HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դասական պար` փայտի վառարանի մոտ

Վառարանի ծուխը վարագուրել է հայելապատ սենյակը՝ բարձր առաստաղով և սևացած պատերով: Փոքրիկ պարուհիներն ու պարուսույցը խմբվել են վառարանի շուրջ: «Կապ չունի պատերը սև են, ներսի աուրան շատ դրական է»,- նշում է պարուսույցը՝ Թամարա Ստեփանյանը՝ ներս հրավիրելով մեզ: Նա 24 տարի է՝ դասական պար է դասավանդում Կապանի արվեստի մանկական դպրոցում: Այս տարիներին Երևանում աշխատելու շատ առաջարկներ է ունեցել, բայց չի ընդունել: «Կապանն իմ քաղաքն է, իմ ջուրն է, չեմ կարող գնալ ուրիշ տեղ»,- հանդիպակաց հայելիներին նայելով՝ ասում է Թամարան:

Թամարան եղել է արվեստի դպրոց առաջին ընդունվողներից մեկը: 12 տարեկան էր, և այդ տարիքում բալետի պարուհի դառնալը գրեթե անհնար էր: Եվ դա է պատճառը, որ նրան դժվարությամբ են ընդունել դպրոց: Թամարան ասում է, որ երբ ուսուցչուհին առաջին անգամ տեսավ իրեն դասարան մտնելիս, միանգամից ասաց, որ ընդունեն իրեն՝ անկախ տարիքից: Դպրոցն ավարտելուց հետո Երևանի պարարվեստի ուսումնարան է ընդունվել այն պայմանով, որ վերադառնալու է Կապան և դասավանդելու է արվեստի դպրոցում:

«Այս տարածությունն իմ երկրորդ տունն է՝ ուզում ես հավատա, ուզում ես՝ չէ, չնայած դասասենյակն այդքան էլ լուսավոր չէ »,- նշում է Թամարան:

Գետնահարկում գտնվող դասական պարի սենյակն ապաստարան էր ծառայում պատերազմական տարիներին: Զրուցակիցս հիշում է, որ այդ տարիներին ռմբակոծությունը պատճառ չէր կարող լինել դաս չանելու: Հակառակը՝ իրենք երաժշտությունը բարձր միացնում էին ու սկսում պարել, իսկ երբ ռմբակոծությունն ուժգնանում էր, հավաքվում էին դասարանի մի անկյունում: Այսօր այդ անկյունում դաշնամուրն է դրված: «Եղել են դեպքեր, երբ աշխատանքի գալուց սկսել են ռմբակոծել, մտել եմ դպրոցի հարակից շենքերի մուտքերը՝ հենց մի մուտքից դուրս էի գալիս, որ գնամ դպրոց, նորից սկսում էր ռմբակոծությունը, և դարձյալ մտնում էի երկրորդ մուտք: Այդ ժամանակ հղի էի: Երբեք չէինք մտածում, որ գետնահարկում գտնվող դասարանի պատուհանները նայում են դեպի փողոց, և որ վտանգավոր էր այդ սենյակում գտնվելը»,- ասում է Թամարան:

Պատերազմից հետո ամենածանր տարիներին էին: Տնտեսական ճգնաժամի պատճառով ամիսներով չէին վարձատրվում: Թամարան ասում է, որ պատահել է՝ 8 ամիսը մեկ են աշխատավարձ ստացել, բայց երբեք չի մտածել դպրոցից դուրս գալու մասին: Այսօր էլ դպրոցում դժվարությունները քիչ չեն. հովանավոր չունենալու պատճառով չեն կարող մասնակցել փառատոներին:

Բալետի կոշիկները՝ պուանտները, թանկ են, ոչ բոլոր երեխաները կարող են գնել: 1 պուանտի գինը 18-28.000 դրամ է: Մի դասարանից պուանտ կարող է գնել մի հոգի, իսկ մեկ հոգով բեմադրություն չի կարող անել: Պարուսույցն անկեղծանում է, որ երեխաները հազիվ ամսական վճարն են մուծում՝ 1600 դրամը: Նույնիսկ եղել է դեպք, թեև խնդրեց չգրել այս մասին, երբ 2 տարի շարունակ ինքն է վճարել սաներից մեկի ուսման վարձը, և ոչ ոք չի իմացել այդ մասին: Գրեթե նույն պատկերն է ժողովրդական պարի դեպքում՝ այստեղ էլ տարազների խնդիր կա: Ընդամենն 8 տարազ ունեն, այն էլ, ըստ Թամարայի, ձեռք են բերել Կապանի կոմբինատի միջոցով:

Այսօր դասական պարի բաժնում սովորում է 70 աշակերտ: Երեխաները հիմնականում, ըստ Թամարայի, կազմվածքի համար են հաճախում դասական պարի, իսկ հետագայում որպես մասնագիտություն շատ քչերն են ընտրում: «Մեծամասամբ չեն հասկանում, և դա ունի իր պատճառները: Երևանում երեխաները հնարավորություն ունեն բալետ, օպերա գնալու, այստեղ զարգանալու տեղ չկա: Մեր քաղաքում շատ-շատ կարող են թատրոն գնալ տարվա մեջ մի քանի անգամ, կամ մշակույթի պալատում մի հիպ-հոպ կամ ռեփ համերգ կարող է լինել, իսկ 3 տարին մեկ պարի պետական անսամբլը որ գա, այ, դա մեզ համար դելիկատես է: Մենք պարտադիր ներկա ենք լինում»,- ասում է պարուսույցը:

Հարցնում եմ՝ ինչո՞ւ երեխաները հետագայում մասնագիտորեն չեն շարունակում ուսումը, ի՞նչն է պատճառը, Թամարան ժպտում է: Ասում է՝ եթե երեխաներին հարցնեք, թե քանիսը կշարունակեն պարարվեստի ճանապարհը (միաժամանակ հարցնում է երեխաներին), կպատասխանեն, որ բոլորը շարունակելու են (և, իսկապես, բոլոր երեխաները բարձրացրել էին իրեն ձեռքերը, որ իրենք պարուհի են դառնալու): Դասական պարը որպես մասնագիտություն չընտրելուն նպաստում են նաև ծնողները: «Ծնողներն ասում են՝ Թամարա Ֆրունզիկովնան ինչքա՞ն աշխատավարձ է ստանում, որ... Ի՞նչ պարուհի, գնա թարգմանիչ աշխատիր»,- ասում է Թամարան ու մեղմ ժպտում:

Դպրոցի միակ պարուսույցն է: Վերջին 4 տարիներին՝ դասավանդում է նաև արվեստի ուսումնարանում: «Դասական պարն ապրելակերպ է ինձ համար: Եթե նորից ծնվեի, և ասեին՝ ի՞նչ մասնագիտություն ես ընտրում, նորից կընտրեի նույնը՝ անկախ պայմաններից, եթե մենք հաղթահարել ենք պատերազմական տարիները, ապա մնացած դժվարություններն էլ հաղթահարելի են»,- եզրափակում է պարուսույցը: Իսկ դպրոցի տնօրենը՝ Մարինե Նահապետյանը, նշում է, որ շենքային պայմանները նախորդ տարի՝ դեկտեմբերի 24-ին, ներկայացրել է ՀՀ վարչապետին, վերջինս էլ խոստացել է, որ հունվար-փետրվար ամիսներին սկսելու են շենքի վերանորոգումը: «Գետնահարկում գտնվող դասարանները վերանորոգելիս քանդվում են ամիսներ անց:

Դրսում պետք է արվեն գործերը՝ պատուհանների տեղադրումը, ջեռուցում անցկացնելը շենքում, որպեսզի վերանորոգած դասարաններն էլ չքանդվեն»,- ասում է տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter