HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Պետական դրամաշնորհը բաշխել են «գաղտնի» փորձագետները. կրթության և գիտության նախարարությունը չի հրապարակում նրանց անունները

Գիտության պետական կոմիտեն 2013թ. կազմակերպել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման» երկամյա գիտական դրամաշնորհային մրցույթը: Հայտերը գնահատած փորձագիտական խորհրդի անդամներից մի քանիսը նաև շահառուների ցանկում են: Կոմիտեն սա խախտում չի համարում՝ պարզաբանելով, թե փորձագիտական խորհուրդը հայտերից յուրաքանչյուրը գնահատել է առավելագույն 100 միավորից ընդամենը 15 միավորի շրջանակում:

Համոզվելու համար` անհրաժեշտ էր իմանալ, թե ովքեր են մնացած 85 միավորը շնորհած փորձագետները: Կրթության և գիտության  նախարարությունն ու Կոմիտեն հրաժարվում են փորձագետների անունները հրապարկելուց՝ առանց հիմնավորելու, թե որ իրավական ակտն է սահմանում նրանց գաղտնիությունը:

Գիտության պետական կոմիտեն 2013թ. հայտարարել է այս գիտական դրամաշնորհի մրցույթը. ստացվել է հետազոտական ծրագրի 500 հայտ, դրանցից հաղթող է ճանաչվել 158-ը: Հաղթած գիտնականները ֆինանսավորում կստանան մինչև 2015թ. հունիսը: Ավարտված աշխատանքները, համաձայն մրցույթի պայմանների, պետք է հրապարակվեն:

Հայտերի գնահատման համար, ԿԳ նախարարի հրամանով, ստեղծվել են մասնագիտական փորձագիտական խորհուրդներ, սակայն Կոմիտեն հավաստում է, որ միավորի 85 տոկոսը ձևավորվել է խորհուրդների հետ կապ չունեցող, երկու անկախ փորձագետների գնահատականները միջինացնելով:

Ովքե՞ր են անկախ փորձագետները, ինչո՞ւ չեն հրապարակում նրանց անունները, Կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը պատասխանեց, թե շահերի բախում կառաջանա. «Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանում: Եթե ես փորձաքննություն եմ արել ձեր աշխատանքը կամ դուք` իմը, մենք մի քիչ էլ իրար հետ լավ չենք, կարող է դանակահարություն լինի, կամ իրար սպանեն: Չի կարելի իմանալ: Եվ ամբողջ աշխարհում է դա ընդունված: Փորձագետի կարծիքը կարող ես իմանալ, բայց ոչ այն, թե ով է արել փորձաքննությունը, ամբողջ աշխարհում չկա այդպիսի բան, որ գրանտային համակարգում իմանան՝ ով է փորձագետը: Եվ մենք հեծանիվ չենք հորինել, ինչ-որ կա աշխարհում, դա էլ անում ենք»:

Նրա խոսքով՝ հայտերից ամեն մեկը գնահատել է երկու անկախ փորձագետ, որոնցից մեկը սովորաբար արտերկրից է և աշխատում է կամավոր՝ առանց վճարվելու: Վճարվում են միայն տեղի փորձագետները, իսկ թե ինչու, Լ. Մարդոյանը պատասխանում է՝ այդքան բյուջե չունեն: Ստացվում է՝ անկախ փորձագետներից մի քանիսը ոչ միայն գաղտնի են, այլև բարեգործ: Նրանց վստահվել է պետական դրամաշնորհի՝ միլիոնավոր դրամների բաշխումը: Թե ով ում պետք է դանակահարի նրանց անունները հրապարակելու դեպքում, անհայտ է, քանի որ Լ. Մարդոյանից խնդրել էինք ոչ թե կոնկրետ հայտը փորձաքննած, այլ առհասարակ բոլոր փորձագետների ցանկը:

Մրցույթն, իրականում, բարոյական նորմերով կարգավորելու կարիք չկա: Այն կարգավորված է իրավական ակտերով, որոնց համաձայն` հայտերը գնահատող փորձագետի անունը գաղտնի տեղեկատվություն չէ: Փորձագետների ցանկը ստանալու համար «Հետքը» հարցում ուղարկեց կրթության և գիտության նախարարություն: Նախարար Արմեն Աշոտյանը, հղում տալով Կոմիտեին, պատասխանել է, որ փորձագետների անունները գաղտնի են պահվում՝ «միջազգային չափանիշների համաձայն»:

Քանի դեռ հրապարակային չէ 85 միավորը բաշխած փորձագետների ցանկը, որևէ երաշխիք չունենք, որ հայտերը գնահատած անկախ «փորձագետները» նույն փորձագիտական խորհրդի անդամները չեն: Իսկ նախարարի 137Ա/Ք և 172Ա/Ք հրամաններով ձևավորված փորձագիտական խորհուրդների անդամներից մի քանիսը, ինչպես նշեցիք, նույն ծրագրի շահառուների ցանկում են: Գրեթե բոլոր բնագավառների փորձագիտական խմբերում կան ծրագրի շահառու գիտնականներ: Այս առումով ռեկորդային է հատկապես «Բնական գիտություններ» բնագավառի մասնագիտական փորձագիտական խորհուրդը. 7 անդամներից 4-ն ընդգրկված են շահառուների ցանկում: 

ԿԳՆ-ն խախտել է կառավարության որոշումը

Նախարարության և Կոմիտեի՝ միջազգային չափանիշներին հղում տալու պատճառն այն է, որ մրցույթը չի իրականացվել հայաստանյան չափանիշների համաձայն: Երկամյա գիտական այս դրամաշնորհը կազմակերպվում է համաձայն կառավարության 2001թ. նոյեմբերի 17-ի 1122-Ն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանգրային (թեմատիկ) ֆինանսավորման» որոշման: Որոշման կետերից մեկով՝ հայտերը գնահատում են հենց փորձագիտական խորհուրդները:  

«Հայտերի գնահատման նպատակով նախարարության կողմից սահմանված կարգով ձևավորվում են մասնագիտական փորձագիտական խորհուրդներ: Նախարարության կողմից ընդունվում և խորհուրդներին են տրամադրվում գիտական թեմաների հայտերը: Խորհուրդները փորձաքննության են ենթարկում, ընտրում գիտական թեմաների հայտերը և դրանք ներկայացնում նախարարություն` հաստատման»,- սահմանում է որոշման 3-րդ կետը:

Կառավարության որոշման մեջ խոսք չկա անկախ, այն էլ՝ «գաղտնի» փորձագետների մասին: Հայտերի գնահատման գործառույթը անհայտ փորձագետներին հանձնելու իրավասություն Գիտության պետական կոմիտեին տվել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի N 51-Ա/Ք հրամանով հաստատվել է մրցույթի հայտարարությունը, որի կետերից մեկով էլ նախատեսվում է, որ գնահատմանը, բացի փորձագիտական խորհրդի անդամաներից, կարող են մասնակցել նաև «Կոմիտեի փորձագետների շտեմարանում ընդգրկված փորձագետները»:

Նշենք, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով՝ ՀՀ նախարարների հրամանները չպետք է հակասեն կառավարության որոշումներին: Կրթության և գիտության նախարարություն ուղարկված գրության մեջ նախարարին հարցրել էինք, թե ինչու է ընդունել կառավարության որոշմանը հակասող հրաման: Հարցին նախարարը չի պատասխանել: Փոխարենը նորից մանրամասնել է իր հրամանները՝ որպես օրինականությունը երաշխավորող փաստաթղթեր: Նախարարի հրամանը, որի հիման վրա կազմվել է մրցույթի հայտարարությունը, կառավարության որոշմանը հակասող, հետևաբար` անվավեր իրավական ակտ է՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի: 

Անհայտ փորձագետների «պրոֆեսիոնալ» գնահատականները  

«Հետքը» ձեռք է բերել մրցույթին մասնակցած գիտնականներից մեկի աշխատանքի գնահատման փաստաթղթերը: Նա չի ընդգրկվել շահառուների ցանկում: Առաջին փորձագետը նրա աշխատանքը առավելագույն 85 միավորից գնահատել է 68,5 միավոր, իսկ երկրորդը` 84 միավոր: Վերջնական միավորը, որը այս երկու գնահատականների միջին թվաբանականն է, չի հատել անցողիկ շեմը: Գիտնականը բողոքարկել է: Կոմիտեն աշխատանքը, մրցույթի պայմանների համաձայն, հանձնել է երրորդ փորձագետին: Նա ոչ միայն չի բարձրացրել գնահատականները, այլև այնքան է իջեցրել, որ կասկածի տակ է դնում կամ իր, կամ իրեն նախորդող երկու փորձագետների որակավորումը:

Օրինակ` եթե առաջին երկու փորձագետները ծրագրի «կարևորությունը» գնահատել են առավելագույն 5 միավոր, ապա երրորդ փորձագետը, ով վերանայել է բողոքարկված աշխատանքը, գնահատել է 2 միավոր: Ծրագրի «նպատակը» առաջին փուլում երկու փորձագետները գնահատել են 5 միավոր, բողոքարկումից հետո երրորդ փորձագետը` 1 միավոր: Համապատասխանաբար` ծրագրի «արդիականությունը», «իրագործելիությունը» կամ «իրականացման փուլերը» 5 միավորից իջեցվել են 2 միավորի:

Բացի գնահատականներից` փորձագետները նաև մեկնաբանել են աշխատանքը: Այսպես, առաջին փուլում փորձագետներից մեկը գիտական ծրագրի իրագործելիության վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է տվել. «Ծրագիրը հստակ է ներկայացված, սակայն ավելորդ եմ համարում հին արդյունքների մանրամասն շարադրումը», բողոքարկումից հետո երրորդ փորձագետը մեկնաբանել է այնպես, որ վերացել են հաղթելու բոլոր շանսերը. «Գիտական ծրագրի իրականացումը չի ներկայացված»:

Թե ինչպես գիտական ծրագրի իրականացումը «ներկայացված չէ», եթե մինչև բողոքարկումը «հստակ ներկայացված» էր, կարող են պատասխանել միայն «գաղտնի» փորձագետները: Այսպիսի պրոֆեսիոնալ գնահատականների հիման վրա «Գիտական և գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների» համար 2013-2014թթ. բյուջեով հատկացվել է համապատասխանաբար 1 միլիարդ 106 միլիոն 507 հազար և 1 միլիարդ 515 միլիոն 690 հազար դրամ:  2015թ. բյուջեով Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման բյուջեն կազմելու է 1 միլիարդ 333 միլիոն 10 հազար դրամ:

Գիտական թեմայի տարեկան ֆինանսավորման ծավալները 5, 4, 3 և 2 անձից բաղկացած խմբերի համար կազմում են համպատասխանաբար 8, 6.4, 4.8, 3.2 միլիոն դրամ՝ փորձարարական բնույթի թեմաների համար, 7.5, 6, 4.5 և 3 միլիոն դրամ՝ տեսական բնույթի թեմաների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter