HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Պետրոսյան. «Գիտեմ, թե ինչու այս գործն այսպես դասավորվեց և ինչու այսպես սարքվեց»

Հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում կհրապարակվի Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը: Հիշեցնենք, որ մեղադրողը 6 ու կես տարվա պատժաչափ է միջնորդել դատարանին՝ համարելով, որ Պետրոսյանի մեղքն ապացուցվել է շուրջ մեկ տարի տևած դատավարության արդյունքում: Այսպիսով՝ մեղադրանքի կողմը գտնում է, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մեջ մեղավոր է Վարդան Պետրոսյանը, իսկ պաշտպանական կողմը գտնում է, որ Պետրոսյանի մեղավորությունը դատարանում չհաստատվեց:

«Ես կարծում եմ, որ այս դատավարության ժամանակ ոչ թե Վարդան Պետրոսյանի մեղքը չհաստատվեց, այլ ոչինչ չարվեց, որպեսզի բացահայտվի օբյեկտիվ ճշմարտությունը»,- ասաց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Ի՞նչ հայտարարություն ա՝ քո տեղն էլ եմ նստում, լավությո՞ւն ա անում». տուժող Արթուր Հակոբյան

«Տուժող Արթուր Հակոբյանը, օգտվելով ռեպլիկի իր իրավունքից, ասաց.  «Իրենք հաշտեցումը նայում են մենակ պայմանով, որ ես մեղքը իմ վրա վերցնեմ: Վարդանը պարզ ճակատով դուրս գա, ասեն՝ հալալ ա: Ամեն ինչը ֆռացնում են մեր վրա: Ուզում են մեզ միշտ ճնշած պահեն: Ինչի՞ համար, երկու էրեխա տվեց սպանեց, մի էրեխուն էդ օրը գցեց: Ու մի հատ էլ ծափահարություններով ողջունում են: Մի հատ էլ կարելի ա մեդալ գցել վզից: Ո՞նց հասկանանք, 2 երեխայի զոհ տա, ինձ ասեն ոնց գերեզման սարքեմ, ոնց երեխային տանեմ բժշկի… վրդովված եմ, շատ նեղված եմ, շատ բան ունեմ ասելու: Ի՞նչ հայտարարություն ա՝ քո տեղն էլ եմ նստում, լավությո՞ւն ա անում: 6 տարի կլինի, 6 ու կես կլինի, էդ շատ քիչ ա»:


Հետո տուժողներից Արթուր Հակոբյանը պատմեց, որ եղբոր՝ Հայկ Հակոբյանի տուն է գնացել Վահագն Հովնանյանը, գումար է առաջարկել դարձյալ պայմանով, իսկ եղբայրը դուրս վռնդել բիզնեսմենին: Այս ամենից հետո Վարդան Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը վրդովվեց. «Սուտ է»,-ասաց նա: Դատարանը սանկցիա կիրառեց նրա նկատմամբ՝ 5 ժամով հեռացնելով նիստերից:  

«Ես չարացած չեմ ոչ մի բանի, ոչ մեկի հանդեպ»

«Այս ամբողջ ընթացքում ինձ երկու բան է զարմացրել: Չեմ հավատացել, որ հնարավոր է մարդուն այդ վիճակով տանել կալանավայր և չեմ հավատացել, որ անցած նիստին այդ ստի մեջ կներքաշեն նաև Նաիրա Կարապետյանին՝ մայրերից մեկին: Ձեր վերջին ֆրազը, որ Վարդան Պետրոսյանի ամենաանբարո քայլը նա էր, որ ասաց՝ լրիվ կոնպեսացիա կստանաք միայն այն դեպքում, երբ Արթուր Հակոբյանը ասի հետընթաց է կատարել, չի համապատասխանում իրականությանը: Ցավում եմ, որ Դուք ներքաշվեցիք էս ամենի մեջ»,-ասաց Վարդան Պետրոսյանը՝ ռեպլիկի կարգով:   

Օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից՝ Պետրոսյանը մեջբերում արեց մի իտալական ֆիլմից. «Այնտեղ ասվում է՝ ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ… Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ: Դուք էլ գիտեք, որ ես գիտեմ, որ Դուք գիտեք: Գիտեմ նաև, թե ինչու այս գործն այսպես դասավորվեց և ինչու այսպես սարքվեց: 1966 թվականին Պարույր Սևակը Հայաստանի Գրողների միությունում խոսեց գազոնային քաղաքականության մասին: Սա նույնի շարունակությունն է՝ անհատ և հասարակություն, ավելի ճիշտ՝ ռեժիմ: Չեմ ուզում ինքս ինձ մեծարել: Պատահական չեն Սևակի օրնակը, Մինասի, Երվանդ Քոչարի, Չարենցի, Աճառյանի, շատ շատերի օրինակները, որոնց ճնշել են, ճզմել են, Աբովյանին նույնիսկ»,- ասաց Վարդան Պետրոսյանը՝ հիշելով Ռուբեն Քոչարի՝ Երվանդ Քոչարի որդու պատմածը: Երբ Երվանդ Քոչարը բանտից դուրս գալուց հետո սիրել է մի մարդու հետ նարդի խաղալ, տղան հետաքրքրվել է, թե ով է այդ մարդը: Պարզվել է, որ նա բանտում իրեն ծեծել է: Հարցին, թե ինչու է այդ դեպքում հայրը շփվում նրա հետ՝ պատասխանել է, որ նա համեմատաբար քիչ ծեծողներից է եղել:

Հետո Պետրոսյանը նշեց, որ այնքան էլ կողմ չէ մեղադրողի մեղադրանքին, բայց չի կարող չնշել դատավարության ընթացքում մեղադրող դատախազի դրսևորած կոռեկտության, զսպվածության մասին, տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի «սարյանական դեղին գույնի» մասին:

Վարդան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց իր երեք փաստաբաններին. «Շնորհակալ եմ իմ փաստաբանին՝ Նիկոլայ Բաղդասարյանին, ով շատ ծանր պայմաններում աշխատեց, հոգեբանական ճնշումների տակ: Ուղակի զարմացել եմ: Փաստաբաններ վարձել եմ մի նպատակով՝ քննչական, դատաիրավական պրոցեսների ընթացքում իմ նկատամամբ կիրառված անօրինությունների պատճառով»,- ասաց նա: 

Վարդան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց նաև լրագրողներին ու իր ընկերներին.  «Մարդը սայթաքում է: Վթարը բոլորի համար է: Ամենամեծ վարորդը կարող է վթարի ենթարկվել: Ասում են՝ եզը, որ ընկնում է դանակավորները շատանում են: Ու կողքիդ են մնում միայն մոտ մարդիկ… Շնորհակալություն իմ կալանակից, իմ սիրելի իմ հարազատ եղբայրներին, որոնց Դուք համարում եք հանցագործ, իսկ նրանք հանցագործ չեն: Նրանք ինձ ոտքի կանգնեցրին, նրանք ինձ սովորեցրին այս դժբախտությունը ապրել: Շնորհակալություն իմ ընտանիքին, որ իմ կողքին է միշտ: Շնորհակալություն իմ հադիսատեսին, որն իմ կյանքի իմաստն է»,- նշեց Վարդան Պետրոսյանը:

Տեղի ունեցածը նա համարում է դժբախտ պատահար, որ կարող է պատահել բոլոր մարդկանց հետ: «Գիտակցելով պատասխանատվությանս չափը, զղջալով հատկապես սգավոր մայրերի, ծնողների առջև՝ այնուամենայնիվ ասում եմ՝ ինքս ինձ առաջադրված մեղադրանքում մեղավոր չեմ ճանաչում»,- իր «վերջին խոսքն» այսպես ավարտեց Վարդան Պետրոսյանը:

Լուսանկարները՝ Մարինա Ավագյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter