Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Տարածական զգացումի մասին եւ ոչ միայն



Երկրի հանդեպ գիտե՞ք՝ ինչ զգացողություն ունեմ․ ոնց որ ամուսնացած լինեմ մեկի հետ, ում ժամանակին շատ եմ սիրել, ու ինչ-ինչ պատճառներով էս ամուսինս դարձել է տկար, հիմարացել է,  հաշմանդամություն է ձեռք բերել մտքի ու մարմնի, ընկել է մեծ գործարքների մեջ ու ամեն ինչ վատնել է․․․ Ու հիմա իմ հերթն է։ Ու էն բոլոր ընտանեկան պատմությունների նման է, որ ասում են՝ «մարդը ծեծում ա, սաղ օրը խմած տուն ա գալիս, ինչ կա-չկա ջարդում ա խեղճի գլխին, բայց էս անտերն ինչ անի, էրեխեքի խաթր իրեն զսպում ա»․․․

Ես մեծացել եմ մի քաղաքում, որտեղ գործարանային կմախքը ամբողջովին խեղդում է քաղաքի զգացմունքն ու ապրումը, մնացողներն էլ կամ էդ  հետգործարանային սինդրոմից հեռու տաքսու վարորդներ են, կամ գերեզմանների հարյուր տարվա մեռել (ընդ որում մեռած քաղաքի գործարանների ավերակներն ամենապարզն էդ գերեզմաններից են ընգծվում)։

Վերջին անգամ Վանաձոր գնալուս պատճառը պապիս գերեզմանն էր․ մաքրտում էի, կողքի գերեզմանում մեկը քարի վրա նկար էր ծեծում․ նայեցի տեսա հակառակ կողմի վրա է ծեծում,ասում եմ՝ էս ինչի եք նկարը հակառակ կողմին ծեծում, ասում է․ «դե տղեն դրսից փող ա ուղարկել, ասել եմ՝ քիչ ա, ասել ա՝ պապայի քարի հետեւ ծեծի մամայի նկարը, նոր քար պետք չի»․․․Ու էսպես՝ մեռել՝ մեռելի վրա։

Քիմգործարանի զզվելի, բզկտված ու բռնաբարված հատակագիծը ամբողջությամբ աչքիս առաջ՝ հիշում եմ՝ ոնց էի տնից փախչում ու վազում էդտեղ։ Բայց հիմա էդ հիշողություններից սիրտս խառնում է, որովհետեւ էդ նույն քաղաքից պոկված լինելով ու մայրաքաղաքային ուսանողական, աշխատանքային տարիներից հետո էլ զզվելի զգացողության մեջ եմ։ Ու շատ բան ուղղակի զսպում եմ, որովհետեւ էն նույն «անտեր կնկա» պես ընկել եմ մի պատմության մեջ, որտեղ ոչ մի կառույց, ոչ մի օրենսդրություն, ոչ մի տառ ու բառ չի կարող պաշտպանել ինձ, ուր մնաց՝ զգացումներս ու էմոցիաներս․․․ Կողքից որ նայում եմ փախչելու կամ մնալու, գամվելու շանսերս, ուզում եմ ինձ դուրս գցեմ յոթերորդ հարկի պատուհանիցս․ընդ որում վարձով բնակարանի։

Կենտրոնի սրճարանում աշխատող մատուցողուհի Լուսինեն էլ, լրագրող ընկերս՝ Անին էլ, 35 տարեկանում ծրագրավորում սովորող մյուս ընկերս՝ Բելլան էլ, նույն Վանաձորում մնացող նկարիչ երիտասարդ Տիգրանն էլ, մեծածախ առեւտրով զբաղվող քեռիս էլ, առաջվա ուսանողներս, կարիերիստ, ճամփորդած բարեկամս էլ․ բոլորը զզված են․․․ Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ ոչ նվնվալու, ոչ բողոքելու, ոչ  մի բան անելու տրամադրություն չկա, որովհետեւ էս քաղաքում, էս երկրում տրամադրություն ստեղծողների սահմանները հստակ գծված են, ու քո շարժումները ավելի հիվանդագին են ընկալվում, քան էդ սահմանված պեդոֆիլներինն ու մարդասպաններինը, որովհետեւ ընկալողներն էլ էն մնացածներն ու մնացողներն են, ովքեր սուպերմարկետներում դրված կոկորդիլոսներից տարբերվում են նրանով, որ ողջ են (չհաշված ամենանեղ ու ամենամոտ կրկնվող շրջանակները)։

Զգում եմ՝ ինձ ոնց եմ ցրում, ինչեր եմ անում, առավոտից իրիկուն մի տուփ սուրճն ու սիգարետը ոնց է գնում․․․ Վազում եմ թատրոն՝ հեքիաթ գրելու, գնում եմ գործի, նյութեր եմ հրապարակում էստեղ-էնտեղ, գրում եմ, ջնջում եմ, ստատուսներ եմ լայքում, քոմենթում եմ, պատուհանս քնելուց առաջ բացում եմ՝ շնչառական յոգա անելու համար, պառկելուց շունչս նորից խախտվում է ու գիշերները սարսափելի երազներ եմ տեսնում։

Բոլոր տեսակի պայքարներից խաբված դուրս գալու, հրապարակներում սառչելու ու տանն էլ նորից սառչելու մտքից, տրանսպորտի մեջ հոգնած ու չշարժվող քաղաքացուցուն տեսնելուց  փախչողի պես ամեն օր տաքսի եմ նստում․ ամենայն անկեղծությամբ վերջին օրերին հատկապես ոտքս ասֆալտին դնելու ոչ մի տրամադրություն չունեմ ու նաեւ վախեցած եմ բոլոր տեսակի հարաբերություններից, զրույցներից ու հանդիպումներից․․․

Ու հարցն էստեղ բազմիցս շահարկված քաղաքացիական գիտակցությունը չի, մարդկանց անիրազակությունն ու էդ նույն պեդոֆիլներն ու մարդասպանները չեն․ հարցն էստեղ ամեն մեկի պահվածքն է, երբ կրիտիկական պահին մաշկը պատռելու ու ոսկորների անզորությունը ցույց տալով հաղթանակի փոխարեն ամեն մեկն իր մաշկը հաստացնելու ու պաշտպանվելու համար մեդիան, քաղաքը, երկիրը, եկեղեցին, նույնիսկ սեփական տունն ու երեխաներին հարմարեցնում է իրեն․․․ Ու էդ վախը կրունկներն այրելու փոխարեն մի օր ամբողջական վառված մարմինների կույտ է հավաքելու․

քաղաքի աղբանոցները լցվում են
գժանոցները լցվում են
հիվանդանոցները լցվում են
գերեզմանոցները լցվում են

էլ ուրիշ ոչ մի բան
չի լցվում[1]։

 


[1] Մեջբերված հատվածը՝ Չ․ Բուքովսկու «Անմաշկ սիրով» ստեղծագործությունից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ