HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեն՝ Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակման մասին

ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ստացվել է տուժող Արամ Մանուկյանի նկատմամբ  նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ ի լրումն փորձագետի թիվ 2158/հ եզրակացության։

Ըստ փորձագետների՝ Ա. Մանուկյանի ստացած մարմնական վնասվածքները` գլխուղեղի ցնցման, վերին շրթունքի, աջ ակնակապճի վերին և ստորին կոպերի փափուկ հյուսվածքների սալջարդերի և արյունազեղումների ձևերով, պատճառվել են բութ առարկայի/ների/ ներգործության հետևանքով, հնարավոր է նշված ժամանակին և հանգամանքներում, որոնք առողջությանը պատճառել են թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով։

Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ ավելի վաղ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը քրեական գործի շրջանակներում ճանաչվել է որպես տուժող եւ հարցաքննվել։ 

Քննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, եւ նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանությունը դեկտեմբերի 14-ին վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել ՀՀ քաղաքացի Արշակ Սվազյանին:

Նույն օրը վերջինս խոստովանական ցուցմունքներ է տվել, որ 2014 թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, նախապես մուտք է գործել Երևան քաղաքի Սոսեի փողոցի 2/2 շենքի շքամուտք և սպասել շենք մուտք գործող Արամ Մանուկյանին, որից հետո շքամուտքի վերելակի դռների դիմաց մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա դեմքին և դիմել փախուստի: Դեպքի ժամանակ հագին եղել են մուգ կտորից  բաճկոն և տաբատ, կրել է բրդե գործվածքով պատրաստված մուգ մոխրագույն գլխարկ:

Նույն օրը կատարված քննչական փորձարարության ժամանակ Ա. Սվազյանը մատնացույց է արել դեպքի վայրը, հայտնաբերվել և առգրավվել են դեպքի օրը կասկածյալի հագին եղած հագուստները: 

2014 թվականի դեկտեմբերի 19-ին Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Հարցաքննվել են նաև վկաներ, դեպքի վայրի զննության ժամանակ առգրավվել է Երևան քաղաքի Սոսեի փողոցի 2/2 շենքի շքամուտքը նկարահանող տեսախցիկի՝ դեպքի ժամանակահատվածի տեսագրությունը, որով նշանակվել է դատատեսաձայնագրային փորձաքննություն:

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հնչեղությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ  Ա. Սվազյանի բնակության վայրում եւ բնակարանի օժանդակ շինություններում կատարվել է խուզարկություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են բջջային հեռախոսներ, որոնք ենթարկվել են զննության: Առգրավված բջջային հեռախոսների մեջ շահագործվող բջջային հեռախոսահամարների վերծանումներն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որը բավարարվել է և կատարման համար ուղարկվել համապատասխան բջջային օպերատորներին:

Դեպքից հետո Ա. Սվազյանի փախուստի ճանապարհի վրա տեսանկարահանող սարքերի առկայությունը պարզելու ուղղությամբ կատարվել է զննություն, որի ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի Սոսեի փողոցում գտնվող երկու տների վրա տեղադրված են  տեսանկարահանող սարքեր, որոնց զննությամբ հիմնավորվել է, որ դրանք նկարահանում են միայն տների բակը և շքամուտքը: 

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter