HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարության ճիչ-կրակոց շերիֆային քաղաքականության դեմ

Նաիրա Հայրապետյան

Լեգենդար Բոբ Մառլիի 1973թ. թողարկված «I Shot the Sheriff» սինգլը միանգամից հիթային չդարձավ: Ասում են՝ այն հաջողություններ ունեցավ այն բանից հետո, երբ հնչեց Էրիկ Քլեփթոնի քավըրը՝ ռեգգի և բլյուզ-ռոք միքսով (1974թ.,  «461 Ocean Boulevard» ալբոմ): Վերջինս գլխավորեց  «Bilboard Hot 100»-ը: Գրեթե 30 տարի անց, Քլեփթոնի՝ վաղուց արդեն հանրահայտ քավըրը ընդգրկվեց «Գրեմիի փառքի սրահում», որտեղ սկզբունքորեն տեղ են գտնում երաժշտական ոլորտում որակական կամ պատմական առումով նշանավոր երգերը: Այս երգը նշանակալից դեր ունեցավ երգչի կարիերայում՝ դառնալով թիվ մեկ հիթը, որը նաև համընդհանուր ճանաչման արժանացրեց Քլեփթոնին: Թեև հետագայում այլ կատարումներ ևս եղան, սակայն մինչ օրս լավագույն քավըրը համարվում է քլեփթոնյանը:

Բայց այս պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ և՛ Մառլին, և՛ Քլեփթոնը այնքան էլ գոհ չէին այդ կատարումից: Մառլին գտնում էր, որ Քլեփթոնը չէր հասկանում՝ ինչի մասին է երգում, իսկ Քլեփթոնը համոզված էր, որ իրեն չի հաջողվել գերազանցել բնօրինակը: Այնուամենայնիվ, ինչպես կյանքում հաճախ է պատահում, հաջողությունն այցելեց բոլորովին այլ ուղղությունից: Եվ Բ. Մառլիի՝ շերիֆին ուղղված կրակոցի մասին աշխարհն իմացավ Է. Քլեփթոնից: Ի՞նչ կա որ, երաժշտական աշխարհում առաջին անգամը չէ, որ երգի քավըրը ավելի ճանաչված է դառնում, քան բնօրինակը:

 

Իսկ ահա հեղինակի համար «I Shot the Sheriff»-ը դարձավ ամենաքննարկվող ու մեկը մեկից ծայրահեղ տարբեր ենթադրություններով լի գործերից մեկը: Երկրպագուների մեծ մասը հավատացած է, որ երգի իմաստը թաքնված է ենթատեքստում, ուստի ամեն մեկը փորձում է բացահայտել այն բառերից այն կողմ: «I shot the sheriff, but I didn’t shoot no deputy…» առաջին հայացքից ամեն ինչ շատ պարզ է. ինչ-որ մեկը կրակել է շերիֆի վրա, բայց նրան մեղադրում են նաև օգնականին սպանելու մեջ: Եվ ահա այդ ինչ-որ մեկը փորձում է հասկացնել, հավատացնել, որ ինքը ոչ մի կապ չունի օգնականի մահվան մեջ: Շերիֆին էլ կրակել է ստիպված, ինքնապաշտպանվելիս, երբ վերջինս անընդհատ վերացրել է նրա ցանած սերմերը, որ դրանք չաճեն։

Սերմե՞ր, ի՞նչ սերմեր… ահա թե ի՜նչ, ուրեմն յամայկացի ռաստամանին չեն թույլատրել աճեցնել մարիխուանա, որի պատճառով նա ափերից դուրս է եկել և սպանել շերիֆին: Երկրպագուների մեծ մասը հենց այսպես էլ ընդունում է երգի իմաստը: Մառլին կախվածություն ուներ թմրախոտից, պարբերաբար օգտագործում էր, սակայն արդյո՞ք սա բավարար է մտածելու, որ լայն հայացքներ և մտածողություն ձևավորող այս լեգենդը կարող էր ստեղծագործություն ձոնել մի երևույթի, որն այլ կերպ կարելի է բնորոշել որպես սպանություն հանուն «խոտի»: Ըստ իս՝ նույնիսկ անազնիվ է այսպես ընկալելը:

Երկրպագուների մի բանակ էլ համոզված է, որ երգը ուղղված է սևամորթների հանդեպ  ճնշումների դեմ: Չէ՞ որ Մառլին հայտնի էր նաև իր գաղափարական հայացքներով, քաղաքական-սոցիալական անարդարությունների դեմ բազմաթիվ ընդվզումներով: Սակայն ինտերնետային փնտրտուքներիս մեջ հանդիպեցի մեկ այլ տարբերակի, ըստ որի, երգի ստեղծման համար հիմք է հանդիսացել Յամայկայում այդ տարիներին տեղի ունեցած մի իրադարձություն:

Իբր քինգսթոնցի մի ֆերմեր հայտարարում է, որ ինքը ինքնապաշտպանության նպատակով սպանել է շերիֆ Ջոն Բրաունին: Սակայն երբ հայտնաբերվել է նաև շերիֆի տեղակալի դին, նրան կրկնակի մեղադրանք է հասցեագրվել: Պատճառը եղել է այն, ինչը նշված է Մառլիի երգի տեքստում՝ ոչնչացված սերմեր: Եվ տարիներ անց, պարզվել է, որ ֆերմերն ամենևին կապ չի ունեցել տեղակալ-օգնականի սպանության հետ, քանի որ այս անհասկանալի պատմությունը լուսավորվել է մի ցնցող բացահայտմամբ՝ հանգուցյալ ոստիկանները հոմոսեքսուալներ էին: Չդիմանալով սիրեկանի ծանր կորստին՝ օգնականը ինքնասպան էր եղել ֆերմերի զենքով: Այս ենթադրությունը կամ տեսակետը, սակայն, հիմնված էր միմիայն երկրպագուների տարբեր կայքերում թողած տեղեկությունների վրա, ուստի հարց է, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը: Միակ համընկնումը, թերևս, արդարության վերականգնման համար մառլիական անզիջում պայքարն է: Ինքը՝ երգիչն ասել է, որ «I Shot the Sheriff» –ը արդարության հասնելու ձգտում է, արտահայտություն: «Ես ուզում եմ ասել՝ ես կրակեցի (սպանեցի) ոստիկանությանը, բայց կառավարությունը դրանից աղմուկ կստեղծեր, դրա համար էլ այն փոխարինեցի «ես սպանեցի շերիֆին»-ով… բայց դե, իրականում գաղափարը նույնն է՝ արդարություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter