HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Պետրոսյանի դատավճռի մասին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում մոտ մեկ տարի տևած դատավարության հանգուցալուծումը լսելու էին եկել բազմաթիվ քաղաքացիներ, Վարդան Պետրոսյանի ընկերները, արվեստագետներ, քաղաքացիներ: Դատավոր Վաղինակ Մկրտչյանն ընթերցեց միայն դատավճռի եզրափակիչ մասը: Դատարանը մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ -Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի գործով՝ դատապարտելով նրան 5 տարվա ազատազրկման: Դատարանը նաև 2 տարով զրկեց Պետրոսյանին մեքենա վարելու իրավունքից: Վաղինակ Մկրտչյանը բավարարեց գյուղնախարարության ներկայացրած 1մլն 200,000 դրամի հայցը, իսկ տուժողների ու նրանց իրավահաջորդների ներկայացրած հայցը թողեց առանց քննության:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողներին հայտնեց, որ չեն բողոքարկելու դատավճիռը Վերաքննիչ դատարանում, փոխարենը՝ տուժող կողմի փաստաբանը նշեց, որ բողոքարկում իրենց կողմից լինելու է:

Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի` բողոքարկումը ընդամենը մեկ նպատակ ունի. «Ամեն ինչ արվում է, որ երկարացնեն Վարդան Պետրոսյանի գտնվելը ազատազրկման վայրում: Բայց ո՞վ է դրանից շահում»: Նա նշեց, որ դատարանն, ըստ էության, անմեղ մարդուն դատապարտելով 5 տարվա ազատազրկման` տվեց իրավիճակային լուծում: Ըստ նրա` «այն որևէ աղերս չունի իրավունքի հետ»:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց տիպի ռեժիմային գոտում, ինչպես նախատեսված է անզգույշ հանցագործությունների պարագայում:

Փաստաբանը հիշեցրեց, որ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում վիճարկվում են քննիչի գործողությունները, կոնկրետ՝ դեպքի վայրի զննության արձանագրությունները: Փետրվարի 3-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կլսվի փաստաբանի բողոքը:

Կարծիքներ դատարանի բակից

Դատավճռի եզրափակիչ մասի հրապարակումից հետո դատարանի բակում շուրջ մեկ տարի դատավարությանը հետևած քաղաքացիները մեկնաբանում էին դատավճիռը:


Ըստ նկարչուհի Զարուհի Մուրադյանի, ով մշտապես ներկա է գտնվել դատական նիստերին, դատավարությունը հասարակության անվստահությունը մեր երկրի արդարադատության նկատմամբ չփարատեց: «Կրկին հանգեցինք նրան, որ Հայաստանում ազատ միտք ունեցող մարդու նկատմամբ հալածանքի միջոց են դատարանները: Վարդանի նման ազնիվ, ազատ մտածող մարդը անհամատեղելի է ռեժիմի հետ: Բայց միևնույնն է՝ Վարդանը նույնիսկ բանտում մեր ազգաբնակչության 90 տոկոսից ազատ է»:

Կինոգետ, հայագետ Արծվի Բախչինյանի կարծիքով` մեղադրական դատավճիռը սպասելի էր. «Արդարացման դատավճռի մասին չէի մտածում նույնիսկ, քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ օրենքը գործում է ընտրովի: Իրական հանցագործը կարող է պատասխանատվություն չկրել, իսկ երբ մարդը դժբախտ պատահարի զոհ է դարձել, բարձրագույն մակարդակով կարող են հաշվեհարդար տեսնել միայն այն պատճառով, որ իրենց մարդը չէ: Ցավոք, մեզ համար այս ամենը օրինաչափ է դառնում՝ հասարակության աչքում խորացնելով արդարադատության հանդեպ անվստահությունը»:

Դերասանուհի Արինե Սուքիասյանը նկատեց, որ դատարանում ոչինչ էլ չապացուցվեց: «Շատ նիստերի եմ մասնակցել: Ճիշտ է, իրավաբանական կրթություն չունեմ, դերասանուհի եմ, բայց անըդհատ դատարանում լսում էի խախտումների մասին, որոնք պետության ներկայացուցիչը վերջում համարեց փոքր բացթողումներ: Ինձ համար այս դատարանը չի կարող արդարադատ դատարան համարել, որը աչք փակեց բազմաթիվ անօրինականությունների: Դատարանը պետք է իր բարձունքում լինի, որ մենք վստահենք արդարադատությանը»:


Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար Տիգրան Հեքեքյանի գնահատականն այն է, որ դատական պրոցեսը շատ ցածր մակարդակի վրա էր: «Ցավում եմ, որ ունենք դատարան, որտեղ հարցեր են առաջադրվում, բայց օրինակ պետական մեղադրողի կողմից համարվում են մանուք: Ընթերական գոյություն չունեցող անձ է, մանրուք է, զննության մեջ խախտումներ կան, մանրուք է, կներեք բայց այդ մանրուքներից է կազմվում պետությունը: Նեղված էի լսում ֆրանսիացի փաստաբանին… այն, որ մեզ մոտ օրենքի առջև հավասար չեն բոոր քաղաքացիները, պետք չէ գան ու մեզ Ֆրանսիայից կամ այլ երկրից ասեն: Դա գիտեն բոլորը: Բայց մենք լավ օրենքներ ունենք, ուղղակի ինչպես ուզում ենք, այնպես էլ կարդում ենք: Նորից եմ ասում՝ սա ողբերգություն է, երեխաներ են մահացել: Ես Վարդանին շատ լավ գիտեմ, մտածում էի, թե ինչպես է այդ բեռը տանելու: Բայց մենք դատում ենք հուզական և ոչ օրենքների դաշտում առանց անմեղության կանխավարկածի»:

ՀՀ վաստակավոր դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի կարծիքով, իր համար պարզ է, թե ինչու Վարդան Պետրոսյանը դատապարտվեց. «Նա ազնիվ մտավորական է՝ ճշմարտությունը մերկացնող: Իսկ մեր օրերում դա վտանգավոր ու հետապնդելի է: Կարծում եմ, այս դժբախտությունը օգտագործվեց: Ես այս ամենի մեջ վրեժ տեսա: Ամեն կերպ դատավարության ընթացքը ապացուցում էր Վարդանի անմեղությունը, բայց մարդուն այսօր մեղավոր ճանաչեցին: Փոխարենը տեսնում ենք, թե ինչպես են ծանրագույն հանցանքներ կոծկվում: Եվ հանկարծ Վարդանն, ով ճշմարտախոս է իր արվեստով, ենթարկվում է քրեական հետապնդման: Մենք ցավում ենք երկու երեխաների համար, բայց Վարդանը այստեղ նույնպես զոհ է»:

Դերասան Աշոտ Մելոյանը նկատեց, որ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանը կարճ ժամանակում մեր արդարադատության համակարգի ճիշտ ախտորաշումը տվեց, որ օրենքի առջև մարդիկ հավասար չեն: «Մենք՝ ինքներս գիտենք, որ իշխանություններին մոտ կանգնած մարդիկ, նրանց երեխաները կարող են հանցանք գործել ու պատասխանատվության չենթարկվել: Բայց այս պարագայում, երբ դժբախտություն է տեղի ունեցել, բոլորովին այլ կերպ քննվեց գործը և անգամ դատարանում չապացուցվեց Վարդան Պետրոսյանին վերագրվող մեղքը: Բոլորս էլ կարող էինք հայտնվել այն իրավիճակում, որում Վարդանն է հայտնվել»:

Հրապարակախոս Կարինե Հակոբյանի կարծիքով, Վարդան Պետրոսյանն իր առողջության ու տառապանքի հաշվին նպաստեց, որ մենք կարողանանք բարելավել մեր արդարադատությունը: «Երբ հայտնի մարդ է լինում դատարանում, հանրային հնչեղություն է ունենում գործը, քաղաքացիները ավելի պարզորոշ են տեսնում արդարադատության վիճակը, ինչը կամաց-կամաց, ես հավատում եմ, որ կբերի մաքրման»: 

Լուսանկարները՝ Մարինա Ավագյանի

Մեկնաբանություններ (5)

Հ.Շ.
«Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց տիպի ռեժիմային գոտում» --- ի՞նչ է նշանակում այս առեղծուածային նախադասութիւնը... --- նաեւ՝ «տուժող կողմի փաստաբանը նշեց, որ բողոքարկում իրենց կողմից լինելու է:» --- վճիռի ո՞րմէկ կէտերի կապակցութեամբ լինելու է այս բողոքարկումը... --- ներեցէք, բայց յստակ չէ այս զեկուցումը --- այդ բոլո՜ր մարդկանց կարծիքները՝ շատ լաւ, սակայն նախ լաւապէս հասկանանք թէ ճիշտ ի՞նչ կատարվեց... հաճեցէք պարզաբանել...
Սիլվա
Նիկոլայ Բաղդասարյանը հմուտ է և արհեստավարժ, և ոչ թե սկզբունքային և արդարության կողմնակից։ Նա տքնում է իրեն լավ վճարողների համար։ Վարդան Պետրոսյանի պարագայում, նրա բախտը բերել է. Վարդան Պետրոսյանի բարի համբավը լավ առիթ է հանրութանը ներկայանալ որպես արդարության ջատագով, քանի որ, իրականում, իր պաշտպանյալի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել, որևէ դիտավորյալ հանցավոր արարք թույլ չի տրվել։
Վահրամ
Նախ, լաւ կ՛ըլլայ իմանալ թէ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ստույգ ո՞ր մասերու հիման վրայ դատապարտուեցաւ հինգ տարուայ բանտարկութեան: Այսինքն, այս մարդուն գործած ոճիրը իրաւական գետնի վրայ Ի՞ՆՉ էր: Murder, manslaughter, negligent death....?
Հ.Շ.
Մի ուրիշ հանճարեղ յայտարարութիւն, նոյն փայլուն պարոնին կողմէ՝«Եթե տուժողները բողոքեցին, ընդունենք, որ Վարդան Պետրոսյանը երկու ամիս էլ ավել [կիսաբանտում] մնաց, մինչեւ ապրիլ: Օգուտը դրանց ինչումն է: Անկեղծ չեմ հասկանում: Երկու ամիս բերդում սահելով դրանից ո՞վ է օգտվելու, մի հատ կարող է մեկը պարզաբանի»: --- Ուրեմն , մի կողմից, բացայայտում է թէ իբրեւ-թէ հինգ տարի - այդ ալ, ցերեկային - բանտարկութիւնը, իրականութեան մէջ, լինելու է տակաւին միայն երկու ամիս: Յետոյ ասում է՝ դե՜հ, տակաւին այդ երկու ամիսի՞ն ել ինչ պէտքը կայ... Այսպիսի «փաստաբանները» ո՞րտեղից են ստանում իրենց վկայագիրները...
Հ.Շ.
Տուեալ պայմանների մէջ, ամէն պարագայի, մահացած երկու երեխաների եւ ցմահ վիրաւուած ջահելի մը ընտանիքին չէր մնար հարկաւոր կամ ի հարկին արտակարգ ճիգեր թափել այս ուղղութեամբ. ի հարկին տեղի տալ, զիչիլ, տեղատւութիւն անել… Իսկ ահա պարզ մի կէտ ՝ ինչպէ՞ս կարելի է արդարացնել որ Պաշտպան կողմը հերքեց ու մերժեց 1Ձ միլիոն դրամի հատուցման հայցը, եւ այդ ել՝ամբողջութեա՛մբ: Դէմ կանգնեցաւ անոր, եւ որպէս արդիւնք՝ օդի մէջ կախուած մնաց այս կենսական նիւթը… (Ի դէպ՝ իրոք փոքր գումար մըն է այդ, նոյնիսկ համեմատաբար՝ջնջին, եթէ բաղդատենք Արեւմտեան երկիրներում նոյնանման օրինական պարագաների հետ…) Իմ գիտցած Վարդանը այդ գումարը տալու էր, անմիջապէս եւ անմրմունջ, առանց ոչ մի վիճաբանութեան… Ուրեմն, ո՞վ է այդ մասին վիճաբանողը. վատահաբար ոչ հատուցման հայցը ներկայացնողները…: Եւ ուրեմն ի՞նչ պատճառով: Կամ աւելի ճիշդ՝ ի՞նչ հաշիւով…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter