HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախաքննական մարմինը չի քննարկում Վ. Պերմյակովի խափանման միջոցի ընտրության հարցը

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի անդամների սպանության գործով, ինչպես նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ նյութագիտական, դատակենսաբանական, դատաբժշկական, ինչպես նաև` դատաձգաբանական, դատահետքաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննություն»:

Պերմյակովից հայ քննիչները վերցրել են փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար։ Քննչական խումբը ղեկավարում է ՀԿԳ ավագ քննիչ Գևորգ Աղաբաբյանը:

Ինչո՞ւ խոսք չկա դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակվլու մասին

Այս և սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործին առնչվող այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով «Հետքը» դիմել է ՀՀ քննչական կոմիտե: Հարցրել ենք, թե նշանակվել է արդյոք դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, եթե այո, ապա Հայաստանի՞, թե՞ ՌԴ-ի համապատասխան կլինիկայում այն պետք է անցկացվի: ՀՀ քննչական կոմիտեից մեզ պատասխանել են, որ այդ փորձաքննությունը դեռ չի նշանակվել, «բայց, անկասկած, նշանակվելու է և անցկացվելու է ՀՀ-ում»:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կարևոր է նշանակել ու անցկացնել դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր ստացիոնար փորձաքննություն և ոչ մի դեպքում՝ ամբուլատոր: Ըստ փաստաբանի` նման առանձնապես ծանր հանցագործության պարագայում օբյեկտիվ պատկեր կարող է տալ միայն ստացիոնար փորձաքննությունը, երբ մեղադրյալը մեկ ամիս շարունակ գտնվի հոգեբույժների տեսադաշտում: «Իսկ այն, որ քննչական կոմիտեն իր պատասխանում նշել է, որ այդ փորձաքննությունը արվելու է ՀՀ-ում, ճիշտ ձևակերպում չէ: Պետք է պարզապես նշել, թե ՀՀ առողջապահության նախարարության ո՞ր համապատասխան հիմնարկում է անցկացվելու փորձաքննությունը»,- ասաց փաստաբան Բաղդասարյանը:

Ինչո՞ւ նախաքննական մարմինը չի բարձրաձայնում Վ. Պերմյակովի խափանման միջոցի ընտրության հարցը

Հունվարի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում որոշում է կայացվել ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Այնինչ խափանման միջոցի ընտրության հարց նախաքննական մարմինը չի բարձրաձայնել մինչ օրս: Մեր քննչական կոմիտեի պարզաբանումն այն է, որ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրելու պահին ՌԴ քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նրա նկատմամբ արդեն իսկ ընտրված է եղել խափանման միջոց կալանավորումը, և այդ պարագայում արդեն մեր Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված խափանման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են:

Սակայն փաստաբան Հայկ Ալումյանը նշում է, որ ամեն դեպքում մեր նախաքննական մարմինը պետք է դիմեր դատարան` խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությամբ: «Կան դեպքեր, երբ անձը տարբեր պետություններում մեղադրվում է տարբեր հանցագործությունների կատարման մեջ, և միաժամանակ տարբեր պետությունների դատարանները նրան կալանավորելու վերաբերյալ որոշում են կայացնում»:

Փոխարենը գիտենք, թե ինչպիսի ջանասիրությամբ ու օպերատիվությամբ են ՀՀ նախաքննական մարմինները միջնորդում դատարաններին այս կամ այն հանցանքի մեջ (թեկուզ միջին ծանրության հանցանքի) մեղադրվող անձի նկատմամբ կիրառել հատկապես կալանքը որպես խափանման միջոց: 

Ի՞նչ հիմքով է ռուսական կողմը քրեական գործ հարուցել նաև ՌԴ օրենսգրքի սպանության հատկանիշներով

Մեր քննչական կոմիտեն «Հետքի» հարցին պատասխանելով՝ նշել է, որ նպատակահարմար չի համարում մեկնաբանել ՌԴ քննչական կոմիտեի գործողությունները: Իսկ ՀՀ փաստաբանների պալատի մի քանի անդամներ մեզ հետ զրույցում ասացին, որ սպանության հատկանիշներով քրեական գործ պետք է հարուցեր միայն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, այն պարզ պատճառով, որ սպանությունները կատարվել են մեր պետությունում:

«Դա նույնն է, որ Հայաստանի Քրեական օրեսգրքով մեղադրանք առաջադրվեր Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Ըստ փաստաբան Վահագն Մանուկյանի` ՌԴ-ն պիտի զբաղվեր միայն Պերմյակովի՝ զորամասը ինքնակամ լքելու գործով, ոչ թե նաև սպանության: «ՌԴ-ն իրավունք չուներ սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցել»:

Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի առթիվ հարուցվե՞լ է, արդյոք, քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցմանն իր պատասխան հայտնել են, որ Վ. Պերմյակովի կողմից հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու ուղղությամբ կատարվում է քննությու, և հիմքերի ու առիթների առկայության պայմաններում կկայացվեն քրեական գործ կամ քրեական հետապնդում կայացնելու որոշումներ:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես այդպես էլ չհասկացա, թե ՀՀ իրավապահ մարմինները ի՞նչու չեն ձերբակալում Պերմյակովին: ՀՀ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ՀՀ օրենքը մեկնաբանում են մինչև վերջին տա՛ռը: Ի՞նչու Պերմյակովը ՀՀ իրավասության ներքո չէ: Ի՞նչու չեն կատարում ՀՀ օրենքը: ՀԳ. Ի պատասխան վերևի կոմենտի՝ Պերմյակովին ՀՀ կողմին հանձնելը նախ ազգային արժանապատվությա՛ն հարց է. ռուսները ,փաստորեն, նրան առևանգել ու ապօրինաբար թաքցրել են բազայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter