HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Վլադիմիր Գասպարյանին

Ես` Արփիկ Հարությունյանս, որպես մայր, օգնության ակնկալիքով դիմում եմ Ձեզ, քանի որ նախկին ամուսինս` Արարատ Ասրյանը, խաբեությամբ վերցրել է դստերս և անհետացել: Ամուսնացած ենք եղել 2005 թվականից, համատեղ կյանքում ունեցել ենք մեկ դուստր: Ընտանիքում տարաձայնությունները սկսվել են երեխայի դպրոց հաճախելու պատճառով, քանի որ արգելում էր դպրոց գնալ: Դուստրս 8 տարեկան է, սովորում է 1-ին դասարանում (հոր պատճառով կորցրել է 1 ուս. տարի): Ամուսինս պատճառաբանում էր, որ իր ընդդիմադիր հայացքների պատճառով երեխային կվնասեն, կբռնաբարեն, անօրինական պատվաստումներ են անում` չիպավորում են երեխաներին: Սոց. ցանցերում, թերթերում հայհոյում էր նախագահին, ինձ ու հայրիկիս ենթարկում էր հոգեբանական տեռորի` կապված ազգային անվտանգության պետ` Գորիկ Հակոբյանի հետ, քանի որ նա հայրիկիս ուսանողական ընկերն է:

Ասում էր, որ ինքը կարևոր դեմք է, ունի կապեր դրսում, այդ պատճառով էլ Գորիկ Հակոբյանը հետապնդում է, ենթարկում է քաղաքական հալածանքների, բոլոր ձեռնարկումները ձախողում է, այժմ էլ օգտագործում է ինձ` իր դեմ, քանի որ ես ուզում էի ամուսնալուծվել:

Ի հայտ էին եկել շեղված մտքեր, տարվել էր բախտագուշակներով և պայծառատեսներով, ասում էր, որ ինքը առաքյալ է: 2014 թվականի հունիս ամսից ես և երեխան ապրում էինք հորս տանը, ես չենթարկվեցի` երեխային ուղարկեցի դպրոց, որից հետո նա անհետացավ:

2014 թվականի դեկտեմբերի 5-ին` 3 ամիս անց հայտնվել է, ուղարկել ընկերոջը և ցանկացել է տեսնել երեխային: Ես, ելնելով երեխայի հոգեբանական վիճակից, տարա Աբովյան քաղաք` ընկերոջ տուն` տեսակցության: 1 ժամ առանձնանալուց հետո երեխան ասաց, որ ուզում է մնա հոր մոտ. ես ստիպված համաձայնվեցի` պայմանով, որ վաղը կվերադարձնի: Հաջորդ օրը հայտնեց, որ ես այլևս չեմ տեսնի երեխային: Ես դիմել եմ դատարան` երեխայի հետագա խնամքի և բնակության վայրի պահանջով: Հունվարի 19-ին ես գնացի Կոտայքի ոստիկանություն, և ինձ ասացին, որ 2 օր է` բնակարանում մարդ չկա: Կոտայքի ոստիկանապետը ինձ հավաստիացնում էր, որ չեն կարող փախչել, որ իրենց հսկողության տակ են: Վերջերս պարզեցի, որ նախկին ամուսինս եղել է դատապարտված` ավազակային հարձակման պատճառով, կա հարուցված քրեական գործ` դասախոս Թաթուլ Մանասերյանի բողոքի հիման վրա, կան էլի խաբված մարդիկ, որոնցից գումար է կորզել: Ես ենթադրում եմ, որ երեխային առևանգել է, որպեսզի օգտագործի իմ դեմ` որպես գործիք` գումար կորզելու նպատակով:

Հարգելի Վլադիմիր Գասպարյան, խնդրում եմ Ձեր աջակցությունը և միջամտությունը , քանի որ Ձեր ստորաբաժանումների անլուրջ վերաբերմունքի պատճառով ես կանգնել եմ փաստի առջև: Ցավալին այն է, որ, հանդիսանալով օրինապաշտ քաղաքացի, բժշկուհի եմ, հայ քրիստոնյա եմ, բնակվում եմ հայրիկիս տանը, խնամում մեծահասակ ծնողիս, ունեմ անբասիր կենսագրություն, այս ամբողջ ընթացքում Ձեր աշխատակիցները ցուցաբերել են անտարբերություն և կողմնակալ վերաբերմունք իմ նկատմամբ, իսկ խաբեբային խրախուսում են: Խնդրում եմ Ձեզ` մինչև դատական պրոցեսի սկսվելը հայտնաբերել իմ երեխային, քանի որ նրա ֆիզիկական և հոգեկան առողջությանը սպառնում է անմիջական վտանգ:

Քաղաքացի Ա. Հարությունյան 

Ք. Երևան, Բաբայան 16ա բնակարան 3բնակիչ, հեռ. 010 252005, 093 060242

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter