HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատամարտիկի զինվորական թոշակի հարցը 9 ամիս է` ձգձգվում է

Ազատամարտիկ Արարատ Կիրակոսյանի Աքորիում գտնվող տունը մեկ սենյակ է` քանդված առաստաղով ու խունացած պատերով:  Սենյակում 4 երկաթե հին  մահճակալ, մեկ սեղան ու փայտի մի վառարան կա, որի մոտ դրված երկու փայտե կոճղերը ընտանիքի համար որպես աթոռ են ծառայում:  Մեր այցելության պահին երկաթե մահճակալներից մեկի վրա նստած էր անդամահատված ոտքով ազատամարտիկը: Երբ տուն մտանք, ճաշի սեղանի մոտ հաշմանդամ հոր շարժասայլակի վրա և աթոռին նստած ճաշում էին դպրոցից վերադարձած նրա 4 երեխաներից երկուսը: Ինձ աթոռ առաջարկելուց հետո նկատեցի, որ աղջիկ երեխան ճաշը շարունակեց ուտել ոտքի վրա: Ընտանիքին  ծառայող միակ  աթոռին էի նստած: «Մինչ արցախյան պատերազմը իրենց հին տան կողքին Արարատը մի  նկուղ  էր կառուցել, որի վրա պետք է տուն կառուցեր: Երբ պատերազմը սկսվեց, նա ամեն ինչ կիսատ թողեց և մեկնեց Արցախ: Տունն այդպես էլ կիսատ մնաց»,- ասաց Արարատի  մարտական ընկեր Ռաֆիկ Ղազինյանը:

Պատերազմից հետո Արարատը ամուսնացել և 4 երեխա է ունեցել: Ընտանիքը կերակրելու համար վարել է իր սեփական տնտեսությունը: «Հողագործությամբ եմ զբաղվել, մի 3000 մետր հող ունեմ, դա եմ մշակել, մի կով, մի ձի, մի մոզի, մի քուռիկ ու մի քանի ոչխար եմ պահել: Հիմա էդ բոլորը էլ չկա, դե պակաս ենք ապրել, վաճառել եմ: Այս պահին դեռ մի 4 ոչխար ունեմ, նոր եմ առել, երեխեքն են պահում»,- ասաց նա:

Արարատը պատերազմին մասնակցել է առաջին օրերից մինչև զինադադարը: «Կռվել եմ Շահումյանի համար մղվող մարտերում, Բուզլուխ գյուղի ճակատամարտում, մասնակցել եմ Մարտակերտի, Ղազանչի գյուղի կռիվներին,  Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղի պաշտպանությանը»,- ասաց  նա: Աքորեցի  Անդրանիկ Պետրոսյանի գլխավորությամբ 1988թ. վերջերին և 89թ. սկզբներին Աքորիում ստեղծվեց առաջին մարտական ջոկատը: Այդ ջոկատի կազմում էր նաև Արարատ Կիրակոսյանը: Նա ջոկատի տղաներից տարիքով  ամենափոքրն էր, այն ժամանակ 22 տարեկան էր: Հայտնի էր որպես որսորդ և  և լավ էր տիրապետում որսորդական զենքին: Հետագայում` Թումանյանի մարտական ջոկատում նրան վստահեցին ականանետը: «Արարատը իրականում զենքի մարդ էր»,- ասաց Ռաֆիկ Ղազինյանը: Արարատը վիրավորվել է 1992թ.  հունիսի 13- ին Շահումյանի Բուզլուխ գյուղի դիրքերում տեղի ունեցած  կատաղի մարտերի ժամանակ: «Մարտի ընթացքում մինչև վիրավորվելը  Արարատը թշնամու BMP-2 տանկ ոչնչացրեց, հակառակորդի մյուս BMP-ն փորձեց մեր դիրքերը շրջանցել, որ ներքևից հարվածի: Նա իջավ ներքև, որ  ներքևից խփի ռազմական մեքենային: Այդ ժամանակ վիրավորվեց դաստակից: Արարատի զարկերակային երակի արյունը չէր դադարում: Իսկ մինչ այդ թշնամին մեր դիրքերի վրա տարբեր կողմերից ուժեղացրեց հարձակումը: Արարատը հայտնվել էր կրակահերթի տակ: Ես նրան հանեցի կրակահերթի տակից»,- պատմեց  է Ռաֆիկ Ղազինյանը:

Վիրավորվելուց հետո Արարատին իրենց ջոկատի 5-6 վիրավորների հետ տեղափոխել են Շահումյանի շրջկենտրոնի հիվանդանոց: «Նրա աջ ոտքին կային մի քանի բեկորային վնասվածքներ: Ուներ նաև այլ վերքեր: Արարատին  այլ վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխեցին  Երևան»,- հիշեց  Ռ. Ղազինյանը: «Արարատ Կիրակոսյանը շատ խիզախ մարդ է, նա  Շահումյանի «Եղնիկներ» պարտիզանական ջոկատում ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի պարտիզանական շարժմանը»,- մարտական ընկերոջ մասին հայտնեց Պռոշյանի մարտական ջոկատի անդամ, ազատամարտիկ Դանիել Գրիգորյանը:

2014թ. ապրիլի 22-ին Արարատի ոտքն անդամահատվել է: Նրան զինվորական թոշակ տրամադրելու խնդիրն արդեն 9 ամիս է` ձգձգվում է: Ազատամարտիկի ընտանիքը գոյատևում է 45 հազար դրամ նպաստով:

«Արարատ Կիրակոսյանի անդամահատված ոտքը պատերազմի հետևանք է: Նա այդ ոտքի համար երկու տարին մեկ ստացիոնար և ամբուլատոր  բուժումներ  է ստացել»,- ասաց Աքորու ամբուլատորիայի տնօրեն, ընտանեկան բժիշկ Աղունիկ Հակոբյանը: Արարատը անձամբ չի կարողանում զբաղվել իր կենսաթոշակի հարցով: Բժշկուհի Աղունիկ Հակոբյանից էլ տեղեկացանք, որ Արարատի թոշակավորման հարցով զբաղվում են նրա մարտական 3 ընկերները` համագյուղացի Հրաչյա Ոսկանյանը, Ռաֆիկ Ղազինյանը և Պռոշյանի մարտական ջոկատի անդամ Դանիել Գրիգորյանը: Վերջիններիս դեռ չի հաջողվել լուծել Արարատի թոշակի խնդիրը: «Գործում պակաս փաստաթղթեր կան»,- ասաց Դանիել Գրիգորյանը:  Ռաֆիկ Ղազինյանն էլ հույս հայտնեց, որ զինվորական թոշակի հարցով Արարատին օգնելու է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:  Արարատ Կիրակոսյանը  ԼՂՀ նախագահի 2008թ. թիվ 54 հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Ունի այլ մեդալներ: ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների  սոցպաշտպանության վարչության N 7224 վկայականով իրավունք ունի օգտվելու մարտական գործողությունների-պատերազմի մասնակցի համար  ՀՀ օրենքով սահմանված արտոնություններից: 

Մեկնաբանություններ (4)

Վեհարի
Եթե իրավունք ունի օգտվելու մարտական գործողությունների-պատերազմի մասնակցի համար ՀՀ օրենքով սահմանված արտոնություններից, էլ ինչ 9 ամիս + ձգձգում ?
Սիմոն Տէտէեան
Ազատամարտիկներու ապահովութեան պարտականութիւնը նոյնպէս Համազգային պէտք է ըլլայ՝ ոչ միայն Պետական. Եւ ասոր համար Ազատամարտիկներու Պաշտպան Միութիւն մը պէտք է Ստեղծուի. Ես կ'ըլլամ առաջին անդամը. Ազատամարտիկները կարելի չէ լքուած տեսնել.
Սիմոն Տէտէեան
Ազատամարտիկներու Միութիւն մը եթէ գոյութիւն չունի պէտք է Ստեղծուի. Այս Միութիւնը կրնայ Ազատամարտիկներու Պաշտպան կամաւոր անդամներ հաւաքել որոնք պատրաստ են տարեկան կամ ամսական կանոնաւոր նպաստ խօստանալ՝ անկարող մնացած ազատամարտիկներու որպէս նպաստ. Այս կարելի է, եւ Ազատամարտիկը հպարտ կ'զգայ իր Հայրենական Ազատագրական Պատերազմին Մասնակցութեան.
zohrab
How I get in touch with this man maybe I help him

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter