HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Որոշ պաշտոնյաներ իրենց անչափահաս երեխաների հաշվին թաքցնում են ունեցվածքը

«Հետքի» հարցերին պատասխանում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

-2012 թ. հունվարին ստեղծվեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որի առաքելությունը պետք է լիներ երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելը: Այս տարիների ընթացքում հանձնաժողովը հասե՞լ է այդ նպատակին:

-Այո, որպես գերխնդիր ամրագրված է պետական հաստատությունների և պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: Օրենքը, որի հիման վրա ներդրվեց այս մարմինը, տվեց այն միջոցները, որի միջոցով մենք կարող ենք ապահովել հասարակության վստահությունը: Կարևորագույն միջոցը նաև գործունեության հրապարակայնությունը և ֆինանսական թափանցիկությունն ապահովելն է: Ի թիվս դրա` ներդրվեցին նաև այլ միջոցներ, օրինակ, վարքագծի կանոնների նկատմամբ հսկողությունը, շահերի բախման կանխարգելումը և այլն: Կարծում եմ` ֆինանսական բացահայտման և ֆինանսական միջոցների թափանցիկության, հանրությանը հասանելիության առումով նպատակներն իրականացվել են և գնահատեմ, որ սա Հայաստանի Հանրապետության պատմության լավագույն փորձն է: Հայտարարագրման համակարգը ՀՀ-ում փորձ է արվել ներդնել դեռևս 10 տարի առաջ: Ինքներդ էլ լավ ծանոթ եք, որ քաղաքացիական ծառայության համակարգում է ներդրվել, բայց վերջնական խնդիրները դժվար են ձեռք բերվել, մասնավորապես՝ այդ տվյալները հավաքագրվել են, բայց երբեք հանրությանը հասանելի չեն եղել: Նույնիսկ լրագրողները ամփոփիչ տեղեկանքներ են ստացել: Կարծում եմ, որ մենք լավագույնս ենք սա արել, և այս մասով ՀՀ փորձը կարելի է նկարագրել որպես լավագույն փորձ: Այժմ այդ տվյալները հասանելի են:

Իհարկե, մենք գիտենք, որ որոշ տվյալներ փակվում են, և կա հասարակության դժգոհությունը: Հանձնաժողովը խնդիրը հասկանում է, և այդ ուղղությամբ ենք քայլեր ձեռնարկում, մասնավորապես՝ նախատեսվել է հայտարարագրերում հրապարակայնացման ենթակա տվյալների ցանկն ընդլայնել: Հանձնաժողովը մշակել է նախագիծ, որով գործարքներին վերաբերող ներկայիս շեմերը առաջարկվել է հանել: Մենք երկու խնդիր ունենք` առաջինը, որ ոչ բոլոր գործարքներն են ենթակա հայտարարագրման, օրինակ՝ թանկարժեք գույքի դեպքում միայն 8 մլն դրամը գերազանցող, բայց մենք ունենք այլ տեսակի շեմեր: Թեև գործարքը կամ գույքը կարող է հայտարարագրման ենթակա լինել, բայց հրապարակայնացման ենթակա չլինել` պայմանավորված հենց շեմով: Առաջարկում ենք վերացնել հենց այս շեմը և անհարկի սահմանափակումներ չդնել:

Շատ կարևորում ենք էթիկայի հարցերով վարույթի հարուցումը: Դրա առնչությամբ գործերը մեծաքանակ չեն, բայց, միևնույն ժամանակ, չունենք դեպքեր, երբ պատշաճ ընթացակարգերով մեզ ներկայացված դիմումներն անհետևանք են մնացել: Ավելին, սկզբնական շրջանում քննադատվում էր, որ կարծես թե անպատրաստակամ ենք խախտումներն արձանագրելու, գոնե վերջին դեպքի քննությունը վերաբերմունքը փոխելու ճիշտ ազդակ է, քանի որ հիմնավորված դիրքորոշումներով տեղ գտած խախտումն արձանագրվել և հրապարակայնացվել էր:

սենք, թե պաշտոնյայի կողմից թույլ տրված էթիկայի խախտումն արձանագրվեց, հրապարակայնացվեց, դրանից ի՞նչ է փոխվում:

-Այստեղ գալիս ենք դերին, թե ինչպիսի դեր կարող են ունենալ համանման կառույցները հասարակությունում, և շատ կարևոր է հասարակության ներքին կառուցվածքը, արժեքները: Այն հասարակություններում, որտեղ ավելի ուժեղ են հասարակական վերահսկողության գործիքները, նույնիսկ նման հանձնաժողովների ձևավորման անհրաժեշտություն չի լինում, կամ գործիքակազմն է թույլ լինում: Օրինակ, եթե Գերմանիայում խոսեք պաշտոնյայի գույքի հայտարարագրման և հրապարակայնացման մասին, շատ լուրջ հակազդեցություն կլինի, որովհետև այնտեղ ի սկզբանե մշակույթն այնպես է ձևավորվել, որ այդ խնդիրները նմանատիպ գործիքներով կարգավորելը վիրավորում է նույնիսկ հասարակությանը: Հայաստանում ընտրված մոդելը կանխարգելողն է:

Կան երկրներ, որտեղ շատ ուժեղ պատժիչ դերակատարում ունեցող մարմիններ են ձևավորվել, Հայաստանում այս խնդիրը թողնված է իրավապահ մարմիններին: Լինելով օրենքով ստեղծված անկախ մարմին` մենք տալիս ենք մասնագիտական եզրակացություն, որից հետո եզրակացությունը հասցեագրում ենք այն անձանց, ովքեր պատասխանատու են պաշտոնյայի նշանակման հարցում, և նաև` հասարակությանը: Մենք ունենք քաղաքական պաշտոններ, որոնք ընտրովի են: Ոչ մի երկրում չկա ընտրովի անձին էթիկայի վարույթի շրջանակներում աշխատանքից ազատելու ընթացակարգ: Հասկանալի է, որ հասարակությունն ինքը պետք է հետաքրքրված լինի, և նման եզրակացությունները վնասելու են պաշտոնյայի հեղինակությանը, և հետագա ընտրական գործընթացներում նա լուրջ խնդիրներ է ունենալու:

-Կարծում եք՝ Հայաստանում պաշտոնյային հետաքրքրու՞մ է իր հեղինակությունը: Օրինակ` կան պատգամավորներ, ովքեր ընդգծված խախտում են էթիկայի նորմերը:

-Կարծում եմ՝ պետք է հետաքրքրի, որովհետև տարբեր ուղիով անցած մարդիկ են: Իմ կարծիքով, յուրաքանչյուր անձ հետաքրքրված է, որ հասարակությունում ունենա բարի համբավ, և սա ավելի շատ պետք է վերաբերի ընտրովի պաշտոնյաներին: Կդժվարանամ անհատապես գնահատական տալ յուրաքանչյուր պատգամավորի, բայց չեմ հավատում այն մոտեցմանը, որ անձն իր վարկանիշով հետաքրքրված չէ, և բարձր հեղինակությունը հասարակության մեջ կարևորություն չունի: Այլ է խնդիրը, թե հեղինակության ձևավորման համար հասարակությունն ինչ արժեքներ է գնահատում:

-Մամուլը գրեթե ամեն օր գրում է բարձրաստիճան պաշտոնյաների բիզնեսի, ունեցած հարստության մասին: Ինչու՞ էթիկայի հանձնաժողովն այդ հրապարակումներն ուսումնասիրության առարկա չի դարձնում, և վարույթներ չեն հարուցվում:

-Եթե հարցը վերաբերում է էթիկայի խատումներին կամ շահերի բախմանը, ապա «Հանրային ծառայության մասին» օրենքը հստակ մատնանշում է, թե որ դեպքում կարող ենք վարույթ հարուցել, և վարույթի հարուցման կարևոր պայման է մեզ դիմելը: Մենք ձևավորել ենք պլատֆորմ, որ նույնիսկ առցանց եղանակով կարող են հեշտությամբ հասցեագրել մեզ բողոքներ, և դրանք արագ կերպով քննության կարժանանան: Որպես բացասական տենդենց կարող եմ նշել, որ թեև հրապարակումներ կան, բայց պաշտոնապես դիմելու գործընթաց ինչ-ինչ պատճառներով տեղի չի ունենում:

-Իսկ ինչո՞ւ է հանձնաժողովը կաշկանդված պաշտոնական, բյուրոկրատական քաշքշուկով, եթե պաշտոնյայի վերաբերյալ արդեն հրապարակումներ կան, և հանձնաժողովն էլ տեսնում է, ինչու՞ իր նախաձեռնությամբ վարույթ չի հարուցում:

-Եթե հարցը վերաբերում է էթիկայի խախտմանը, պետք է լինի այն սուբյեկտը, որը գտնում է` իր նկատմամբ տեղի է ունեցել ոչ ճիշտ վարքագիծ, և առանց նրա մասնակցության վարույթ իրականացնելու առումով կլինեն խոչընդոտներ: Եթե հարցը վերաբերում է հայտարարագրերում տեղ գտած հրապարակումներին, դրանք իրենց բնույթով այլ տեսակի տեղեկատվություն են և հանձնաժողովի մոտ կարող են առաջ բերել կասկածներ, և դրանք լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն լինի: Հրապարակումներին պարտադիր անդրադառնում ենք, եթե իրենց մեջ բացահայտում են էթիկայի խախտումներին կամ շահերի բախման վերաբերյալ փաստեր, որոնց առնչությամբ կարող ենք հանձնաժողովի նախաձեռնությամբ վարույթ հարուցել: Մենք ունեցել ենք մեկ դեպք, դա բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեպքն էր, երբ մեզ դիմել էր ոչ պատշաճ սուբյեկտը, բայց հաշվի առնելով մամուլի հրապարակումները՝ վարույթ հարուցեցինք: Չափազանց կարևորում ենք գործընկերությունը լրատվամիջոցների և ակտիվ քաղաքացիների հետ և այդ նպատակով փորձում ենք զարգացնել հանձնաժողովի և հասարակության կարողությունները, որպեսզի ճիշտ հարթության մեջ, ճիշտ ձևաչափով խնդիրները լուծենք:

-Հանձնաժողովը չի՞ մտահոգվում, երբ պաշտոնյան որպես եկամուտ հայտարարագրում է միայն աշխատավարձ՝ տարեկան 2-3 մլն դրամ, սակայն նրա հաշվին առկա դրամական միջոցները մի քանի հարյուր անգամ գերազանցում են ստացված եկամուտները:

-«Հանրային ծառայության մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2012-ին, և հանձնաժողովը հենց այդ պահից պաշտոնը ստանձնելու հայտարարարագիր ներկայացնողների եկամուտների աղբյուրները ուսումնասիրելու իրավունք է ձեռք բերել: Նախկինում ձեռք բերված դրամական միջոցների և դրանց օրինականության առումով ժամանակագրական իրավազորություն հանձնաժողովը չունի: Հանձնաժողովը կարող է քննության առարկա դարձնել 2012թ.-ից հետո ծագած հարաբերությունները: Այս սահմանափակումը միայն ՀՀ խնդիրը չէ, բոլոր երկրներում էլ առկա է: Նրանք, ովքեր ներկայացրել են պաշտոնը ստանձնելու հայտարարագրեր, ամրագրված դրամական միջոցներից հետո ավելացումները շատ վերահսկելի են շարժերի ճանապարհով: Իհարկե, ոչ բոլորն են ներկայացրել ստանձնման հայտարարագրեր, կան անձինք, ովքեր պաշտոնը ստանձնել են, օրինակ, 2010թ. և շարունակում են պաշտոնավարել: Այս անձինք ներկայացնում են միայն տարեկան հայտարարագրեր և ամրագրում են միայն նախորդ տարվա դրամական միջոցները: Այս դեպքում մեծ խնդիր ունենք, քանի որ հենց սկզբից անձի մոտ գոյություն ունեցող ամբողջ դրամական միջոցների վերաբերյալ պատկերացում չունենք: Սրանք ընդհանուր բնույթի խոչընդոտներ են, որը որոշակի շրջանակի պաշտոնյաների դեպքում կարող է կապել հանձնաժողովի ձեռքերը: Ժամանակի ընթացքում այս խնդիրը կդառնա ոչ արդիական: Սերնդափոխություն է տեղի ունենում, գալիս են նոր պաշտոնյաներ, որոնք ներկայացնում են ստանձնման հայտարարագրեր և ամբողջությանբ դառնում են վերահսկելի:

-Կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրենց բիզնեսը գրանցում են այն ազգականի անունով, ով հայտարարագիր ներկայացնող սուբյեկտ չէ: Եթե հայտարարագրի նպատակը վերահսկողությունն է, չե՞ք տեսնում անհրաժեշտություն ընդլայնել հայտարարագիր ներկայացնող սուբյեկտների ցանկը:

-Այստեղ լուրջ խնդիրներ ունենք, և այն օրենսդրական է: Օրենսդրությամբ նախատեսված հայտանիշն էլ համընդհանուր ընդունելություն չունի, որովհետև, օրինակ, չգիտես ինչու` պաշտոնյայի չափահաս և նրա հետ համատեղ ապրող երեխան ներկայացնում է հայտարարագիր, իսկ անչափահաս երեխան՝ ոչ: Այն պարագայում, երբ անչափահաս երեխայի և պաշտոնյա ծնողի կապը շատ ավելի սերտ է, և անչափահաս երեխան ևս կարող է գույք ունենալ: Ստացվում է, որ վերահսկելի ենք դարձնում ընտանիքի որոշ անդամների, սակայն համընդգրկուն սուբյեկտային շրջանակ չունենք, որպեսզի բացթողումներ չունենանք: Հայտարարագիր ներկայացնող մի պաշտոնյա կա, որի վերաբերյալ հանձնաժողովը կարծես թե թերի ինֆորմացիա է ստանում և վերլուծության ժամանակ հարցեր են առաջանում:

Չի բացառվում, որ այն տարբերությունները, որոնք չհիմնավորված հարստացման կասկածներ են առաջ բերում, տեղի ունեցած լինի անչափահասի գույքի հաշվին, որի իրավունքը սահմանափակված չէ: Խնդիրը դուրս ենք բերել և նախատեսում ենք հայտարարագիր ներկայացնող սուբյեկտների շրջանակի ընդլայնում, ավելին՝ խնդիրը հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգի շրջանակում կոմունիկացրել ենք պատասխանատու մարմիններին: Օրինակ` կա պաշտոնյաների մի շրջանակ, որ հայտարարագիր ընդհանրապես չի ներկայացնում: Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը ներկայացնում է հայտարարագիր, բայց նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները՝ ոչ: Ընդունենք, որ լուրջ ազդեցության գոտիներ ունեցող անձինք են, և նրանք ևս պետք է ներկայացնեն, այլ խմբեր ևս կան:

-Դուք հավատու՞մ եք պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրերին, երբ ապրում են շքեղ առանձնատներում, վարում են թանկարժեք ավտոմեքենաներ, մեծահարուստի համբավ ունեն, սակայն հայտարարագրում են միայն աշխատավարձ:

-Վերլուծության մեթոդաբանության մեջ ընտրված են ռիսկեր: Դրանցից մեկը չափազանց թանկարժեք գույքի առկայությունն է, որի պարագայում հատուկ հաշվարկներ պետք է տեղի ունենան ծախսերի առումով, օրինակ՝ եթե ունի օդանավ և ցույց է տալիս, որ սովորական քաղաքացուն բաժին ընկնող միջին աշխատավարձով է ապրում, իհարկե, արժանահավատություն չունի: Նման փաստերի առկայության դեպքում մենք կարող ենք խոսել կասկածի մասին, որ պաշտոնյան թաքցնում է գույք կամ եկամուտ: Ինչ-որ փուլում դա կարող է հանգեցնել աուդիտի: Որոշ երկրներում նույնիսկ պաշտոնյաների կենցաղի դիտարկում է իրականացվում:

-Հանձնաժողովի գործունեության 3 տարիների ընթացքում երբևէ կասկած չառաջացա՞վ, չէ՞ որ հասարակությունը լավ գիտի, թե կոնկրետ պաշտոնյան ինչ ունեցվածք ունի, և դրանք ում անունով են ձևակերպված:

-Հանձնաժողովը հետաքրքրված է, պարզապես այդ հետաքրքրությունը պետք է բավարարի իր իրավասությունների շրջանակներում: Մենք ստանում ենք հայտարարագրեր, որոնք հիմնականում տեղեկություններ են պարունակում անձանց գույքի ու եկամուտների վերաբերյալ, շահերի առնչությամբ սկզբնական փուլում մեծածավալ տեղեկություն հանձնաժողովը չի ստանում: Բայց օրենքով հանձնաժողովի հիմնական խնդիրը շահերի բախման վիճակները դուրս բերելն ու դրանք կանխարգելելն է: Հայտարարագիրն ընդամենը գործիք է, որ մենք մեր հիմնական գործառույթն իրականացնենք: Ֆինանսական բացահայտման մասով ևս գործառույթներ ունենք, քանի որ վերլուծում ենք հայտարարագրերը, բայց հայտարարագրերի վերլուծության արդյունքը, դասական առումով, պետք է լինի ապօրինի կամ չհիմնավորված հարստացման դուրս բերումը: Եթե կասկածն առաջացավ, բայց պաշտոնյան չկարողացավ ապացուցել իր եկամուտների օրինականությունը, ստացվում է, որ նա կատարել է այդ արարքը:

Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացված չէ, վարչական իրավախախտում չէ: Եթե նույնիսկ կասկած կա աղբյուրի օրինականության առումով, սա առավելապես պետք է հետաքրքրի իրավապահ մարմիններին: Բայց սա սահմանափակում է նաև իրավապահ մարմինների համար, քանի որ եթե ապօրինի հարստացումը հանցագործություն չէ, իրենք պետք է կապեն կոռուպցիոն հանցագործության հետ: Շատ դժվար է միայն աղբյուրի վերաբերյալ կասկած ունենալով հիմնավորել, որ անձը կաշառք է վերցրել: Մենք էլ, լինելով պրոֆեսիոնալ կառույց, չենք կարող այնպիսի տվյալներ փոխանցել իրավապահ մարմիններին, եթե առերևույթ չենք տեսնում կապը կոնկրետ հանցագործության հետ: Այս առումով դեպքեր չենք ունեցել:

Մշակել և կառավարությանն ենք ներկայացրել նախագիծ, որով պետք է ապահովվի էթիկայի հանձնաժողովի հասանելիությունը պետական մարմինների կողմից վարվող բազաներին: Ստացվում է, որ մեր համակարգը ավտոմատ կերպով միացվում է կադաստրին, ոստիկանությանը, ՔԿԱԳ մարմիններին և այլն: Իրենց մոտ պահվող տվյալներն ավտոմատ համադրվում են մեր համակարգում, և համակարգը մեզ տալիս է «կարմիր դրոշներ»: Երբ համակարգը տեսավ պաշտոնատար անձի կողմից հայտարարագրված տվյալի և պետական մարմնում պահվող տվյալի անհամապատասխանություն, որպես ահազանգ՝ «կարմիր դրոշ», տեղեկացնում է հանձնաժողովին: Ահազանգը լուրջ է, և դրա հիման վրա մենք կարող ենք վարույթ հարուցել և այլն:

Համաձայն եմ, որ այս պահին տեսանելի արդյունք չկա, բայց անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, որոնք ճիշտ, համակարգված աշխատանքի համար կարևոր են, կատարվել են:

-Չի բացառվում, որ պաշտոնյան հենց սկզբից ամբողջ ծավալով չներկայացնի դրամական միջոցներն ու եկամուտները, իսկ այդ ամենը ստուգող չկա: Այս պարագայում հանձնաժողովը հավատու՞մ է պաշտոնյայի ներկայացրած հայտարարագրին:

-Քանի որ բարեխիղճ պաշտոնյայի խմբի ձևավորման մասին ենք խոսում, ընկած է և պետք է ընկած լինի այդ կանխավարկածը: Մեր օրենսդրությունը չի նախատեսում սխալ կամ կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար պատասխանատվություն: Շատ երկրներ կան, որ նախատեսում են քրեական պատասխանատվություն: Մեզ մոտ նախկինում կար վարչական պատասխանատվություն, այս համակարգը, որը գործում է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար սանկցիաներ չի նախատեսում: Ներկայացվող փաստաթղթի մասին, որ ասացի, նախատեսում է պատասխանատվության միջոցների կիրառում: Դրանք կարող են լինել վարչական կամ քրեական, բայց իմ կարծիքով, քրեական պատասխանատվությունը սկզբունքային չեմ համարում՝ գործնական կիրառության տեսանկյունից: Կան երկրներ, որտեղ պաշտոնյայի թաքցրած եկամուտն ամբողջությամբ բռնագանձվում է հօգուտ պետության: Քանի որ սա հայեցակարգային փաստաթուղթ է, քննարկման փուլերում արդեն պարզ կլինի՝ ուզու՞մ ենք սանկցիաների համակարգ, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպիսի՞:

-Պաշտոնյաների մի մասը գույք կամ դրամական միջոցներ ունեն Հայաստանից դուրս, բայց դրանք չեն հայտարարագրում: Ի՞նչ է անելու հանձնաժողովը, եթե այդ փաստերը հրապարակվեն, կամ ի՞նչ է արվել արդեն հրապարակվածի վերաբերյալ:

-Դրսում գտնվող գույքի հետ կապված մեր ձեռքերը կապված են և ոչ միայն մեր, այլև շատ նմանատիպ կառույցների: Մենք անկեղծորեն զրուցել ենք այդ կառույցների հետ, եթե, օրինակ, Շվեյցարիայում հսկայական կալվածքներ ունի պաշտոնյան և չի հայտարարագրում ու այդ մասին հրապարակվում է, ինչ քայլեր են ձեռնարկում: Իրենք փորձում են համագործակցությունն իրականացնել իրավապահ մարմինների շրջանակներում: Լատվիայի, Լիտվայի դեպքում շատ սերտ համագործակցում են և պարզ նամակագրության կամ հեռախոսազանգի միջոցով կարողանում են այդ տվյալները ճշտել: Մենք նմանատիպ կառույցների հետ համագործակցում ենք, բայց չունենք այն մակարդակը, որ տեղի ունենա տվյալների փոխանակում:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, մենք հասանելիություն չունենք բանկային հաշիվներին վերաբերող տվյալներին: Ունենք այնքանով, որքանով պաշտոնյան հայտարարագրում է և հետագա պարզաբանումների շրջանակում մեզ կարող է տրամադրել տվյալը հիմնավորող հավելյալ տեղեկություններ: Սա էլ այնքանով, որքանով պաշտոնյան բարի կամք կդրսևորի` դիմելու բանկին, ստանալու քաղվածքներ և տրամադրելու մեզ: Եթե ոչ, կասկածը մեզ մոտ կմնա և կփորձենք այլ կերպ սա զարգացնել և հետագա գործողություններ իրականացնել, որքանով մեր իրավակարգավորումները թույլ կտան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter