HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարորդն ընդդեմ ճանապարհային ոստիկանության և ԴԱՀԿ-ի. վճիռը ուժի մեջ չմտած՝ նրա տուգանքը հնգապատկվել է

Մոտ մեկ տարի առաջ՝ 2014թ.  փետրվարի 23-ին, ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և վարորդ Վահրամ Խլղաթյանը ենթարկվել է  5000 դրամ վարչական տույժի: Ժամանակ չկորցնելու համար ստորագրել է իրեն «հրամցված» ակտը և հեռացել՝ նպատակ ունենալով դատական կարգով բողոքարկել այն: Ըստ ճանապարհային ոստիկանության՝ Վահրամ Խլղաթյանը «Օպել Վեկտրա» ավտոմեքենայով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և վերադասավորվելիս ճանապարհը չի զիջել հարևան ենթևեկելի գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն օրը որոշումն ստորագրությամբ հանձնվել է վարորդին:

Վարչական ակտը անվավեր ճանաչելու պահանջով Վ. Խլղաթյանը դիմել է դատարան: Նա պնդում է, որ չի կատարել այն վարչական զանցանքը, որի համար վիճարկվող որոշմամբ նախատեսված է պատասխանատվություն:

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ, 2014թ. հոկտեմբերի 17-ին Վ. Խլղաթյանի հայցը մերժել է: Դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման արձանագրությունում և որոշման մեջ` ձևաթղթի վարչական մարմնի մոտ պահվող հատվածում, հստակ նշված է եղել Վահրամ Խլղաթյանին վերագրվող խախտումը` «Վերադասավորվելիս ճանապարհը չի զիջեց հարևան երթևեկելի գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցին», վերջինս տեղեկացել է իրեն վերագրվող խախտման մասին, որևէ առարկություն կամ անհամաձայնություն չի հայտնել, ստորագրել է արձանագրությունը և ստորագրությամբ ստացել է որոշման` իրավախախտում կատարած անձին հանձնվող օրինակը։

Վահրամ Խլղաթյանը վճիռը բողոքարկել է վարչական վերաքննիչ դատարան և մարտի 18-ին նշանակվել է դատական նիստ:

Մինչ Վ. Խլղաթյանը զբաղված է եղել դատական գործերով, 30.09.2014թ. նրան է ուղարկվել ԴԱՀԿ Արմավիրի մարզային բաժնի հարկադիր կատարող Ռ. Դոլինյանի կողմից կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը: Պարզվել է, որ այս ընթացքում գումարը հնգապատկվել է` դառնալով 25.000 դրամ, որին ավելացել է նաև կատարողական գործողությունների համար նախատեսված գումարը` 5000 դրամ: Գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանք դնելու որոշում Վ. Խլղաթյանին չի ուղարկվել: Վերջինս այդ մասին տեղեկացել է օրեր առաջ, երբ բանկում ապառիկի գումարը վճարելու ժամանակ տեղեկացել է,  որ  նախորդ իր վճարումները «սառեցվել» են, քանի որ արգելանք է դրված:

Վ. Խլղաթյանն այժմ հայտնվել է անհարմար վիճակում և դիմում-բողոք է  ուղարկել ԴԱՀԿ ծառայության  Արմավիրի մարզային բաժնի պետին: Վ. Խլղաթյանը բողոքի պատճենը ուղարկել է նաև «Հետքի» խմբագրություն:

«Սա այն դեպքում, երբ վերոնշյալ գործով կատարման ներկայացրած վարչական ակտը դեռևս ուժի մեջ չէր մտել: Իմ փաստաբանը անձամբ այցելել է ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնի պետին, գրավոր տեղյակ պահել գործի հանգամանքներին, տեղեկացրել, որ վարչական դատարանի մերժումը բողոքարկվելու է սահմանված ժամկետում: 18.11.2014թ. վարչական վերաքննիչ դատարանը բողոքն ընդունել է վարույթ, իսկ նիստը կայանալու է մարտին: Բայց այդ ընթացքում ԴԱՀԿ ծառայությունը կատարում է բողոքարկվող վարչական ակտը: Հետաքրքիր է, թե որոնք են լինելու ԴԱՀԿ ծառայության կամ ՃՈ քայլերը այն պարագայում, երբ դատարանը վերացնի վարչական ակտը»,-ասում է Վահրամ Խլղաթյանը:

Նրա պնդմամբ, այս ամենի հետևանքը լինելու է այն, որ իր վարկային պատմությունը դառնալու է բացասական, ինչն էլ էական վնաս է պատճառելու իրեն: Իսկ դրա պատճառն այն է, որ մի պետական մարմինը առանց բավարար հիմքեր ունենալու կատարման է ներկայացնում ուժի մեջ չմտած վարչական ակտը, իսկ մյուս պետական մարմինը, տեղյակ լինելով, որ վարչական ակտը դեռևս բողոքարկվում է դատական կարգով, առանց պարտապանին տեղեկացնելու արգելանքի տակ է վերցնում վերջինիս դրամական միջոցները և հավանաբար նաև գույքը:

«Քանի որ այս մարմինները պետական են և ֆինանսավորվում են բացառապես պետբյուջեի հաշվին, ապա ստացվում է, որ ես իմ գրպանից վճարում եմ այն մարմինների ֆինանսավորման համար, որոնք, անտեսելով գործող օրենսդրությունը, խլում են իմ միջոցները: Չեմ ուզում ասել՝ մտնում են իմ գրպանը, բայց, հավատացեք, որ երևույթը հենց դրան էլ նմանվում է»,-ասում է Վ. Խլղաթյանը:

Քաղաքացին այժմ հարց է բարձրացնում, թե  ինչու իրեն չի ուղարկվել դրամական միջոցների և/կամ գույքի վրա արգելանք դնելու որոշումները: Բացի այդ, քանի որ ակնհայտ է, որ քննարկվող վարչական ակտը դեռևս ուժի մեջ չի մտել և չի կարող կատարվել, ուստի ԴԱՀԿ ծառայությանը խնդրում է ձեռնպահ մնալ ուժի մեջ չմտած վարչական ակտը կատարելուն ուղղված գործողություններից և վերացնել արգելանքը իր դրամական միջոցների կամ գույքի վրայից:

Վահրամ Խլղաթյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Դավթյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ճանապարհային ոստիկանությունը գործավարության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, բաժինները միմյանց հետ նորմալ կապ չունեն, տեղյակ չեն, որ գործը բողոքարկվել է դատական կարգով և այլն: «Հենց ժամկետը մոտենում է առանց նայելու` բողոքարկվել է, թե ոչ ուղարկում են ԴԱՀԿ կատարման, որ պլան կատարեն: Դա իմ կարծիքն է, այլ կերպ բացատրել հնարավոր չէ: Չեմ կարծում, որ պետական մարմինը միտումնավոր իրեն պահող հարկատուների գումարերն է մսխում»,-ասում է փաստաբան Դավթյանը:

Նշենք, որ Վահրամ Խլղաթյանը 2014թ. նոյեմբերին դիմել է վարչական դատարան, այս անգամ ԴԱՀԿ-ի կողմից կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter