HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ ներկայացուցիչը պատասխանել է Ադրբեջանի դեսպանին

Հունվարի 29-ին ամերիկյան հեղինակավոր «The New York Times» պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի պատասխանը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի նամակին։ Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ-ն:

Իր նամակում ԼՂՀ ներկայացուցիչը նշում է, որ Ադրբեջանի դեսպանը, թվում է թե,  կոչ է անում ԱՄՆ-ին անտեսել մարդու իրավունքների և ազատությունների դեմ շարունակական արշավն իր երկրում։ Փոխարենը նա առաջարկում է ուշադրությունը սևեռել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վրա, որը մնում է չլուծված Ադրբեջանի ռևանշիստական նկրտումների պատճառով։

«Ըստ երևույթին, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի դեմ արյունալի հարձակումների աճի միջոցով է Ադրբեջանի ղեկավարությունը փորձում և՛ ներքին, և՛ միջազգային ուշադրությունը շեղել իր երկրում  ազատությունների և այլակարծության նկատմամբ ճնշումներից։ Ադրբեջանական ղեկավարությունը պետք է գիտակցի, որ այդպես այն միայն խորացնում է միջազգային հանրության հետ անջրպետը և հետաձգում տարածաշրջանային խնդիրների լուծումը։

Ադրբեջանը պետք է դադարեցնի երկրում առկա թերություններն արդարացնելու նպատակով պատրվակների, այդ թվում՝ ռազմական սադրանքների օգտագործումը։ Ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն ապացուցում է, որ իրական ժողովրդավարությունը հնարավոր է անգամ արտաքին ագրեսիայի մշտական սպառնալիքի պայմաններում»,- ասվում է նամակում։

Ռոբերտ Ավետիսյանը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը և ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը շահագրգռված են տարածաշրջանի բոլոր պետություններում, այդ թվում՝ հարևան Ադրբեջանում խաղաղության, բարեկեցության և ժողովրդավարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter