HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ է ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը իշխանության «հարազատ զավակը»

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից 

Նախագահը ներում է շնորհել լուռ, առանց «հրավառությունների»

Մամուլի քաղվածքներում, որ պարբերաբար ստանում եմ Ողջերի աշխարհից, կարդացի քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի ներման մասին: Բաձրաստիճան պաշտոնյան ընդամենը ամիսներ առաջ էր դատապարտվել 12 տարվա ազատազրկման մեկ այլ դատապարտյալի միջոցով «Գորիս» ՔԿՀ-ում պատիժը կրող Ջեմալ Սլոյանի սպանությունը պատվիրելու և մի քանի այլ ծանր հանցանքների համար: Փաստորեն, նա Ամանորը դիմավորել է ազատության մեջ, այնինչ դեռ 12 Ամանոր պիտի դիմավորեր բանտում:

10 տարի առաջ

2005 թվական, Ամանոր: Բանտի ռեժիմի գծով աշխատակիցը բացում է խցի դռան դիտանցքը (волчок-ը):

- Մհե՛ր, պատրաստվի՛, դուրս ես գալիս խցից…

- Ո՞ւր,- հարցնում եմ:

Պատասխան չկա:

«Գորիսի» բանտի փախուստից 2 ամիս է անցել: Սողոմոն Քոչարյանին ու ինձ բռնելուց հետո տեղափոխել էին այստեղ՝ «Նուբարաշեն» կլոր գերեզմանոց: Բոլոր պատկան մարմինններին դիմումներ ու նամակներ եմ գրում՝ խնդրելով, պահանջելով քրեական գործիս վերաբացում և արդարության վերականգնում:

Խցից դուրս եմ գալիս, հսկիչներն ուղեկցում են օպերատիվ բաժնի աշխատակցի առանձնասենյակ: Այնտեղ քաղաքացիական հագուստով սպիտակած մազերով մի մարդ է նստած և հիվանդագին, դեղնած դեմքով ՔԿՎ պետ Սամվել Հովհաննիսյանը: Վերջինը մոտեցավ ինձ, բռնեց հագուստիցս, աջ ու ձախ քաշքշելով՝ գոռում է.

- Հերիք էղավ դիմումներ գրես, իրավունքներիցդ գոռաս, օրենքը ե՛ս եմ ու եթե շարունակես, ընտանիքիդ վնաս կտամ:

Հանգիստ դեմքով ոտքերիս վրա ամուր կանգնած եմ մնում: Չկարողանալով ինձ հանել ո՛չ ֆիզիկական, ո՛չ հոգեկան հավասարակշռությունից՝ ուզում է ձեռքով հարվածել: Քաղաքացիական հագուստով անծանոթը բռնում է նրա ձեռքը:

-Պետք չի,-ասում է սպիտակած մազերովը:

Պետը փրփրած, ասես հա՛մ ինձ, հա՛մ էլ գործընկերոջն է ասում:

-Ուրեմն թող խոստանա, որ էլ չի պայքարելու գործի վերաբացման համար:

Երկուսով նայում են ինձ: Վերջապես խոսում եմ:

- Որքանով հասկացա, նման յուրօրինակ ձևով վարչության պետը փորձում էր Նոր Տարին շնորհավորել: Նկատի ունենալով այն, որ սպառնում եք ընտանիքիս վնաս տալ, ցանկանում եք հարվածել ինձ, ասում, որ օրենքը Դուք եք, արդեն կասկածում եմ՝ ՔԿՎ պե՞տ եք, թե՞ պարզապես հանցագործ, ով անհասկանալի ձևով նման պաշտոն է զբաղեցրել:

Սամվել Հովհաննիսյանն առաջ է գալիս, որ հարվածի ինձ, խույս եմ տալիս: Աղմուկի վրա դուռը բացվում է: Սպիտակած գլխով անծանոթն ասում է, որ ինձ խուց տանեն:

10 տարի անց

Անկեղծ ասած, զուտ մարդկայնորեն ուրախ եմ նրա համար: Բայց որքան կարելի է ընտրովի կիրառել ներումը, համաներումները, պայմանական վաղաժամկետ ազատումները: Եթե նախագահամերձ հովանավորներ չունես, հատուկ «ծառայություններ» չես մատուցել նրանց, վե՛րջ, դու կորած ես: Մոռացի՛ր ներումների, համաներումների, պայմանական ազատումների մասին: Քեզ կտրորեն-կանցնեն: Հետևանքը արդարության կարոտ հասարակությունն է, որն այլև ոչնչի չի հավատում: Ապատիկ վիճակ, որտեղ խորթ ու հարազատ զավակներ կան: Հա՛, հա՛, այս պատկերը ինձ հիշեցնում է մանկությանս տարիների հեքիաթները, որտեղ կա ընտանիք՝ պատադիր խորթ հայր կամ մայր և, որպես կանոն, խորթ ու հարազատ երեխաներ: Խորթ երեխաներին անգամ տանում էին անտառ ու կորցնում, հարազատներին՝ քաղցր աչքով նայում:

Ո՞վ կարող է պատասխանել՝ ինչու է ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը իշխանության «հարազատ զավակը»…    

Սողոմոնի ու իմ երկու փախուստների համար մասնակի ներում շնորհելու խնդրանքով դեռ երկու տարի առաջ նույն նախագահ Սերժ Սարգսյանին էին դիմել 33 մտավորական, ակադեմիկոս, հոգևորականներ, հայտնի մարդիկ, բայց նրանք անգամ երկրի նախագահի պատասխանին չէին արժանացել: 

Մեկնաբանություններ (2)

Աստղիկ
Մի խումբ հանցագործներ զավթել են իշխանությունը ու ինչ ուզում անում են, օրը ցերեկով մարդ են սպանում ու չեն պատժվում, իսկ անմեղների գցում են բանտերը։ Ինչքա՞ն է տևելու այս բեսպրեդելը։
ՀԱՅՈՒՀԻ
Անկեղծ ասած, զուտ մարդկայնորեն ուրախ եմ նրա համար: Այ տղա ջան, էս ինչ մեծ հոգի ես դու, այ որդիս, կարդացել եմ ու մի ժամ ուշքի չեմ գալիս, ուրեմն էդ հանցագործը քեզ հետ նման ձև վարվի ու դու ասես, որ ուրախ ես նրա համար որ չի նստել, բա քո նման տղան պիտի բանտում մնա՞, էյ, արդարադատներ հայոց աշխարհի, հերիք էշի ականջում քնած մնաք, հերիք քոռ ու խուլ ձևանաք անիծվեք դուք յոթը պորտով, եթե էս տղային ու մյուս անմեղներին չհանեք շուտով բանտերից։ Գոնե ի հիշատակ 100-ամյա մեր զոհերի նման մի մարդասիրություն արեք, բա ձեզ էլ է մայր աշխարհ բերել, էն էլ հայ մայր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter