HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ Այրումում քննարկում են Ախթալայի կոմբինատին պոչամբարի նոր հողատարածք հատկացնելու հարցը

Երեկ` հունվարի 29-ին, Մեծ Այրում համայնքի ղեկավար Սահակ Նազարյանի աշխատասենյակում հանրային քննարկման էր դրված Մեծ Այրում գյուղի վարչական տարածքից Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին (ԼՀԿ) պոչամբարի նոր հողատարածք հատկացնելու հարցը:

«Որ ասում են պոչամբարը վնաս չի` էս պոչամբարը մեզ շատ վնաս է տալիս: Գյուղը 1200 բնակիչ ունի, 10 մարդ կա ստեղ: Լավ կլինի ամբողջ գյուղով գյուղամեջում հավաքվենք ու էս հարցը քննարկենք, որ վաղը ուրիշ հարցեր չլինեն»,- քննարկման ժամանակ առաջարկեց այրումցի Էռնեստ Ղահրամանյանը: Համայնքապետ Սահակ Նազարյանը նշեց, որ հանրային քննարկումն անց է կացվում Ախթալայի ԼՀԿ-ին նոր պոչամբարի  տարածք հատկացնելու հետ կապված, հետո իրեն ուղղեց, թե քննարկումը լինելու է գյուղատնտեսական հողերի կատեգորիան փոխելու շուրջ:

«Էդ հողերը պետք է դառնան հանքարդյունաբերական նշանակության, 12 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր են, դրանց մեջ մտնում են քարափ, ցաքուտ, չգիտեմ, գյուղատնտեսության համար ոչ նպաստավոր հողեր: Ես իմ խոսքերի համար պատասխանատու եմ»,- ասաց համայնքի ղեկավարը:

Մինչդեռ նույն հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին 2014թ. դեկտեմբերին Մեծ Այրում համայնքի ավագանու քննարկմանը ներկայացված որոշման նախագծում կարդում ենք. «Մեծ Այրում համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 12,1 հա հողամաս, որից 10,6 հա արոտ  ու այլ հողատեսք,  եւ պետական  սեփականություն հանդիսացող ջրային ֆոնդի հողերից 0,1 հա` համաձայն հատակագծերի, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության` Ախթալայի ԼՀԿ-ի նոր պոչամբարի շինարարության եւ պոչամբարի անվտանգության սանիտարական գոտի հիմնելու համար»:

Քննարկման ընթացքում պարզվեց, որ պոչամբարի համար հատկացվող հողերում գյուղացիները նույնիսկ այգիներ են հիմնել: «Դա էդ մարդկանց հողը չէ, թող շնորհակալ լինեն, որ մինչեւ հիմա թողել ենք օգտագործեն»,- ասաց համայնքապետը: Անգամ լրագրողների հորդորից հետո Սահակ Նազարյանն այրումցիներին չներկայացրեց պոչամբարի վտանգները: «Ես մասնագիտությամբ մանկավարժ եմ, չեմ կարող այդ վտանգների մասին խոսել, վտանգներն ուսումնասիրելու նպատակով մասնագետ հրավիրելու համար էլ բյուջեն  միջոցներ չունի»,- պատասխանեց նա:

Քննարկմանը մասնակցող ԼՀԿ-ի գործող պոչամբարի աշխատակից, այրումցի  Կարեն Մանուկյանը հավաքվածներին հանգստացրեց, թե պոչամբարը շատ անվտանգ վայրում է: «Սահակյան, ես էսա երեք տարի է համարյա խվոստումն աշխատում եմ, եթե ասում են, թե խվոստը վտանգ ա, էս երեք տարի ա ամեն օր քայլում եմ էդ խվոստի վրայով, երեք օր աշխատանքի եմ, մի օր` տանը: Չկա իմ առողջությանը վնասող բան, ես շատ առողջ եմ»,- հայտարարեց Կ. Մանուկյանը:

Մեծ Այրումի ավագանին նոր պոչամբարի հողահատկացման որոշումն արդեն կայացրած կլիներ, եթե չլիներ անհապաղ հանրային քննարկում անցկացնելու մասին ավագանու երիտասարդ անդամ Օլեգ Դուլգարյանի պահանջը: «Հայաստանի ամերիկյան համալսարանը եւ մի շարք մասնագետներ եզրակացություն են տվել, որ ամեն դեպքում, հնարավոր է մեր սերունդներն ապահովված չլինեն չարորակ հիվանդություններից: Այսինքն` իմ երեխան, Ձեր երեխան, շատ հնարավոր է, Աստված նրանց պահի, մահանան հենց այդ պատճառով»,- ասաց Օլեգը:

«Էսքան տարի ո՞վ է հիվանդացել, որ հմիկ հիվանդանա»,- նրան ընդհատեց պոչամբարի աշխատակից Կարենը: Օլեգ Դուլգարյանի խոսքերով` այրումցիների եւ իր համար  այնքան էլ հստակ չէ գործող պոչամբարի ճակատագիրը եւ շահագործելուց հետո 2-րդ պոչամբարի անվտանգության երաշխիքները: «Հինգ տարի շահագործվելու է էդ պոչամբարը, մենք պետք է հասկանանք 5 տարվա կտրվածքով ինչ օգուտներ եւ վնասներ է ստանալու համայնքը»,- ասաց նա:

Օլեգը ներկաներին հիշեցրեց, որ արդեն շուկայում գնորդները Մեծ Այրումում արտադրված գյուղատնտեսական մթերքներին զգուշորեն են վերաբերվում: «Երբ այսօր մեր գյուղատնտեսական մթերքը տանում ենք շուկա` բանջարեղենը, միրգը, մարդիկ զգուշանում են, եթե Այրումի, Ճոճկանի, Շնողի մթերք է` չեն գնում:  Վաղը դա մեզ կասեն լուրջ ընկերությունները: Դեբեդի պոչանքաջրերով մենք ոռոգել ենք մեր խաղողի այգիները, արդյոք այդ խաղողը վաղը կընդունե՞ն մեզնից: Կարող է ասեն` Ձեր խաղողը սկի պիտանի չի»,-  զգուշացրեց ավագանու անդամը:

«Որ դուք ասում եք, ուզում են էդ պոչամբարը լիկվիդացնեն ու ներքեւ իջեցնեն, դա լավ բան ա: Համա դե, ոնց որ մեր ջահելն ա ասում, թե վնասատու չի, ա,  դու ի՞նչ ա,  բժիշկ ե՞ս»,- Կարեն Մանուկյանին  դիմեց  այրումցի փախստական Բորիս Բուդաղյանը:  

Քննարկմանը մասնակցում էր նաեւ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտաքին կապերի եւ բնապահպանական բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը, ով   պոչամբարի վնասակար լինելու օրիգինալ օրինակ ներկայացրեց հավաքվածներին: «Բոլորս հասկանում ենք, որ ցանկացած արտադրանք վնասատու է: Մենք մեր տանը, որ խորոված ենք անում, ապա էդ խորովածի ծուխը մեր կողքինին վնաս է տալիս: Հիմա հարց է ծագում, մենք էդ խորովածն անելո՞ւ ենք, թե` չէ»,- ասաց խորովածի արժեքն իմացող ԼՀԿ-ի արտաքին կապերի եւ բնապահպանական բաժնի պետը: Վերջինս «Հետքին» հայտնեց, որ ԼՀԿ-ն նոր պոչամբարի  բնապահպանական փորձաքննության եզրակացություն չունի: Համայնքապետ Սահակ Նազարյանն էլ երկար-բարակ ջուր ծեծելուց հետո առաջարկեց Մեծ Այրումի համար գյուղի բնակչության հետ  սոցիալական փաթեթ մշակել եւ ներկայացնել Ախթալայի ԼՀԿ-ին: Դրանով համայնքապետը եզրափակեց հանրային քննարկումը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter