HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության որակի բարելավմանն ուղղված հուշագիր է ստորագրվել

Այսօր համագործակցության հուշագիր է կնքվել ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի միջև` քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավմանն ուղղված:

Այն ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Նարիմանյանը:

Հուշագրի շրջանակում կողմերը կարևորել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությունը, կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումն ու վերականգնումը, բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող մասնագիտական անհրաժեշտ կադրերի պատրաստման կարևորությունը և այլն:

Հուշագրով ամրագրված նպատակներն իրականացնելու համար կձեռնարկվեն հետևյալ միջոցառումները՝

1) քրեակատարողական հիմնարկներում բժշկական oգնության կազմակերպման և բուժoգնության որակի գնահատման չափորոշիչների ու չափանիշների մշակման, դրանց շարունակական կատարելագործման  և  դրանց իրականացման դիտարկման աշխատանքներ,

2)քրեակատարողական հիմնարկներում սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, համաճարակաբանական հսկողության, վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և ուսուցում,

3) «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում հիմնել բանտային (պենիտենցիար) բժշկության գծով դասընթաց և մշակել այդ գծով համապատասխան կրթական ծրագիր,

5) մշակել բժշկական կադրերի պատրաստման (պատրաստում, մասնագիտացում, վերամասնագիտացում), կատարելագործման, շարունակական մասնագիտական զարգացման, առկա կադրային ներուժի պահպանման, զարգացման ծրագրեր,

6) ապահովել բանտային (պենիտենցիար) բժշկության, ինչպես նաև հարակից մասնագիտություններրի գծով կադրերի պատրաստումը և դրա հետ կապված կրթական գործունեության կազմակերպումը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների բուժական անձնակազմի վերապատրաստման ծրագրերի և դասընթացների մշակումը և իրականացումը,

7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց»  և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում հիմնել բանտային (պենիտենցիար) բժշկության կամ հարակից մասնագիտությունների գծով կլինիկական բազաներ,

8) ՀՀ առողջապահության նախարարության, Համալսարանական կլինիկաների կողմից խորհրդատվական և գործնական աջակցություն ցուցաբերել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը՝  քրեակատարողական հիմնարկներում բարդ ընթացքով հիվանդների բուժման գործընթացում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter