HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոզնավարի ուսուցիչների փոխադրավարձը մասնակի են փոխհատուցում

Մարիամ Մաթևոսյան

Սյունիքի մարզի Խոզնավարի դպրոցում, որտեղ 40 երեխա է սովորում, աշխատում է 19 ուսուցիչ: Նրանցից 10-ը տեղացիներ չեն, հիմնականում գորիսաբնակներ են եւ ամեն օր դժվարությամբ են Խոզնավար հասնում: Բացի այն, որ ներհամայնքային տրանսպորտն անկանոն է աշխատում, եւ ուսուցիչներն ստիպված են տաքսիով երթեւեկել, նրանց չեն փոխհատուցում նաեւ փոխադրավարձը:

ՀՀ կրթության նախարարության ծախսային ուղղություններում ներառված «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» հոդվածով նախատեսված է երթեւեկության փոխհատուցումը: Այս նպատակի համար 2014 թվականին Սյունիքի մարզպետարանին հատկացվել էր 19 մլն դրամ, սակայն,  ըստ Խոզնավարի դպրոցում աշխատող ուսուցիչների, այդ գումարներն արդյունավետ չեն բաշխվում:

Ոսուցչուհի Արմինե Աղաբեկյանը նշում է, որ շաբաթվա հինգ օրը դասաժամ ունի դպրոցում եւ Գորիսից Խոզնավար հասնելու համար օրական միջինը հազար դրամ է ծախսում: «Եթե ամիսների ծախսը գումարեմ, տարեկան մոտ 200 հազար դրամ ստիպված եմ ծախսել երթեւկության համար»,- ասում է նա: Նրա խոսքով` 2014 թվականին փոխհատուցում ստացել է միայն չորս ամսվա  համար, ընդամենը 54 հազար դրամ:

Դպրոցի տնօրեն Աշոտ Գեւորգյանի խոսքով` ուսուցիչները փոխհատուցում ստանում են շաբաթվա երկու օրվա համար` հանրային տրանսպորտի երթուղու ժամանակացույցով: Սակայն արդեն երեք տարի է, ինչ Խոզնավար, Վաղատուր, Խնածախ երթուղին չի գործում, ուստի ստիպված տաքսիով կամ պատահական մեքենաներով են երթեւեկում:

Մաթեմատիկայի ուսուցիչ Արթուր Հայրապետյանը սեփական մեքենայով է դասի գնում` իր հետ վերցնելով երեք, երբեմն էլ՝ չորս գործընկերներին: «1000-ական դրամ նրանք են վճարում, նույնքան էլ ինքս եմ ավելացնում, որը հազիվ վառելիքին է հերիքում, էլ չեմ ասում, թե մեքենան ճանապարհներին ինչքան է վնասվում, ծախսն էլ իմ վրա է: Հաշվեք, ամսական 10 հազար դրամ մեքենայի յուղ եմ փոխում, տարեկան 120 հազար էլ մեքենան սարքին պահելու համար եմ ծախսում, բայց 50 տոկոսի չափով էլ չեմ փոխհատուցվում»,- ասում է նա:

Ուսուցիչների խոսքով` երթեւեկությունն ավելի է դժվարանում ձմռանը, ինչպես իրենք են ասում՝ «կիսամեռ գնում ենք, մեռած տեղ հասնում»: Նրանք 44 կմ հեռավորությունը քսան րոպե առաջ կտրելու համար, ստիպված են լինում համեմատաբար կարճ, բայց անբարեկարգ, քարուքանդ ճանապարհով անցնել, գյուղ հասնում են Վերիշեն-Խոզնավար ճանապարհով:

«Առանց այն էլ, դպրոցը ցուրտ է, բավարար չի ջեռուցվում, ստիպված ենք եղել գարնանային եւ աշնանային արձակուրդների հաշվին երկարաձգել ձմեռային արձակուրդները, երկար ճանապարհից հետո մինչեւ մի քիչ տաքանում ենք, նորից հետդարձի ճանապարհը պիտի կտրենք»,- ասում են նրանք: Միաժամանակ շեշտում են, որ ո՛չ փոխհատուցում ստանալու, ո՛չ էլ դպրոցում ջեռուցում ունենալու հույս չունեն: Ուսուցիչների երթեւեկության վճարը փոխհատուցելու համար մարզպետարանից մշտապես նույն պատասխանն են ստանում՝ «հեռավոր գյուղ է, այդքանն ենք նախատեսել»: Ինչ վերաբերում է Խոզնավարը գազիֆիկացնելուն, այն երկար ժամանակ ձգձգվում է, որովհետեւ համայնքը չի կարողանում անհրաժեշտ ներդրումն ապահովել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter