HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչ դատարանը մերժեց Սերժ Սարգսյանին դատարան հրավիրելու միջնորդությունը

Շանթ Հարությունյանին ու մյուս քաղաքացիներին նախ ազատազրկման վայրից  ուշ հասցրեցին Վերաքննիչ դատարան, ապա Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ իրեն վատ է զգում: Դատարանը շտապ օգնություն հրավիրեց՝ հայտարարելով 40 րոպե ընդմիջում: Պարզվեց` դատապարտյալը մրսածության հետևանքով է իրեն վատ զգում, ասաց, որ կարող է մասնակցել նիստին: 

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Վերաքննիչ դատարան հրավիրվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Փաստաբանը միջնորդությանը կից ներկայացրեց այն տեսաերիզը, որտեղ երկրի նախագահը ԱՄՆ-ում 2014թ. սեպտեմբերի 24-ին (դատավճռից առաջ) հայտարարել էր, թե Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել:

Միջնորդությանը միացավ նաև փաստաբաններից Արա Զաքարյանը՝ հիմնավորելով, որ նախագահը նման դիրքորոշում հայտնելով էապես ազդել է դատարանի դիքորոշման վրա. «Նախագահի այդ հայտարարությունից հետո որևէ դատավոր չէր համարձակվի կայացնել այլ դատարկան ակտ, քան այն, ինչ կայացրեց: Եթե, իրոք, անկախ եք, Նախագահից կախված չեք, իրականացնում եք միայն իրավունքի շահերը, պետք է բավարարեք այս միջնորդությունը»,-ասաց փաստաբան Զաքարյանը:

Սակայն դատարանը մերժեց միջնորդությունը: Հիմնավորումն այն էր, որ նախագահի խոսքը ամբաստանյալներին վերագրված արարքներում նրանց մեղավորությունը չի հաստատում կամ հերքում:

Միջնորդություն փորձեց անել նաև Շանթ Հարությունյանը: Նա միջնորդեց, որ խուլիգանության մեղադրանքը փոխվի, ինքնապաշտպանություն որակեն իրենց արարքը. «Մենք ինքնապաշտպանվել ենք, նաև պայքարել եմ հայրենիքի դավաճանների դեմ, մասնավորապես` Սերժ Սարգսյանի»: Շանթը շարունակում էր կրկնել, որ ՀՀ նախագահը ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալ է եղել:

Դատարանը փորձեց թույլ չտալ Շանթ Հարությունյանին շարունակել իր միջնորդությունը: Իրարանցում սկսվեց:

- Կոռեկտ արտահայտվեք, տպավորություն է ստեղծվում, որ այս դատավարությունը օգտագործում եք հայտարարություններ անելու համար: Հարգանք ունեցեք հանրապետության նախագահի, զինանշանի, դրոշի հանդեպ,- ասաց դատավոր Սևակ Համբարձումյանը:

- Նստե՛ք, մի՛ խանգարեք,-կրկնում էր նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանը:

Այլ ելք չգտնելով՝ նախագահող դատավորը հայտարարեց, որ գործի քննությունն ավարտված է, և դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ:  

- Ես միջնորդություն ունեմ,- տեղից ասում էր ամբաստանյալներից Ալեք Պողոսյանը:

Միջնորդություններ ուներ նաև փաստաբան Արա Զաքարյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ նման նախադեպ իր պրակտիկայում չի ունեցել, երբ դատարանը թույլ չտա միջնորդություններ անել. «Վճռաբեկ բողոքում նշելու եմ, որ պաշտպանական կողմին թույլ չեն տվել միջնորդություններ անել»

Այս գործով վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 2-ին:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը և 13 այլ քաղաքացիներ մեղադրվում են 2013թ. նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ խուլիգանություն կատարելու մեջ: Անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը կայացրել էր 14 մեղադրական դատավճիռ:

15-ամյա Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե ակնկալիք չի ունեցել դատարանից, «բայց դիմեցինք, որ կարողանանք սպառել ներպետական դատական ատյանները ու բաղոք տանենք Եվրոպական դատարան»:

2 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի մայոր Արմեն Հովհաննիսյանի կինը՝ Շողեր Հակոբյանը, նշեց, որ արդարադատության հանդեպ իր ունեցած վստահության տոկոսը զրոյական է. «Ինչպես մեր պաշտպան Արա Զաքարյանն է նշում, դատարանը մեղադրանքները հաստատող նոտարական մարմին է… Ես էլ եմ զինծառայող եղել: Հույս ունեի, որ կվերականգնվեմ ծառայությունում: Գործերս պատրաստ էին, սակայն ամեն բան սառեցվեց: Այս պահին չեմ աշխատում: Արմենի թոշակով ենք ապրում: Չեմ ուզում հավատալ, որ Արմենի քաղաքական հայացքներն են պատճառը, որ ինձ էլ են ցանկանում պատժել՝ աշխատանք չտալով: Իմ կարծիքով, դատական համակարգը մի գործիք է, որով պատժում են ազատ մտածող մարդկանց: Ուղղակի բացեք տղաների կենսագրությունը, նայեք, նրանք իրենց ապրած կյանքով բարձր  արժեքներ են սերմանել: Իսկ հիմա չի գնահատվում արդարը, ազնիվը, պարզապես պիտի իշխանության մարդը լինես, իրենց մարդը լինես կերակրատաշտին մոտ լինես, որ ապրես»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter