կպել: Դե իսկ ոստիկանները դեպքի վայր են հասել այն ժամանակ, երբ շուկայում գտնվողները զինվորականներին արդեն զինաթափել էին, գցել գետնին ու ծեծում էին:

«Երեւի հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչու այն ժամանակ դատախազը 15 տարի ուզեց: Ասեմ, որ մեղադրանքն առաջադրվել էր Քրեական օրենսգրքի 99 հոդվածի մի քանի կետերով, որով պատիժ էր սահմանվում 8-ից 15 տարի: Իհարկե, այն ժամանակ դեռ մահապատիժը վերացած չէր, սակայն Եվրամիության հետ մերձեցման գործընթացներ էին սկսված, ու մահապատիժը վերացնելու հարցը խիստ էր դրված մեր պետության առաջ»:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն այն ժամանակ բավարարել է նաեւ տուժողների քաղաքացիական հայցը` մոտ 13մլն դրամ, որից 1,5-ական մլն դրամը` սպանվածների ընտանիքներին, իսկ մնացածը բաշխվել է վիրավորներին` ըստ հիվանդանոցում կատարված ծախսերի: Նշված գումարը փոխհատուցել է Գյումրիում տեղակայված ռուսական կայազորի սահմանապահ ջոկատը:  

Հետագայում` 2001-ին ստորագրած «Դատապարտյալների փոխանակման մասին» Ստրասբուրգի կոնվեցիայի համաձայն, իրենց պատիժը ՀՀ-ի տարածքում կրող ռուս զինծառայողները արտահանձնվում են ՌԴ: Նրանցից Դենիս Պոպովի տեղափոխման հարցը կարգավորվել է անմիջապես, իսկ Ալեքսանդր Կամենեւը շարունակել է պատիժը կրել Հայաստանում:

«Երբ գրություն ստացանք, որ Կամենեւը հրաժարվել է տեղափոխվել, նա այդ ժամանակ իր պատիժը կրում էր Կոշի գաղութում, ինձ զարմանալի թվաց: Ես հետաքրքրվեցի ու իմացա, որ սիրած հայ աղջիկ ունի, ում հետ հեռախոսով կապ է պահում եւ նրա պատճառով չի ցանկանում հեռանալ Հայաստանից: Իսկ թե ինչու է ամեն դեպքում 2011թ. տեղափոխվել, այդ մասին որեւէ բան ասել չեմ կարող: Որքան հիշում եմ` նրանցից մեկը Վորոնեժից էր, մյուսը՝ Օրենբուրգից»:

Որպես զրույցի ամփոփում Էդվարդ Մանուկյանը մեկ անգամ էլ վերադառնալով 16-ամյա վաղեմության դեպքերին` շեշտում է, որ այն ժամանակ ռուսական կողմից քննչական գործողություններ հայ իրավապահների հետ համատեղ կատարավել են, նախաքննության ընթացքին էլ են մասնակցել, իսկ հետո գործն ամբողջությամբ վերահսկել է հայկական կողմը: «Նրանք հետո ամբողջ գործը փոխանցեցին մեզ, նույնը կարող են անել եւ հիմա: Պարզապես զարմանալի է, թե ինչու՞ չկա նման ցանկություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter