HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեղուտ» ՓԲԸ-ն գյուղացիներին արգելել է հունձք անել իրենց նախկին խոտհարքներում

Ընկերությունը խախտել է գյուղացիների հետ կնքած պայմանագրային պարտավորությունները

Շնող եւ Թեղուտ համայնքներին նախկինում պատկանող շուրջ 220 հա հողատարածքները դեռ 1,5 տարի առաջ ցանկապատել է «Թեղուտ» ՓԲԸ-ն: Ընկերությունը երկու համայնքներում բնակվող 437 գյուղացիներից յուրաքանչյուրից 5000 մետր խոտհարք է վերցրել եւ հողատերերի հետ կնքած պայմանագրերով պարտավորվել է թույլատրել հնձել ցանկապատված խոտհարքների խոտը: Սակայն ընկերությունն անցնող տարում, որը շատ անբարենպաստ էր խոտի համար, արգելել է հնձել իրենց արդեն նախկին խոտհարքները: Գյուղացիների աչքի առաջ հյութեղ խոտն արեւի տակ խանձվել ու չորացել է, իսկ հիմա՝ ձմռանը, անասունները սովահար են լինում:

Ցանկապատված խոտհարքների հարցը հունվարի 21-ին, ազդակիր համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ, շնողցիները բարձրացրին «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարների առջեւ, սակայն, հազիվ թե այն հանգուցալուծում ստանա, քանի որ ցանկապատված խոտհարքները գտնվում են հենց հանքի պոչամբարին հարող վտանգավոր տարածքում: «Շնողի դաշտերը փակել եք, էն դաշտերը, որը մարդիկ վարել են, ցանել են, հաց են ստեղծել, պտուղ են ստեղծել՝ էսօր փակել եք, չեք թողնում հնձենք: Գերանդիով խոտ հնձելիս, ինձ անձամբ արգելել են: Եթե ասում եք՝ ճառագայթում չկա, կթողնեիք էդ խոտը հնձեմ, անասուն պահեմ: Ես ոչ մի տեղ չեմ աշխատում: Ուսանող եմ պահում: Ինչո՞վ պահեմ»,- հանդիպման ժամանակ «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանին դիմեց շնողցի Դավիթ Չիթչյանը:

Շնողում գյուղացիները նոր են հասկանում իրենց խոտհարքները կորցնելու հետեւանքները: «Գարունքը, եթե սաղ լինեմ, ես մտնուլ տիմ էդտեղ, ես հերու էլ եմ ասել, ով առաջ կգա, ես ոտը կկտրեմ: Ես հմի ասում եմ»,- ասում է Դավիթ Չիթչյանը: «Էդ տարածքումը մանգաղով արտ եմ հնձել, եզան ուսին նստել` վարել, ցանել: Մեր տարածքը Շնողի ու Թեղուտի գյուղապետերը ծախեցին, էդ երկու գյուղապետերը շպիոն դառան ու մեր հողերն ապօրինի կերպով վի կալան ձեզ տվին: Հմի ես իմ կողմից խնդրում եմ, որ Գեղատեղից մինչեւ Կռնգների հանդամասը բացեք, էդ մի տարածքն էլ ա թողուն մեր անասունը ըրածի»,- խնդրեց շնողցի 80-ամյա Սուրեն Օսմանյանը:

«Մեր հանդերն ամբողջությամբ մնում են անհնձել: Ինչի հմա է անհնձել մնում, որովհետեւ մեզանից վիր եք կալել: Ո՛չ դուք եք օգտագործում, ո՛չ մենք: Ես գնացել եմ Կարմիր գեղա ձորումը Նոյեմբերյանցոց հանդից իշով, ձիով խոտ կրել, բերել եմ իմ դագի դռանը դասել, որ կով պհեմ, էդ էլ հերիք չարավ, կովը վեր ընկավ, վի չկացավ: Բա խոտն ի՞նչ ա, որ խոտի ծերա, մեր էս անասունը սատկի: Գիտե՞ս, մենք Շնողում քանի հեկտար ֆող (նկատի ունի՝ հող-խմբ·) ունենք, որ կիրկով ու լպատկով են բաց արել: Մեր ամբողջ վայենին կանգնած ֆողի ծերանա սօր կռիվ ա տալիս, հմի մենք մեր ֆողը բրախել ենք, ըժում եկել հմի տես որդի կանգնել: Ես հմի խնդրում եմ ուղղակի, որ էդ խնդիրը լուծեք»,- պահանջեց տարեց շնողցի Սուրեն Տիրացվյանը:

Սուրենն ասաց, որ անասնապահությամբ աշխատած իր փողով նեցուկ է դառնում թոռներին: «Ես ասում եմ էլի, սովորող թոռն էլ ունեմ, սովորած էլ ունեմ, բանակումն էլ ունեմ, բա ամոթ չի՞, որ ես մի մոզի եմ ծախում 400 կգ կովի խոտի խաթեր, վերջումն էլ կովին դանակի տակն եմ գցել: Իմ ձեռները բանում է, ես գերանդիով կհնձեի: Մեր շրջակայքը փակած է, մենք տեղ չունենք ստեղ, որ մեր անասունը ըրածի»,- ասաց Ս. Տիրացվյանը:

Շնողցիները Գագիկ Արզումանյանից պահանջեցին խոտհնձի օրերին ցանկապատից այն կողմ դուրս եկած խոտը հնձել եւ հանձնել գյուղացիներին: «Ճիշտ եւ տրամաբանական առաջարկ եք անում, մենք անպայման կմտածենք դրա մասին եւ կփորձենք լուծել խնդիրը»,- հանդիպման ժամանակ խոստացավ Գագիկ Արզումանյանը:

«Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության հետեւանքով վերջին տարիներին Շնողում անասնապահությամբ զբաղվելու դժվարությունների մասին «Հետքի» հարցերին պատասխանելով, Շնողի համայնքապետ Հովիկ Սահակյանն (գլխավոր նկարում) ասաց. «Այդ խոտհարքների հիմնական մասը հարակից է հանքի պոչամբարին: Քանի որ պոչամբարը դեռ պոչանքներով լցված չէ, գյուղացիները պահանջեցին, սակայն ընկերությունը թույլ չտվեց խոտը հնձել: Դրա հետեւանքով խոտհարքներում հրդեհավտանգ վիճակ էր ստեղծվել: Բացի այդ, մեկ հակ խոտի գինը գյուղում հասավ 2000 դրամի»:

Համայնքապետ Հովիկ Սահակյանը հայտնեց, որ նախորդ տարում երկու անգամ գրություն է ուղարկել «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրինությանը, որոնք մնացել եմ անպատասխան: Հ· Սահակյանը հայտնեց, որ այս պահին Շնողի համայնքապետարանում 520 գլխուխ խոշոր եղջերավոր եւ 160 գլուխ մանր եղջերավոր անասուն է հաշվառված: Խոտհարքներից եւ արոտավայրերից զրկվելու պատճառով Շնողում անասնագլխաքանակը պակասել է: Համեմատության համար նշենք, որ գյուղը խորհրդային տարիներին 1600 գլուխ խոշոր եղջերավոր եւ մի 1000 գլուխ էլ մանր եղջերավոր անասուն է ունեցել:  

Համայնքապետի ասելով՝ Շնողը հիմա շուրջ 700 հա արոտավայր ունի, որը, կարծես թե, սեզոնին բավարարում է անասունների արոտին: «Այս պահին խոտհարքների խնդիրն է լուրջ, 238 հա խոտհարքներ ունենք, որը չի բավարարում ձմռանը անասնակեր պահեստավորելուն»,- ասաց Հ· Սահակյանը՝ ավելացնելով, որ անցյալ տարի չհնձված խոտհարքներում այս տարի շատ դժվար կլինի խոտ հնձելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter