HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինսկի խմբի համանախագահները տարբեր կոչեր են հղել Ադրբեջանին ու Հայաստանին

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրուն (Ֆրանսիա) Կրակովում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

«Մենք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին մեր խորին մտահոգությունն ենք հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հարձակումների առնչությամբ, որոնց արդյունքում կան զոհեր։ Բռնության աճը, որը սկսվել է անցյալ տարվանից, պետք է դադարեցվի՝ վերականգնելու համար վստահությունը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար։ Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման լուծման իր ստանձնած պարտավորություններին։ Մենք կոչ ենք անում նաև Հայաստանին՝ բոլոր միջոցները ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Բոլոր կողմերն էլ պետք է հավատարիմ մնան հրադադարի պահպանման ռեժիմի պայմանավորվածությանը։ Բռնությունը խաթարում է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:

Մենք նախարարի հետ քննարկել ենք խաղաղության կարգավորման գործընթացի հետագա հնարավոր քայլերը, ներառյալ՝ համապարփակ բանակցությունները, որոնք կարող են հանգեցնել խնդրի տևական լուծմանը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց։ Մենք Ադրբեջանի արտգործնախարարին հիշեցրել ենք Մինսկի խմբի համանախագահների մանդատի (լիազորությունների շրջանակի), Մինսկի խմբի համանախագահների դերի և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների մասին և մտահոգություն հայտնել շարունակվող բանակցային գործընթացի վերաբերյալ հնչող քննադատության առնչությամբ։

Շեշտել ենք այն միջոցառումների կարևորությունը, որոնց նպատակն է խուսափել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում պատահական միջադեպերից։ Մենք նաև քննարկել ենք ԿԽՄԿ հովանու ներքո անհայտ կորածների տվյալների փոխանակման վերաբերյալ նախագահների միջև ձեռք բերված համաձայնության շուտափույթկատարումը»:

Համանախագահները պատրաստվում են մոտ ապագայում հանդիպել ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանին և այնուհետ այցելել տարածաշրջան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter